Իրանը պատմականորեն եղել է Հայաստանի բարեկամ պետություն, և որևէ ժամանակաշրջանում չի դրսևորել բացահայտ թշնամական վարքագիծ։ Հայաստանը պետք է ցուցաբերի առավելագույն զգուշավորություն և պահպանի իր հեռավորությունը հնարավոր ռազմական բախումներից՝ չներքաշվելով մեծ ուժերի հակամարտության մեջ։
Վիգեն Հովսեփյան
1inTV‑ն զրուցել է ամերիկահայ ազգային հասարակական գործիչ, քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանի հետ։ Զրույից ընթացքում քննարկվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի սպասվող այցը Հայաստան, որը դիտարկվում է որպես երկկողմ հարաբերությունների աննախադեպ խորացման խորհրդանիշ։ Զրույցի առանցքում Հայաստանի և ԱՄՆ‑ի միջև ռազմավարական գործակցությունն է, որն ընդգրկում է կենսական ոլորտներ, մասնավորապես՝ մոդուլյար ատոմակայանների կառուցումը և կիսահաղորդիչների արտադրության ոլորտում տեխնոլոգիական ներգրավվածությունը
Վիգեն Հովսեփյանը նշեց, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեվիդ Վենսի սպասվող այցը տարածաշրջան վերջին տասնամյակներում ամենաբարձր մակարդակի քաղաքական ազդակներից մեկն է՝ վկայելով Միացյալ Նահանգների աճող հետաքրքրության մասին Հարավային Կովկասի, հատկապես Հայաստանի նկատմամբ։ Նրա գնահատմամբ՝ այցը ոչ միայն խորհրդանշական է, այլ նաև ունի հստակ օրակարգային բովանդակություն, որի առանցքում կենսական նշանակության ոլորտներ են։
Քաղաքագիտության դոկտորը դիտարկում է, որ պատահական չէ Ադրբեջանում նկատվող անհանգստությունն ու ներքին քննարկումների ակտիվացումը։ Ըստ նրա՝ Վենսի հայաստանյան օրակարգը ակնհայտորեն ավելի հագեցած է և ռազմավարական, քան Բաքվում սպասվող շփումները։ Հովսեփյանը կարծում է, որ հատկապես փոքր մոդուլային ատոմակայանների թեման Ադրբեջանում դիտվում է որպես լուրջ մտահոգության աղբյուր, քանի որ այդ ծրագրերը կարող են էականորեն բարձրացնել Հայաստանի էներգետիկ և ռազմավարական կարողությունները։Թեև ատոմային նախագծերի ֆինանսավորման և տեխնիկական մանրամասները դեռ ամբողջությամբ հստակ չեն, ակնհայտ է՝ դրանց իրականացումը կփոխի Հայաստանի տեղը տարածաշրջանային հաշվարկներում։ Հովսեփյանի խոսքով՝ սա նաև ռազմաքաղաքական կարևորություն ունեցող գործընթաց է, որը պետք է միայն ողջունել։
Վիգեն Հովսեփյանը նշեց, որ ԱՄՆ‑ի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ այլևս ոչ միայն գաղափարական է, այլ սկսել է ստանալ գործնական և նյութական ձև։ Նրա գնահատմամբ՝ վերջին ամիսների ընթացքում ամերիկյան քաղաքական օրակարգում Հայաստանը դիտարկվում է որպես կայուն գործընկեր, ինչը նոր հնարավորություններ է բացում։
Քաղաքագիտության դոկտորը անդրադարձավ նաև կիսահաղորդիչների ոլորտում հնարավոր հայ-ամերիկյան համաձայնություններին՝ դրանք որակելով որպես պատմական նշանակության քայլ։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները չափազանց զգուշավոր է իր տեխնոլոգիական գիտելիքի տարածման հարցում, և հենց այդ պատճառով Հայաստանի ընդգրկումը այս գլոբալ տեխնոլոգիական գործընթացում ինքնին մեծ վստահության ցուցանիշ է։ Հովսեփյանը կարծում է, որ այդ համաձայնությունը կարող է երկարաժամկետ հեռանկարում էականորեն ուժեղացնել Հայաստանի տնտեսությունը և ռազմաքաղաքական նշանակությունը։
Նա դիտարկում է, որ եթե կիսահաղորդիչների զարգացումը զուգորդվի նաև մոդուլային ատոմակայանների կառուցմամբ, Հայաստանը կհայտնվի բոլորովին այլ մակարդակում, և այս հնարավորությունը բաց թողնելը ռազմավարական սխալ կլինի։
Վիգեն Հովսեփյանը ներքաղաքական դաշտում հնչող քննադատությունները գնահատեց հիմնականում որպես ներքին քաղաքական պայքարի արտահայտություն։ Նրա համոզմամբ՝ եթե նման համաձայնությունները իրականացվեին այլ իշխանության օրոք, նույն շրջանակները դրանք կդիմավորեին դրական վերաբերմունքով։ Նա ընդգծեց, որ ԱՄՆ կողմից առաջարկվող ծրագրերը ծառայում են Հայաստանի պետական շահերին՝ անկախ քաղաքական կոնյունկտուրայից։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Չինաստանի գործոնին, Հովսեփյանը նշեց, որ եթե այդ երկրները հետաքրքրված լինեն ներդրումներով Հայաստանում, դա նույնպես պետք է դիտարկել որպես հնարավորություն։ Նրա կարծիքով՝ մրցակցային հետաքրքրությունը կարող է միայն ուժեղացնել Հայաստանի դիրքերը։
Իրանի շուրջ զարգացումների մասին խոսելիս Վիգեն Հովսեփյանը հիշեցրեց, որ Իրանը պատմականորեն եղել է Հայաստանի բարեկամ պետություն, և որևէ ժամանակաշրջանում չի դրսևորել բացահայտ թշնամական վարքագիծ։ Նա կարծում է, որ Հայաստանը պետք է ցուցաբերի առավելագույն զգուշավորություն և պահպանի իր հեռավորությունը հնարավոր ռազմական բախումներից՝ չներքաշվելով մեծ ուժերի հակամարտության մեջ։
Հովսեփյանը նաև շեշտեց, որ Միացյալ Նահանգները, թեև միշտ զգուշավոր է Հայաստանի և Իրանի հարաբերությունների հարցում, միաժամանակ գիտակցում է Հայաստանի շրջափակված վիճակը և դրա կենսական անհրաժեշտությունները։
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հնարավոր նորմալացմանը՝ Վիգեն Հովսեփյանը նշեց, որ չի բացառվում որոշ հայտարարությունների կամ գործնական քայլերի իրականացում Վենսի այցի շրջանակում կամ դրանից հետո։ Նա ուշադրություն հրավիրեց Վենսի անձնական կենսագրության և կրոնական հայացքների վրա՝ նշելով, որ դրանք կարող են որոշակի ազդեցություն ունենալ նրա քաղաքական ընկալումների վրա։
Քաղաքագիտության դոկտորը չբացառեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունների խորացումը կարող է զուգահեռաբար ազդել նաև հայ-թուրքական գործընթացների վրա՝ թեկուզ փուլային և սահմանափակ ձևով։
Խոսելով Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների մասին՝ Հովսեփյանը նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական հռետորաբանության մեջ նկատվում է որոշակի մեղմացում։ Նրա գնահատմամբ՝ դա չի նշանակում վերջնական վստահություն, սակայն ցույց է տալիս իրավիճակի փոփոխության հնարավոր ուղղությունը։ Նա ընդգծեց, որ խաղաղության գործընթացը երկարատև և փխրուն է, սակայն այլընտրանքը՝ պատերազմը, Հայաստանի համար անընդունելի է։
Վիգեն Հովսեփյանը համոզված է, որ ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում երկարաժամկետ բնույթ է կրելու՝ անկախ այն հանգամանքից, թե ով կլինի Սպիտակ տանը առաջիկա տարիներին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում արդեն բացված է մի նոր էջ՝ ուղղված տարածաշրջանի նկատմամբ ակտիվ քաղաքականությանը, որը կարող է տևել տասնամյակներ։
Ամփոփելով՝ նա նշեց, որ Վաշինգտոնում վերջին այցի ընթացքում ակնհայտ է դարձել մի կարևոր փոփոխություն․ եթե նախկինում հայկական հարցերը հիմնականում Կոնգրեսի ուշադրության կենտրոնում էին, ապա այժմ դրանք տեղափոխվել են նաև գործադիր իշխանության օրակարգ։ Հովսեփյանի գնահատմամբ՝ սա չափազանց դրական զարգացում է Հայաստանի համար։Լոբբիստական աշխատանքը պետք է լինի շարունակական և համակարգված՝ միաժամանակ ուղղված թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր իշխանություններին։ Նրա համոզմամբ՝ եթե այդ աշխատանքը հաջողվի, Հայաստանը կարող է մտնել առավել բարենպաստ և կայուն զարգացման փուլ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
