Աշխատատեղերի զանգվածային ստեղծման մասին խոսելիս անհրաժեշտ է հաշվի առնել մարդկային ռեսուրսների առկայությունն ու մասնագիտական կարողությունները։ Կասկածելի է, որ առանց խորքային վերլուծության նման ծրագրերը կարող են իրագործելի լինել։
Վահե Հովհաննիսյան
Freenews Armenia‑ն զրուցել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ։ Զրույցում Հովհաննիսյանը մի շարք տեսակետներ է ներկայացնում պետական բյուջեի՝ որպես արժեքների և առաջնահերթությունների քարտեզի վերաբերյալ, որի վերջնանպատակը քաղաքացու կյանքի որակի բարելավումն է։ Նախարարն ընդգծում է ֆիսկալ կայունության կարևորությունը՝ որպես տնտեսական զարգացման հիմնարար միջավայր, միաժամանակ պարզաբանելով հարկային բեռի արդար բաշխման անհրաժեշտությունը խոշոր և փոքր բիզնեսների միջև։ Քննարկման առանցքում են նաև պետական պարտքի կառավարելիությունը, թվայնացման միջոցով համակարգի թափանցիկության բարձրացումը և ընդդիմադիր պոպուլիստական նախագծերի հնարավոր բացասական ազդեցությունը երկրի ֆինանսական դիմակայունության վրա։
Վահե Հովհաննիսյանը նշեց, որ վարչապետի մասնակցությամբ 2025 թվականի գործունեության արդյունքների քննարկումը եղել է կառուցողական և արդյունավետ։ Նրա խոսքով՝ ներկայացվել է նախորդ տարի սահմանված առաջնահերթությունների ուղղությամբ արձանագրված առաջընթացը։ Նախարարը ասաց, որ թվայնացման հետ կապված որոշ խնդիրներ որոշ չափով ձգձգվել են, սակայն հիմնական ցուցանիշների մասով արձանագրվել են խոստումնալից և դրական արդյունքներ։
Ֆինանսների նախարարը կարծում է, որ իր ղեկավարած կառույցը միաժամանակ և՛ տեխնոկրատական, և՛ քաղաքական պատասխանատվություն կրող մարմին է։ Նա ընդգծեց, որ նախարարությունը պարտավոր է ունենալ բարձր մասնագիտական ներուժ՝ ֆիսկալ քաղաքականությունը արդյունավետ իրականացնելու համար, բայց միևնույն ժամանակ՝ որպես կառավարության անդամ, պատասխանատու է նաև քաղաքական առաջնահերթությունների կյանքի կոչման համար։ Նրա դիտարկմամբ՝ նախարարության հիմնական առաքելությունն է նորարարական ֆինանսական համակարգերի ձևավորումը՝ սպասարկելու Հայաստանի բեկումնային զարգացման օրակարգը։
Անդրադառնալով ֆիսկալ կայունությանը՝ Վահե Հովհաննիսյանը նշեց, որ այն ինքնանպատակ չէ, այլ միջավայր է ստեղծում սոցիալական և տնտեսական խնդիրների լուծման համար։ Նրա համոզմամբ՝ առանց ֆիսկալ կայունության պետությունը կարող է բախվել ավելի խոր ճգնաժամերի և ավել ծախսերի՝ առանց իրական արդյունքների։ Նախարարը կարևորեց, որ նույնիսկ տուրբուլենտ միջավայրում Հայաստանը կարողացել է պահպանել կայունությունը և ապահովել տնտեսական աճի համար նպաստավոր պայմաններ։
Սոցիալական արդարության հարցում ֆինանսների նախարարը նշեց, որ նախարարությունն ունի հստակ դերակատարություն՝ որպես հարկային քաղաքականություն իրականացնող մարմին։ Նա ասաց, որ նպատակն է ստեղծել այնպիսի հարկային համակարգ, որը մի կողմից արդարության զգացում կձևավորի քաղաքացիների և տնտեսվարողների մոտ, մյուս կողմից՝ կնպաստի զարգացմանը։ Հովհաննիսյանը ընդգծեց, որ արդարության հասնելը շարունակական գործընթաց է և վերջին հարկային փոփոխությունները միտված են հենց այդ նպատակին։
Նրա խոսքով՝ խնդիր կար, որ խոշոր ընկերությունները հաճախ համեմատաբար ավելի քիչ հարկ էին վճարում՝ օգտվելով փոքրերի համար նախատեսված արտոնություններից։ Նախարարը նշեց, որ իրականացված փոփոխությունների արդյունքում փաստացի փոքր և միջին բիզնեսը չի կրել ավելացված հարկային բեռ, իսկ որոշ ոլորտներում նույնիսկ վճարել է ավելի քիչ։ Միաժամանակ, այդ փոփոխությունները նպաստել են խոշոր բիզնեսի կողմից ավելի մեծ հարկային վճարումների։
Վահե Հովհաննիսյանը ասաց, որ իրականացված քաղաքականության արդյունավետությունը չափվում է նոր ընկերությունների ստեղծման, փակման, ինչպես նաև հարկային համակարգերից անցումների միջոցով։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին այս ցուցանիշները դրական դինամիկա են ցույց տալիս, թեև նա ընդունեց, որ ցանկացած համընդհանուր քաղաքականություն տարբեր ազդեցություն կարող է ունենալ տարբեր խմբերի վրա։
Խոսելով հանրային դժգոհությունների մասին՝ նախարարը նշեց, որ հարկային վարչարարության հիմնական թիրախը խոշոր բիզնեսն է, քանի որ հենց այնտեղ են արձանագրվում խոշոր խախտումները։ Նրա դիտարկմամբ՝ դժգոհությունները հաճախ պայմանավորված են ոչ թե հարկային ճնշմամբ, այլհաշվետվողականության պահանջների խստացմամբ, ինչը կարող է անհարմարություն առաջացնել։
Բյուջեի ձևավորման մասին Վահե Հովհաննիսյանը բացատրեց, որ նախ հաստատվում է հինգ տարվա ֆիսկալ շրջանակը, ապա այդ սահմաններում պետական մարմինները ներկայացնում են իրենց ծրագրերն ու ծախսային հայտերը։ Նրա խոսքով՝ սկզբում սահմանվում են հնարավորությունները, և միայն դրանից հետո՝ պահանջները։
Անդրադառնալով այն ընկալմանը, թե բյուջեն աճում է, բայց կյանքի որակը չի բարելավվում, ֆինանսների նախարարը նշեց, որ բարելավումները հաճախ անմիջապես չեն գիտակցվում։ Նա ընդգծեց, որ կան օբյեկտիվ ինդիկատորներ, որոնք ցույց են տալիս ոչ միայն ընդհանուր բարեկեցության աճը, այլև եկամուտների բաշխման ավելի արդար դարձնելը հասարակության տարբեր շերտերի միջև։
Վահե Հովհաննիսյանը նշեց, որ այդ բաշխումը չափվում է, մասնավորապես, Ջինի գործակցով, և Հայաստանը վերջին տարիներին արձանագրում է դրական առաջընթաց թե՛ տարածաշրջանային, թե՛ ներքին համեմատությամբ։
Պարգևավճարների թեմայով նախարարը ասաց, որ պետական համակարգը պետք է կարողանա մրցունակ վարձատրություն ապահովել՝ որակյալ մասնագետներ ներգրավելու և պահելու համար։ Նա ընդգծեց, որ առաջիկայում շրջանառության մեջ կդրվի օրենքի նախագիծ, որը այս հարցերը կկարգավորի օրենսդրական մակարդակով։
Պետական պարտքի վերաբերյալ Վահե Հովհաննիսյանը վստահեցրեց, որ այն լիովին վերահսկելի և սպասարկելի է։ Նրա խոսքով՝ 2025 թվականի արդյունքներով պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ‑ի նկատմամբ կմնա նախորդ տարվա մակարդակին մոտ և չի գերազանցի 48 տոկոսը։ Նախարարը նշեց, որ առաջիկա տարիներին նպատակ կա աստիճանաբար կրճատել բյուջեի դեֆիցիտը և բարձրացնել ծախսերի արդյունավետությունը։
Նա նաև ասաց, որ հասարակության հետաքրքրվածությունը պետական պարտքի արդյունավետ օգտագործման հարցում միշտ չէ, որ բարձր է, սակայն նախարարությունը պարբերաբար ներկայացնում է հաշվետվություններ և կարևորում է հանրային քննարկումներն ու քննադատությունը։
Ընդդիմադիր ծրագրերին անդրադառնալով՝ ֆինանսների նախարարը նշեց, որ նման առաջարկների դեպքում կարևոր է ոչ միայն «ինչը», այլ «ինչպեսը»։ Նրա խոսքով՝ աշխատատեղերի զանգվածային ստեղծման մասին խոսելիս անհրաժեշտ է հաշվի առնել մարդկային ռեսուրսների առկայությունն ու մասնագիտական կարողությունները։ Նա կասկած հայտնեց, որ առանց խորքային վերլուծության նման ծրագրերը կարող են իրագործելի լինել։
Փոքր բիզնեսին հարկերից ամբողջությամ բազատելու գաղափարի վերաբերյալ Վահե Հովհաննիսյանը նշեց, որ թեև տեսականորեն դա հնարավոր է, գործնականում այն կբերի լուրջռիսկեր, քանի որ խոշոր բիզնեսը կարող է ձևականորեն դառնալ «փոքր» և խուսափել հարկերից։ Նույն տրամաբանությամբ նա քննադատեց նաև որոշ ապրանքների ԱԱՀ-ից ազատման գաղափարները՝ նշելով, որ դրանք կարող են շղթայական խնդիրներ ստեղծել ֆիսկալ կայունության համար։
Ամփոփելով՝ ֆինանսների նախարարը նշեց, որ 2026 թվականի առաջնահերթություններն են բյուջեի դեֆիցիտի կրճատումը, ծախսերի արդյունավետության բարձրացումը, միջազգային գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը, վարկանիշային ցուցանիշների բարելավումը և ֆինանսական համակարգի լայնածավալ թվայնացումը։ Նրա խոսքով՝ այս ամենի վերջնական նպատակը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի և հասանելիության բարձրացումն է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
