Խաղաղության օրակարգն արդեն ունի շոշափելի տնտեսական բաղադրիչներ․ քննարկվում են առևտրատնտեսական համագործակցության ոլորտները, Հայաստանը Ադրբեջանին ներկայացրել է այն ապրանքների և ծառայությունների ցանկը, որոնք կարող է մատակարարել, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել բացել ճանապարհները Գորիս-Մեղրի ուղղությամբ՝ ապահովելով Թուրքիա-Ադրբեջան կապը։
Գեորգի Թումասյան
1inTV‑ն զրուցել է միջազգային հարաբերությունների մասնագետ Գեորգի Թումասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի տնտեսական ապաշրջափակումը, որով Երևանը նվազեցնում է կախվածությունը Վրաստանից և հակադրվում Ռուսաստանի ազդեցությանն ու հիբրիդային սպառնալիքներին։ Անդրադարձ է կատարվում հայ-ադրբեջանական ուղիղ երկխոսությանը և տնտեսական համագործակցությունը, որոնք ամրապնդում են ինքնիշխանությունը և դեպի միջազգային շուկաներ դուրս գալու նոր հնարավորություններ են բացում։
Գեորգի Թումասյանը նշեց, որ ակնհայտ է՝ Հայաստանն ու Ադրբեջանը ակտիվ քայլերով շարժվում են խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման ուղղությամբ։ Նրա գնահատմամբ՝ կա իրական հավանականություն, որ փաստաթուղթը կարող է ստորագրվել մինչև Հայաստանում սպասվող ընտրությունները, թեև հնարավոր է, որ նախընտրական փուլում գործընթացը պարզապես հասնի վերջնական ստորագրման շեմին։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է ծառայել գործող իշխանության հստակ նախընտրական օրակարգին՝ ցույց տալով քաղաքացիներին, թե ինչ ապագա են առաջարկում։ Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը ևս շահագրգռված է այդ ճանապարհի շարունակականությամբ, քանի որ այն ապահովում է երկարաժամկետ կայունություն՝ ներառյալ տարածաշրջանի ապագա 50–100 տարիների հարաբերությունների տրամաբանությունը։ Փորձագետը ընդգծում է, որ Ադրբեջանի դիրքորոշումն այստեղ կապված չէ կոնկրետ քաղաքական ուժերի հետ, այլ այն ճանապարհի, որն ընտրել է Հայաստանը։
Ադրբեջանը փորձում է ցույց տալ խաղաղության գործնական արդյունքները՝ ճանապարհների բացման, մատակարարումների և տնտեսական կապերի միջոցով։ Թումասյանի խոսքով՝ Ադրբեջանը բացել է իր ճանապարհները դեպի Հայաստան, մինչդեռ Հայաստանի տարածքով ադրբեջանական տարանցումը դեռևս չի իրականացվում։ Ըստ նրա՝ սա կարևոր ազդակ է հայ հանրության համար, որպեսզի տեսանելի դառնա խաղաղության օրակարգի իրական բովանդակությունը։
Խոսելով պաշտոնական հաղորդագրության բովանդակության մասին՝ Գեորգի Թումասյանը նշեց, որ այն ամբողջությամբ հաստատում է իր նախկին վերլուծությունները։ Նրա խոսքով՝ խաղաղության օրակարգն արդեն ունի շոշափելի տնտեսական բաղադրիչներ․քննարկվում են առևտրատնտեսական համագործակցության ոլորտները, Հայաստանը Ադրբեջանին ներկայացրել է այն ապրանքների և ծառայությունների ցանկը, որոնք կարող է մատակարարել, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել բացել ճանապարհները Գորիս-Մեղրի ուղղությամբ՝ ապահովելով Թուրքիա-Ադրբեջան կապը։
Փորձագետը կարծում է, որ զուգահեռ քննարկվում են նաև այլ ենթակառուցվածքային նախագծեր, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերագործարկումը Իջևան-Ղազախ հատվածով, ինչպես նաև Գյումրի-Կարս ուղղությամբ Թուրքիայի հետ կապը։ Նրա համոզմամբ՝ մինչև խոշոր ծրագրերի իրականացումը Հայաստանը կարող է և պետք է քայլեր անի երկաթուղային հաղորդակցությունների բացման ուղղությամբ՝ նվազեցնելով Վրաստանից ունեցած բարձր տարանցիկ կախվածությունը։
Թումասյանը ընդգծում է, որ ներկայումս Հայաստանի տնտեսական կախվածությունը Վրաստանից հիմնականում տարանցիկ բնույթի է՝ հասնելով մինչև 50–70 տոկոսի։ Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով դեպի Սև ծով, Եվրոպական միություն, Միջերկրական ծով, Կենտրոնական Ասիա և Չինաստան ելքերի բացումը կարող է էապես փոխել Հայաստանի տնտեսական աշխարհագրությունը։
Քաղաքացիական հասարակության շփումների վերաբերյալ Գեորգի Թումասյանը նշեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը այս ոլորտում ունեն համակարգային տարբերություններ, սակայն դա չպետք է խոչընդոտ դառնա շփումների համար։ Նրա խոսքով՝ Ադրբեջանում քաղաքացիական հասարակությունը հաճախ կապված է իշխանական համակարգի հետ, մինչդեռ Հայաստանում այն առավել անկախ է, սակայն այդ հանգամանքը չի բացառում փոխադարձ շփումները։ Նա նշեց, որ ինքը անձամբ մի քանի անգամ հարցազրույց է տվել Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությանը, և դրանք ներկայացվել են դրական ու հավասարակշռված համատեքստում։ Մեդիա դաշտում փոխադարձ ներկայությունն ու կարծիքների փոխանակումը կարևոր են հանրային ընկալումների փոփոխման համար, քանի որ երկու հասարակություններում էլ տարիներ շարունակ ձևավորվել է թշնամու կերպար։ Նրա դիտարկմամբ՝ վստահությունը պետք է կառուցվի քայլ առ քայլ, սակայն դա որևէ կերպ չի հակասում Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացմանը։
Խոսելով «տրանսպորտային միջանցքի» և ենթակառուցվածքային ծրագրերի շուրջ քննադատություններին՝ Թումասյանը նշեց, որ այդ նախագծերը այլևս չեն հանդիսանում աշխարհաքաղաքական բախման կետ, այլ վերածվում են համաձայնության հարթակի՝ կախված միջազգային դերակատարների մոտեցումներից։ Նա ընդգծեց, որ Եվրամիության «Global Gateway» նախաձեռնության շրջանակում Հայաստանը դիտարկվում է որպես նախընտրելի ուղի դեպի Կենտրոնական Ասիա՝ ի տարբերություն Վրաստանի, որը, նրա գնահատմամբ, հայտնվել է Ռուսաստանի ազդեցության գոտում։
Թումասյանը նշեց, որ ԱՄՆ‑ի և արաբական երկրների շահագրգռվածությունը նույնպես կենտրոնացած է Հայաստանի միջոցով անցնող ճանապարհների վրա, մինչդեռ նախկինում տարածաշրջանային բոլոր նախագծերը շրջանցում էին Հայաստանը։ Նրա խոսքով՝ այսօր Հայաստանը այլևս բախման կենտրոն չէ, քանի որ Ռուսաստանի ազդեցությունը թուլացել է։
Անդրադառնալով ռուսաստանյան գործոնին՝ Գեորգի Թումասյանը հայտարարեց, որ «տրանսպորտային ծրագրերում» Ռուսաստանի ներկայությունը չի դիտարկվում։ Նա կարծում է, որ մինչև Ռուսաստանը չդադարեցնի Հայաստանի դեմ հիբրիդային գործողությունները, հավասար գործընկերության մասին խոսք չի կարող լինել։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ Հայաստանը չունի Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու օրակարգ, սակայն չի ընդունի որևէ փորձ՝ կասկածի տակ դնելու իր ինքնիշխանությունը։
Վերջում փորձագետը ընդգծեց, որ առաջիկա ընտրությունները լինելու են վճռորոշ, քանի որ հայ ժողովուրդը պետք է ընտրի՝ շարունակել խաղաղության և ինտեգրման ճանապարհը, թե վերադառնալ հակամարտային տրամաբանությանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
