Դաշնակցության Բյուրոյի այս «ինքնազոհությունը» քաղաքական հստակ կողմնորոշու՞մ էր, թե՞՝ իրավիճակային, որի հիմքում կուսակցության ղեկավար անդամների եւ իշխանությունների ու հատկապես Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նրանց երախտագիտությունն էր:
Վահրամ Աթանեսյան
Մաս 15
Բավական համարժեք գնահատելով քիուեսթյան «փաթեթին» աջակցություն հայտնելու դեպքում ունենալիք վարկանիշային կորուստների մեծ հավանականությունը, ՀՅԴ Բյուրոն 2001թ. ապրիլի 16-ին կուսակցության մարմիններին ուղերձ է հղել. «Ի սկզբանե պետք է իմանալ, որ այս անգամ մենք չենք կարող ցուցաբերել «արի, սկզբունքային» կեցվածք վասն պատմության»:
Ի՞նչ է ի նկատի առնված «արի, սկզբունքային կեցվածք» ձեւակերպմամբ: Դաշնակցության ղեկավար մարմինը բնորոշում է կուսակցության ամբողջակա՞ն, թե՞ Հայաստանի վերաանկախացման շրջանի իր դիրքորոշումը:
Տպավորություն է, որ ՀՅԴ Բյուրոն ակնարկում է ԼՂ կարգավորման «փուլային» առաջարկության մերժումը: Բայց Դաշնակցությունը 1997‑ի վերջ, 98‑ի սկիզբ վճռական փուլում Հայաստանի ոչ միայն իշխանական, այլեւ քաղաքական համակարգի նկատմամբ շոշափելի ազդեցություն չուներ: Կուսակցության մի քանի առանցքային դեմքեր «Դրո» գործով դատապարտված էին, տեղական կառույցները՝ զգալիորեն թուլացած:
Այստեղ կարեւոր է նկատի ունենալ, որ ՀՅԴ գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու, կուսակցական գրասենյակները եւ լրատվամիջոցները փակելու մասին հայտնի հրամանագիրը գործել է միայն Հայաստանի տարածքում: Արցախում Դաշնակցության նկատմամբ որեւէ արգելանք չի կիրառվել: Համենայն դեպս, ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրից բխող հրապարակային ակտ չի ընդունել, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների դեմ հետապնդումներ չեն իրականացվել:
Հնարավոր է, որ դա տեղի է ունեցել Հայաստանի նախագահի համաձայնությամբ կամ նույնիսկ առաջարկությամբ: Արցախում Դաշնակցության եւ նրա գրասենյակների գործունեության կասեցումը Սփյուռքում, անկասկած, չէր ընկալվի: Միաժամանակ դա կարող էր արտաքին քաղաքական հետեւանքներ ունենալ: Բայց այդպիսի նրբություններին ՀՅԴ շարքերը, բնականաբար, չէին կարող տիրապետել: Եւ Ստեփանակերտում ՀՅԴ ազատ գործունեությունը պետք է ընկալվեր որպես ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ազգային կուսակցության եւ նրա գաղափարախոսության հանդեպ հարգանքի դրսեւորում:
ՀՅԴ Բյուրոյի «Շրջաբերականը» խոսում է նաեւ «վասն պատմության» քիուեսթյան «փաթեթը» մերժելու վնասակարության մասին: Կարելի է այնպես հասկանալ, որ Դաշնակցությունը «փուլային» առաջարկությունը մերժել է, «որպեսզի պատմության մատյաններում արձանագրվի պարտվողականությանը դիմադիր կանգնելու իր հերոսական կեցվածքը», բայց ընդամենը երեք տարի հետո իր մարմիններին հետեւյալն է իրազեկել. «Մեր կեցվածքների համար գին վճարելով, պետք է գնանք իրականացնելու այն (Արցախի հարցի կարգավորման քիուեսթյան «փաթեթը»)»:
Դաշնակցության Բյուրոյի այս «ինքնազոհությունը» քաղաքական հստակ կողմնորոշու՞մ էր, թե՞՝ իրավիճակային, որի հիմքում կուսակցության ղեկավար անդամների եւ իշխանությունների ու հատկապես Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նրանց երախտագիտությունն էր: Չպետք է հաշվեկշռից դուրս թողնել իրողությունը, որ Հայաստանի նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի կայացրած առաջին սկզբունքային որոշումներից մեկը «իրավիճակի փոփոխության» հիմքով Դաշնակցության դատապարտված անդամներին ազատության շնորհումն էր:
Վահրամ Աթանեսյան
(Շարունակելի)
