Բոլորս ենք հասկանում, որ ամերիկյան զենքերը իհարկե շատ բարձր որակի են, բայց նաև բավականաչափ թանկ, հետևաբար որքանով Հայաստանը կկարողանա խոշոր ծավալով գնումներ կատարել հենց ԱՄՆ-ից, այլ հարց է, բայց ամեն դեպքում սա ցույց տվեց, որ այդ պատուհանն արդեն բաց է:
Բենիամին Պողոսյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը
– Պարո՛ն Պողոսյան, ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան ավարտվեց, ի՞նչ էական արդյունք տվեց այդ այցը Հայաստանին, ի՞նչ կարևոր կետեր կառանձնացնեք ընդհանուր այցից:
– Այցը ցույց տվեց, որ ԱՄՆ‑ն շարունակում է հետաքրքրված լինել Հարավային Կովկասով, շեշտում եմ՝ Հարավային Կովկաս, որովհետև այցը միայն Հայաստան չէր, լինելու է նաև Ադրբեջանում: Սա կարևոր է, որովհետև առայժմ, գոնե 2025‑ի օգոստոսի 8‑ից հետո, ԱՄՆ‑ի ներգրավվածությունը կամ ներկայացվածության շահագրգռվածությունը տարածաշրջանում կայունության գլխավոր գրավականներից մեկն է:
Բոլորս գիտենք, որ 2025‑ի առաջին ամիսներին Ադրբեջանի կողմից կար նոր լայնածավալ հարձակման էական սպառնալիք: Ավարտվել են բանակցությունները այդ երկու-երեք պայմանագրի շուրջ, որը հնարավորություն է տալիս Հայաստանին ձեռք բերել ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներ, որքան ես եմ հասկանում, վերջնական որոշում դեռ չկա, ու տարբեր պետություններ այդ տեխնոլոգիաներին տիրապետում են, ոչ միայն ԱՄՆ‑ն, այլ նաև Ռուսաստանը, Չինաստանը, կարծես Հարավային Կորեան ու Ֆրանսիան ևս քայլեր են ձեռնարկում այդ փոքր մոդուլային ռեակտորների ստեղծման ուղղությամբ: Ամեն դեպքում այս բանակցությունների ավարտը հնարավորություն է տալիս, որ եթե Հայաստանը որոշի, որ ընտրելու է փոքր մոդուլային ռեակտորների կառուցման ամերիկյան տեխնոլոգիաները, ապա արդեն դրա պայմանագրային հիմքը կա: Գիտենք նաև, որ այս ուղղությամբ Ռուսաստանը ևս իր առաջարկները ներկայացրել է ու սպասում է պատասխանի:
Երրորդ՝ մենք տեսանք հետախուզական որոշ դրոնների վաճառքի համաձայնագիր, որը, կարծում եմ, ունի ոչ այնքան զուտ ռազմական նշանակություն, որքան քաղաքական, որովհետև ամեն դեպքում ցույց է տրվում, որ հիմա Հայաստանն ունի ԱՄՆ-ից զենք ձեռք բերելու հնարավորություններ: Բոլորս ենք հասկանում, որ ամերիկյան զենքերը իհարկե շատ բարձր որակի են, բայց նաև բավականաչափ թանկ, հետևաբար որքանով Հայաստանը կկարողանա խոշոր ծավալով գնումներ կատարել հենց ԱՄՆ-ից, այլ հարց է, բայց ամեն դեպքում սա ցույց տվեց, որ այդ պատուհանն արդեն բաց է:
Չորրորդը այդ բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես, արհեստական բանականության հետ կապված համագործակցությունն է, մենք տեսանք, որ ԱՄՆ‑ն համաձայնել է սկսել այդ արհեստական բանականության համագործակցության տվյալների կենտրոնի կառուցման երկրորդ փուլը ու շատ ավելի մեծ քանակությամբ պրոցեսորներ վաճառել Հայաստանին: Ես այս չորս հիմնական ձեռքբերումը կառանձնացնեմ, որը մենք ունենք փոխնախագահի այցից հետո:
– Քննարկման թեմա է դարձել 9 միլիարդ դոլարի «ներդրում» անելու թեման Հայաստանում, մի մասը պնդում է, թե ԱՄՆ փոխնախագահը նման բան չի հայտարարել, ուղղակի Հայաստանի իշխանություններն են մանիպուլացնում նրա խոսքը, մյուս մասը՝ ընդհակառակը: Ձեր դիտարկումը խնդրեմ:
– Ես կարդացել եմ անգլերեն տեքստը. փոխնախագահը նշել է, որ միջուկային տեխնոլոգիաների համաձայնագիրը հնարավորություն կտա ԱՄՆ‑ի համար ունենալ մինչև 5 միլիարդ դոլարի արտահանում, հենց «արտահանում» բառն է օգտագործված, որից հետո ևս 4 միլիարդ՝ արդեն վառելիքի մատակարարման ու, այսպես ասենք՝ ատոմակայանի փոքր մոդուլային ռեակտորների սպասարկման հետ կապված:
Ինքս միջուկային էներգետիկայի մասնագետ չեմ, բայց որքան ես եմ հասկանում, խնդիրն այն է, որ եթե Հայաստանը որոշում է, որ ԱՄՆ‑ն պետք է կառուցի այդ փոքր մոդուլային ռեակտորը Հայաստանում, ապա ատոմակայանի կառուցման բուն արժեքը կարող է լինել 5 միլիարդ դոլար, որից հետո ևս 4 միլիարդ դոլար էլ կարժենա ատոմակայանը միջուկային վառելիքով ապահովելն ու ատոմակայանի սպասարկումն իրականացնելը: Այսինքն՝ ընդհանուր առմամբ այդ նախագծի գինը, եթե Հայաստանը որոշի, որ ամերիկյան ընկերությունը պետք է դա կառուցի, կարող է կազմել մինչև 9 միլիարդ դոլար: Հիմա, թե ո՛վ է տրամադրելու այդ գումարը, գոնե փոխնախագահի հայտարարություններից հստակ չէ:

– Ուղիղ ներդրման մասին խոսք փաստորեն չի՞ եղել:
– Ո՛չ, համենայնդեպս ոչ փոխնախագահի կողմից:
– Ասացիք, որ ԱՄՆ‑ն հետաքրքրված է Հարավային Կովկասով, ինչո՞վ եք պայմանավորում այդ հետաքրքրվածությունը այս փուլում:
– Երկու բաղադրիչ կա՝ և՛ աշխարհաքաղաքական, և՛ աշխարհատնտեսական, թեև դրանք ինչ-որ չափով փոխկապակցված են: Աշխարհաքաղաքական տեսանկյունից դա բնականաբար Հարավային Կովկասի՝ Իրանին սահմանակից լինելն է ու ԱՄՆ‑ի ներկայությունը այստեղ, այն էլ երկարաժամկետ, եթե խոսում ենք ԹՐԻՓՓ‑ի մասին, խոսքը շուրջ մեկդարյա ներկայության մասին է, երկրորդ՝ Հարավային Կովկասը մինչև 1991 թվականը Խորհրդային Միության մաս էր, ու մենք բոլորս գիտենք, որ Ռուսաստանը նախկին Խորհրդային Միության հանրապետությունները համարում է իր օրինական կամ հատուկ շահերի գոտի: Այստեղ ամերիկյան ներկայությունը ինչ-որ տեղ տեղավորվում է նաև Ռուսաստանի հետ ընթացող մրցակցության տրամաբանության մեջ, իհարկե նախագահ Թրամփի օրոք այդ տրամաբանությունը որոշակիորեն փոխվել է, Բայդենի օրոք ԱՄՆ‑ի ու Ռուսաստանի միջև շատ ավելի կոշտ հակամարտություն կար, բայց ամեն դեպքում այդ մրցակցության տրամաբանությունը ինչ-որ չափով դեռևս պահպանվում է:
Իհարկե կա աշխարհատնտեսական բաղադրիչ, դա բոլորիս հայտնի միջին միջանցքն է, այլ ոչ թե Չինաստանը Եվրամիությանը կապող ինչ-որ ճանապարհների ստեղծման, որովհետև ես բացառում եմ, որ ԱՄՆ‑ն շահագրգռված է, որ Չինաստանը ԵՄ‑ի հետ ավելի շատ առևտուր անի: Խոսքն այստեղ վերաբերում է Կենտրոնական Ասիան Թուրքիային ու Եվրոպային կապող հավելյալ միջանցքին: Մեկ միջանցք արդեն մոտ 20 տարի է՝ ինչ գործում է, նկատի ունեմ Կենտրոնական Ասիա, Ադրբեջան, Վրաստան, Սև ծով, Եվրոպա կամ Կենտրոնական Ասիա, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Եվրոպա: Ու հիմա կարծես ամերիկացիները շահագրգռված են ունենալ երկրորդ հավելյալ միջանցքը, այսինքն՝ Կենտրոնական Ասիա, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա:
Այստեղ արդեն աշխարհատնտեսական շահերի մեջ մտնում է այդ թվում նաև ենթադրաբար Կենտրոնական Ասիայի ռեսուրսների օգտագործումը։ Գիտեք, որ բոլորը խոսում են հազվագյուտ մետաղների ու այլնի մասին, որոնք շատ կարևոր են ժամանակակից տնտեսության, համակարգչային տեխնոլոգիաների, միկրոպրոցեսորների արտադրության մեջ: Իհարկե դեռևս շատ հստակ պատասխան չունեցող հարցեր կան, թե ինչքանո՞վ այդ ռեսուրսները կան Կենտրոնական Ասիայում, ինչքանո՞վ է շահավետ դրանք արդյունահանելը ու Ադրբեջանով կամ Հայաստանով Թուրքիա կամ ԵՄ տեղափոխելը, բայց ամեն դեպքում այստեղ նաև աշխարհաքաղաքական բաղադրիչ կա:
Որոշ փորձագետներ խոսում են նաև, որ Սյունիքի մարզում կան ուրանի հանքավայրեր, գուցե ԱՄՆ‑ն որոշակի հետաքրքրություններ ունի նաև հենց Հայաստանի հանքահումքային հանածոներում ինչ-որ ներգրավվածություն ունենալու համար՝ սկսած պոտենցիալ ուրանից, վերջացրած արդեն իրատեսական պղնձի ու մոլիբդենի շատ խոշոր հանքավայրեր կան: Ամեն դեպքում այս երկու բաղադրիչը կա, որը ԱՄՆ-ին բերում է Հարավային Կովկաս՝ կոնկրետ դեպի Հայաստանի հարավային հատված:
– Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցում փոխնախագահի այս այցն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ:
– Գուշակություններով զբաղվել չեմ ցանկանում, բայց որքան ես եմ հասկանում Բաքվի ընկալումներից, կա գերիների երկու խումբ՝ ռազմաքաղաքական ղեկավարություն, որտեղ կա առանձնացված Ռուբեն Վարդանյան ու մնացած 7‑ը, ու մնացյալ գերիները, Ադրբեջանի կողմից հաստատված 19 գերի, որից հանում ենք 8‑ը, մնում է 11: Որքան ես եմ պատկերացնում, Ադրբեջանը դիտարկում է ինչ-որ բանի կամ ինչ-որ կողմի խնդրանքի դիմաց այդ 11 անձին ազատ արձակելու հնարավորությունը, կարող եմ ասել՝ մինչև այս տարվա հունիսի 7‑ի խորհրդարանական ընտրություններ: Բայց ռազմաքաղաքական ղեկավարության խմբի մասով Ադրբեջանն ունի այդ մարդկանց ազատ արձակելու զրո ցանկություն, ու տրամադրվածությունը այնպիսին է, որ այդ մարդիկ դեռ շատ երկար պետք է մնան Բաքվի բանտերում:
Հնարավո՞ր է փոխել Ադրբեջանի դիրքորոշումը այս մասով, մի փոքր բարդ է ասել, բայց ամեն բան կախված է նրանից, թե ո՛վ է պահանջողն ու ի՛նչ է առաջարկում դրա դիմաց, հետևաբար չենք կարող ասել, թե այստեղ կան դժվարություններ, բայց, իմ պատկերացմամբ, Ադրբեջանը դժվար թե հակված է այդ մարդկանց խնդիրը մոտ ապագայում լուծելու:
Աղբյուրը՝ https://medialab.am/312066/
