Սկսած Սայքս-Պիկոյից, Մակմահոնից, Բալֆուրի հռչակագրից, Արևմուտքի կողմից պարտադրված բոլոր մոդելները Մերձավոր Արևելքում ձախողվել են։ Մենք ունեցել ենք շուրջ 92 վարչակարգային փոփոխություն, որոնք չեն աշխատել։ Փորձել ենք ֆեդերալիզմ, կենտրոնացում՝ ոչ մեկը չի գործել։ Խնդիրը ցեղային կառուցվածք ունեցող հասարակություններին արևմտյան մանդատներ պարտադրելն է․ դա երբեք չի աշխատել։
Թոմ Բարաք
Ներկայացնում ենք ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հարցազրույցը Bloomberg‑ի Մերձավոր Արևելքի քաղաքական-տնտեսական նորությունների գլխավոր խմբագիր Փոլ Վալլասին։ Հարցազրույցը խորքային վերլուծություն է Մերձավոր Արևելքի և Թուրքիայի աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, որտեղ ԱՄՆ դեսպանը շեշտում է տարածաշրջանային ինքնորոշման և տնտեսական բարգավաճման առաջնահերթությունը:
Մեր Ուղին
Հարցազրույցը՝
Փոլ Վալլասս–
Պարոն դեսպան Թոմ Բարաք, շնորհակալ ենք մեզ միանալու համար։ Գիտեմ՝ այս շաբաթ Ձեր գրաֆիկը չափազանց հագեցած է․ արդեն եղել եք Դամասկոսում, Մուսկատում, Դուբայում, այժմ՝ Աբու Դաբիում։ Դուք շատ ծանրաբեռնված պաշտոն եք զբաղեցնում։ Կուզենայի սկզբում լայն պատկերից սկսել և խոսել Մերձավոր Արևելքի մասին՝մասնավորապես Լևանտի և Թուրքիայի, որոնք Ձեր պատասխանատվության շրջանակում են։
Հոկտեմբերին, Գազայում ՀԱՄԱՍ‑ի և Իսրայելի միջև զինադադարից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ «Մերձավոր Արևելքը առաջին անգամ վերջին 3000 տարում միավորվել է» և խոսեց «ոսկե դարաշրջանի» մասին։ Ձեր կարծիքը ո՞րն է։ Արդյո՞ք մենք արդեն այնտեղ ենք, թե՞ դեռ շատհեռու ենք, հաշվի առնելով Գազայում շարունակվող գրեթե ամենօրյա մահաբեր հարվածները, Լիբանանի հարավում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։
Թոմ Բարաք –
Սա հիանալի, բայց գրեթե անլուծելի հարց է, որովհետև մենք գործ ունենք աշխարհի ամենաբարդ աշխարհագրական ու քաղաքական տարածքի հետ։ Ես միշտ ասում եմ՝ այս հարցը լուծել չեն կարողացել Աբրահամը, Իսմայիլն ու Իսահակը, Մովսեսը, Հիսուսը, յոթ խաչակրաց արշավները։ Մտածել, թե հնարավոր է դա անել երկու տարվա ընթացքում, իրատեսական չէ։
Վերջին հարյուր տարիներին՝ սկսած Սայքս-Պիկոյից, Մակմահոնից, Բալֆուրի հռչակագրից, Արևմուտքի կողմից պարտադրված բոլոր մոդելները Մերձավոր Արևելքում ձախողվել են։ Մենք ունեցել ենք շուրջ 92 վարչակարգային փոփոխություն, որոնք չեն աշխատել։ Փորձել ենք ֆեդերալիզմ, կենտրոնացում՝ ոչ մեկը չի գործել։ Խնդիրը ցեղային կառուցվածք ունեցող հասարակությանը արևմտյան մանդատներ պարտադրելն է․ դա երբեք չի աշխատել։
Այսօր նախագահ Թրամփի մոտեցումը նոր է․թող տարածաշրջանը ինքն իրեն լինի, դադարեցնենք պարտադրումը և տարածքը լցնենք բարգավաճման հույսով։ Աբրահամյան համաձայնագրերը հենց այդ մասին են։ Նայեք Արաբական Միացյալ Էմիրություններին․ 1968-ին մի քանի տոհմեր հավաքվեցին, ձեռք սեղմեցին ու պայմանավորվեցին՝ պահպանելով տեղական մշակույթն ու ինքնությունը, ստեղծել անվտանգություն և բարեկեցություն։
Զինադադարից հետո պատանդների վերադարձը ինքնին մեծ ձեռքբերում էր։ Հոկտեմբերի 7‑ից հետո Իսրայելի մտածողությունը փոխվեց։ Բենիամին Նեթանյահուն ինձ անձամբ ասել է՝ իր համար առաջնայինը մարդկանց անվտանգությունն է, ոչ թե սահմանների գույնը։ Շարմ էլ Շեյխում արաբ առաջնորդների համախմբումը և 20 կետից բաղկացած գաղափարական ծրագիրը կարևոր քայլ էր։ Դա օրենք չէր, այլ ընդհանուր տեսլական։
Ես հույս ունեմ, բայց սա գործընթաց է, ոչ թե մեկ իրադարձություն։ Տարածաշրջանը պետք է ինքն իրեն լուծի իր խնդիրները։
Թուրքիայի դերը
Փոլ Վալլասս –
Դուք ԱՄՆ դեսպանն եք Թուրքիայում։ Ի՞նչ դեր կարող է ունենալ Թուրքիան Սիրիայի, Լիբանանի և Իսրայելի կայունացման գործում։ Կարո՞ղ է այն լինել տարածաշրջանի առանցքային հենարան։
Թոմ Բարաք –
100 տոկոս կարող է։ ԱՄՆ նախագահ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կա բացառիկ վստահություն։ Եթե նայենք Օսմանյան կայսրության պատմությանը, 550 տարիգոյություն ունեցող համակարգը կարողանում էր միավորել բազմազան ժողովուրդների։
Թուրքիան շրջապատված է ութ բարդ երկրներով, ունի ոչ արաբական աշխարհագրություն, բայց նաև ռազմավարական դիրք՝ Բոսֆոր, չորս ծով, Կենտրոնական Ասիայի հետ կապ։ Թուրքիան ՆԱՏՕ‑ի ամենամեծ դաշնակիցներից է ԱՄՆ-ից հետո, սակայն Եվրոպան դեռ չի ընդունում այն որպես լիարժեք գործընկեր։
Թուրքիան կարևոր դեր ունի նաև Ադրբեջան-Հայաստան գործընթացում։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես հարյուրամյա հակամարտությունը սկսում է հանգուցալուծվել։ Կասպիցից մինչև Միջերկրական ծով բացվող միջանցքը կարող է լուծել տարածաշրջանի էներգետիկ բազմաթիվ խնդիրներ։
Իսրայել-Թուրքիա հարաբերություններ
Փոլ Վալլասս –
Իսրայել-Թուրքիա հարաբերությունները ներկայումս շատ վատ վիճակում են։ Նախագահ Էրդողանի հայտարարությունները, Գազայում տեղի ունեցածը, պաղեստինցիների մահերը՝ ամենը լարվածություն է ստեղծել։ Իրատեսակա՞ն է արդյոք հարաբերությունների բարելավումը մոտ ապագայում։
Թոմ Բարաք –
Կարճ պատասխան՝ այո, հարաբերությունները վատ են։ Սակայն սա մեծ մասամբ քաղաքական հռետորաբանություն է։ Հոկտեմբերի 5‑ին Թուրքիան և Իսրայելը ունեին շուրջ 7 միլիարդ դոլարի առևտրային ավելցուկ, որը բառացիորեն մի օրում անհետացավ։
Երկու կողմն էլ հասկանում են, որ տարածքային ընդլայնումը լուծում չէ։ «Մեծ Իսրայել» գաղափարը չի կարող իրականացվել ուժով։ Վերջում գործելու են տնտեսությունն ու բարեկեցությունը։ Ես վստահ եմ՝ այս լարվածությունը ժամանակի ընթացքում կթուլանա։
Գազա և միջազգային կայունացման ուժեր
Փոլ Վալլասս –
ԱՄՆ նախագահի առաջարկած ծրագրով նախատեսվում է միջազգային կայունացման ուժերի մուտք Գազա։ Ձեր կարծիքով՝ Թուրքիան պե՞տք է մասնակցի այդ ուժերին, և արդյո՞ք Իսրայելը երբևէ կհամաձայնի։
Թոմ Բարաք –
Իմ անձնական կարծիքով՝ այո, դա շատ խելացի քայլ կլիներ։ Թուրքիան հարաբերություններ ունի ՀԱՄԱՍ‑ի հետ և կարող է դեր խաղալ զինաթափման գործընթացում։ Սակայն իրականում վստահության պակաս կա, և ես չեմ կարծում, որ Իսրայելը ներկայում կընդունի դա։
Լիբանան և «Հեզբոլլահ»
Փոլ Վալլասս –
Լիբանանում լարվածությունը կրկին աճում է։ Կա՞ վտանգ, որ պատերազմը կվերսկսվի։
Թոմ Բարաք –
Ցավոք՝ Լիբանանը ձախողված պետություն է։ Համակարգը չի աշխատում, պետական պարտքը ահռելի է, «Հեզբոլլահը» թե՛ ահաբեկչական կազմակերպություն է, թե՛ քաղաքական ուժ՝ վետոյի իրավունքով։ Զինաթափումը ռազմական ճանապարհով հնարավոր չէ։
Միակ լուծումը ուղիղ քաղաքական երկխոսությունն է Իսրայելի հետ։ Այլ ելք չկա։ Ռազմական գործողությունները միայն նոր ծայրահեղականներ են ստեղծում։
Այս տարածաշրջանում վստահությունը կորել է։ Այն պետք է վերակառուցել՝ ինչպես ԱՄԷ‑ն արեց՝ ձեռք սեղմամբ, վստահությամբ, համատեղ շահերով։ Մենք պետք է շարժվենք դեպի ապագա, ոչ թե մնանք ցեղային վեճերի գերին։ Ժամանակն է «հեռախոսային խցիկից անցնել Starlink-երի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
