Եթե ռուսական կողմը պատրաստ չէ կամ ցանկություն չունի իրական ներդրումներ կատարելու, ապա հարց է առաջանում՝ ով կարող է դա անել։ Տարածաշրջանում նման կարողություններ ունեն երկու երկիր՝ Վրաստանն ու Ադրբեջանը։
Արսեն Խառատյան
1inTV‑ն զրուցել է արևելագետ, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» (TRIPP) նախագծի ռազմավարական նշանակությունը, որը դիտարկվում է որպես Հարավային Կովկասում ԱՄՆ‑ի թիվ մեկ առաջնահերթությունը, վերլուծվում է Ռուսաստանի դիմադրությունը տարածաշրջանային ապաշրջափակմանը և հայկական երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման հարցում նրա դրսևորած պասիվությունը:
Արսեն Խառատյանը նշեց, որ TRIPP ծրագիրը գոնե առաջիկա տեսանելի ապագայում Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների թիվ մեկ ռազմավարական առաջնահերթությունն է լինելու։ Նրա գնահատմամբ՝ սա ամենախոշոր նախաձեռնությունն է, որի շուրջ կառուցվում է ԱՄՆ հետագա քաղաքականությունն ու անվտանգային տրամաբանությունը՝ Կասպից տարածաշրջանից, Ադրբեջանով և Հայաստանով դեպի Արևմուտք հաղորդուղիներ ձևավորելու շրջանակում։
Արևելագետը հիշեցրեց, որ դեռևս «TRIPP»-ին վերաբերող առաջին փաստաթղթերից հետո հայ-ռուսական հարաբերություններում սկսվել են բարդ գործընթացներ։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8‑ից հետո առաջին հեռախոսազանգը կատարել է Վլադիմիր Պուտինին, և կարելի է ենթադրել, որ այդ զրույցի ընթացքում Հայաստանն ակնկալել է, որ ռուսական կողմը՝ կոնցեսիոն կառավարման ներքո գտնվող երկաթուղիների միջոցով, ներդրումներ կանի և կմասնակցի գործընթացին։ Խառատյանը նշեց, որ այս հարցը հետագայում քննարկվել է նաև սեպտեմբերին Մոսկվայում, իսկ դեկտեմբերին՝ ԱՊՀ ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ, երբ արդեն բաց տեքստով ասվել է՝ մասնակցելու համար անհրաժեշտ են ներդրումներ։
Արսեն Խառատյանը դիտարկում է, որ ռուսական կողմը հիմա պատրաստակամություն է հայտնում քննարկել ներգրավվածությունը, բայց փորձում է դա կապել «TRIPP»-ին պաշտոնապես միանալու հետ։ Նրա կարծիքով՝ խնդիրը ոչ թե անվանումների, այլ ֆիզիկական ենթակառուցվածքների վերականգնման մեջ է։ Նա ընդգծեց, որ Նախիջևանի ուղղությամբ և Հայաստանի ներսում կան հատվածներ, որոնք այս պահին նույնիսկ տեխնիկապես հնարավոր չէ արագ վերանորոգել՝ համապատասխան ենթակառուցվածքների բացակայության պատճառով։
Կոնֆլիկտաբանը նշեց, որ եթե ռուսական կողմը պատրաստ չէ կամ ցանկություն չունի իրական ներդրումներ կատարելու, ապա հարց է առաջանում՝ ով կարող է դա անել։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում նման կարողություններ ունեն երկու երկիր՝ Վրաստանն ու Ադրբեջանը։ Խառատյանը առանձնահատուկ կարևորեց Վրաստանի գործոնը՝ նշելով, որ վրացական երկաթուղիները ունեն թե՛ տեխնիկական կարողություններ, թե՛ կառավարման փորձ և հանդիսանում են այդ երկրի խոշոր հարկատուներից մեկը։
Արսեն Խառատյանը հիշեցրեց, որ պատմականորեն Հարավային Կովկասում երկաթուղային համակարգի առանցքը ձևավորվել է դեռևս 19-րդ դարի կեսերից, և Վրաստանը ստացել է խիտ ու զարգացած ցանց։ Նրա խոսքով՝ Հայաստանը, ցավոք, այդ կարողությունների պակաս ունի, և պետք է իրատեսորեն ընդունել դա՝ գործընկերներ ներգրավելով։
Խառատյանը կարծում է, որ եթե ռուսական կողմը ցանկանում է մասնակցել ավելի լայն երթուղիներին՝ օրինակ՝ Նախիջևան-Երասխ-Ախուրյան-Գյումրի-
Կարս ուղղությամբ, ապա պետք է կատարի իր կոնցեսիոն պարտավորությունները և վերանորոգի համապատասխան հատվածները։ Նա ընդգծեց, որ թե ով է օգտագործում այդ ճանապարհները, չի որոշվում ռուսական կառավարմամբ, այլ քաղաքական և միջազգային համաձայնություններով։
Արևելագետը շեշտեց, որ Հայաստանի համար ամենակարևոր հարցը ենթակառուցվածքների հնարավորինս արագ գործարկումն է։ Նրա խոսքով՝ նույնիսկ մասնակի վերականգնումները կարող են էապես արագացնել բեռնափոխադրումները՝ օրինակ Ղազախ-Իջևան ուղղությամբ, որտեղ այսօր կան ավերված և սողանքներից վնասված հատվածներ։
Արսեն Խառատյանը նշեց, որ Հայաստանը և ամերիկյան կողմը նույն տրամաբանության մեջ են գործում՝ արագ վերականգնել ճանապարհները, որպեսզի վաղը բեռնափոխադրումների մեկնարկի դեպքում ֆիզիկական հնարավորություններն արդեն պատրաստ լինեն։ Նրա կարծիքով՝ երկրորդական է, թե գործընթացը պաշտոնապես ինչ անվանում կունենա։
Խառատյանը վստահեցրեց, որ եթե ռուսական կողմը վերջնականապես հետաքրքրված չէ, Հայաստանը պետք է նախապես ունենա հաշվարկներ՝ ծախսերի, ժամկետների և աշխատանքների ծավալի վերաբերյալ և այդ հարցը քննարկի այլ գործընկերների հետ։ Նա ամենաարդյունավետ տարբերակ համարեց Վրաստանի ներգրավումը։
Անդրադառնալով Վրաստանի ներքին արձագանքներին՝ Արսեն Խառատյանը նշեց, որ այնտեղ որոշակի դիսկոմֆորտ կա այն մտավախության պատճառով, թե Հայաստան-Ադրբեջան ուղիղ կապը կարող է նվազեցնել Վրաստանի դերակատարությունը։ Սակայն նա ընդգծեց, որ դա չի նշանակում Վրաստանի մեկուսացում, և Հայաստանը նման նպատակ չունի։ Ընդհակառակը, նա նշեց, որ Վրաստանի մեկուսացված վիճակը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի շահերից։
Խառատյանը հատուկ ընդգծեց, որ վրացական քաղաքական գործիչները պետք է զգույշ լինեն ձևակերպումների մեջ՝ օրինակ «Զանգեզուր» բառի օգտագործումը փոխարինելով «Սյունիք» վարչական անվանմամբ, քանի որ դա զգայուն թեմա է Հայաստանի հասարակության համար։
Արևելագետը նշեց, որ արդեն իսկ աշխատանքային և մասնագիտական շփումներ ունի վրացական երկաթուղիների հետ՝ հասկանալու հնարավոր համագործակցության չափերը։ Նրա համոզմամբ՝ վրացական կողմը շահագրգռված կլինի որևէ ձևով ներգրավվել գործընթացին, և դա կարող է լինել լավագույն մուտքը «TRIPP»-ի ավելի լայն տրամաբանության մեջ։
Խառատյանը անդրադարձավ նաև Ադրբեջանի ներսում նկատվող անհանգստություններին՝ կապված հայ-ամերիկյան համագործակցության խորացման հետ։ Նրա խոսքով՝ այդ անհանգստությունները ժամանակի ընթացքում կմեղմանան, քանի որ «TRIPP»-ը դարձել է ամերիկյան քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը տարածաշրջանում, և խոչընդոտողները ընկալվելու են որպես Վաշինգտոնի օրակարգին հակադրվող ուժեր։
Արսեն Խառատյանը նշեց, որ առաջիկայում հնարավոր են ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական որոշ փաստաթղթերի նախաստորագրումներ և ընդգծեց, որ ԱՄՆ‑ն ուղիղ կապել է «TRIPP»-ի իրականացումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության և Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացների հետ։
Ամփոփելով՝ Խառատյանը ընդգծեց, որ Հայաստանը ներգրավվել է մի օրակարգի մեջ, որը չի կարող կախված լինել ներքաղաքական փոփոխություններից կամ մեկ քաղաքական ուժից։ Նրա խոսքով՝ այս ծրագրի դեմ բացահայտ հանդես գալը քաղաքական ինքնասպանության է հավասար, սակայն կասկածներ սերմանելու փորձերը շարունակվելու են այլ ուղիներով։
Նա կարևորեց հասարակության, հատկապես մարզային բնակչության հետ բաց ու ուղիղ աշխատանքը՝ ապատեղեկատվությունը և միֆերը փարատելու համար։ Խառատյանի կարծիքով՝ եթե առաջիկայում լինեն շոշափելի արդյունքներ՝ խաղաղության պայմանագիր, սահմանների բացում, գործընթացների գործնական մեկնարկ, ապա դիմադրությունը զգալիորեն կնվազի։
Վերջում Արսեն Խառատյանը շեշտեց, որ խաղաղությունը տարածաշրջանում կարող է կառուցվել միայն փոխադարձ կախվածությունների և համագործակցության միջոցով, իսկ որևէ կողմի դուրս մղումը երկար ժամկետում նոր ճգնաժամերի հիմք կդառնա։
Հարցազրույցն ամբողջապես՝
