ԱՄՆ ներկայիս վարչակազմը շարունակում է նախորդ վարչակազմի օրոք ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հայ-ամերիկյան օրակարգը ձեռք է բերել երկկուսակցական աջակցություն, ինչը Հայաստանի համար մրցակցային առավելություն է տարածաշրջանում։
Յուրի Մովսեսյան
1inTV‑ն զրուցել է Ռեստարտ հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանի հետ։ Զրույցի ընթացքում ներկայացվում է հայ-ամերիկյան հարաբերությունների որակական փոփոխությունը՝ շեշտադրելով այն փաստը, որ երկկողմ օրակարգն այժմ վայելում է երկկուսակցական սատարում ԱՄՆ-ում: Քննարկման առանցքում են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցերի գործնական արդյունքները, ներառյալ պաշտպանական ոլորտում անօդաչու թռչող սարքերի ձեռքբերումը և համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ու էներգետիկայի բնագավառներում։
Յուրի Մովսեսյանը, անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան այցին՝ նախ նշեց, որ Ծիծեռնակաբերդ այցելության շուրջ առաջացած սոցիալական աժոտաժը, իր կարծիքով, երկրորդական նշանակություն ունի։ Նա դիտարկում է, որ այսօր Հայաստանի համար առաջնայինը ոչ թե արարողակարգային դրվագներն են, այլ այցի ընթացքում արձանագրված գործնական արդյունքները։
Մովսեսյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության հարցը բարձր մակարդակով արդեն իսկ ճանաչվել է ԱՄՆ նախկին վարչակազմի կողմից, և եթե ընտրության առաջ կանգնելու լինեինք՝ խորհրդանշական այց, թե կոնկրետ քաղաքական արդյունքներ, ապա պետք է նախընտրել վերջինը։ Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ դեսպանատան «պատմական» բնորոշումը պարզապես բառախաղ չէ, քանի որ տարածաշրջանային համեմատության մեջ Հայաստանը ստացել է բավականին շոշափելի ձեռքբերումներ։

Յուրի Մովսեսյանը նշեց, որ Բաքվում Վենսի հայտարարությունները հիմնականում սահմանափակվել են ռազմավարական համագործակցության վերահաստատմամբ, մինչդեռ Հայաստանի պարագայում արձանագրվել են կոնկրետ արդյունքներ։ Նա ընդգծեց հատկապես պաշտպանական ոլորտում համագործակցության խորացումը՝ նշելով, որ անօդաչու թռչող սարքերի ձեռքբերումը բացառիկ նախադեպ է Հայաստանի անկախությունից ի վեր։ Մովսեսյանի համոզմամբ՝ այստեղ կարևորն անգամ քանակը չէ, այլ այն քաղաքական նախադեպը, որը թույլ է տալիս ապագայում զարգացնել ավելի լուրջ ռազմական համագործակցություն, եթե առկա լինի քաղաքական կամք։ Այդ արդյունքները «օդից չեն եկել», այլ պայմանավորված են Հայաստանի վերջին տարիների բալանսավորված և խաղաղությանն ուղղված արտաքին քաղաքականությամբ։ Նրա կարծիքով՝ եթե որևէ իշխանություն հրաժարվի ռազմավարական գործընկերությունից և վերադառնա միակողմանի կախվածության մոդելին, ապա այդ ձեռքբերումները կարող են վտանգվել։
Յուրի Մովսեսյանը կարևորեց նաև այն փաստը, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը շարունակում է նախորդ վարչակազմի օրոք ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նա կարծում է, որ հայ-ամերիկյան օրակարգը ձեռք է բերել երկկուսակցական աջակցություն, ինչը Հայաստանի համար մրցակցային առավելություն է տարածաշրջանում։ Մովսեսյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը չի կարող նույն վստահությամբ պնդել նման երկկուսակցական կայունություն։
Ռեստարտ հիմնադրամի ծրագրերի համակարգողը նշեց, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններն ունեն մի քանի ուղղություն։ Նրա խոսքով՝ «TRIPP»-ը տեղավորվում է տարածաշրջանային ապաշրջափակման գործընթացում և ունի նաև ամերիկյան ռազմավարական շահերի բաղադրիչ՝ մատակարարման շղթաների անվտանգություն և հումքային ռեսուրսների հասանելիություն։ Մովսեսյանը հատուկ ընդգծեց հազվագյուտ մետաղների վերամշակման ոլորտում հնարավոր համագործակցությունը՝ նշելով, որ առանց դրանց անհնար է զարգացնել բարձր տեխնոլոգիաները։
Յուրի Մովսեսյանը կարևոր ուղղություն համարեց նաև էներգետիկ անվտանգությունը։ Նա դիտարկումէ, որ մոդուլային ռեակտորների շուրջ քննարկումները պետք է գնահատել ոչ միայն գնի կամ տեխնիկական որակի տեսանկյունից, այլև կախվածությունների նվազեցման համատեքստում։ Նրա համոզմամբ՝ էներգետիկ կախվածությունը հաճախ վերածվում է քաղաքական լծակի, և Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման համար անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել այդ ոլորտը։
Մովսեսյանը շեշտեց, որ տնտեսական և բարձր տեխնոլոգիական համագործակցությունը կարող է լինել հարաբերությունների ամենակայուն հիմքը։ Նրա կարծիքով՝ նախկինում հայ-ամերիկյան հարաբերությունները հաճախ ներկայացվել են աբստրակտ ձևակերպումներով՝ ժողովրդավարություն, խաղաղություն և այլն, մինչդեռ այժմ դրանք ստանում են նյութական բովանդակություն՝ կիսահաղորդիչներ, արհեստական բանականություն, տեխնոլոգիական ներդրումներ։ Նա կարծում է, որ որքան Հայաստանը ներսից լինի դիմակայուն և զարգացած տնտեսությամբ, այնքան արտաքին քաղաքական որոշումները կլինեն ավելի ազատ և ինքնիշխան։
Անդրադառնալով ռուսական գործոնին՝ Յուրի Մովսեսյանը նշեց, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանը բախվում է ուժային սահմանափակումների։ Նրա դիտարկմամբ՝ Մոսկվան փորձում է տեղեկատվական դաշտում ակտիվացնել ազդեցությունը, և առաջիկայում հատկապես ընտրական գործընթացների համատեքստում կարող են ուժեղանալ «փափուկ ուժի» գործիքները։
Մովսեսյանը կարծում է, որ գազի չթանկացումը պայմանավորված է նաև փոխադարձ կախվածության աճով․ Հայաստանը պատերազմի ընթացքում դարձել է որոշակի տնտեսական հարթակ Ռուսաստանի համար։ Սակայն նա ընդգծեց, որ դա չի նշանակում, թե ապագայում ճնշման գործիքներ չեն կիրառվի։
Յուրի Մովսեսյանի եզրակացությամբ՝ Հայաստանի ռազմավարությունը պետք է լինի հաղորդուղիների բացման և ապաշրջափակման գործընթացների արագացումը, որպեսզի տարածաշրջանային ինտեգրացիան նվազեցնի արտաքին ճնշումների հնարավորությունը։ Նրա համոզմամբ՝ դիվերսիֆիկացված քաղաքականությունը և բազմակողմ գործընկերությունը կարող են ապահովել Հայաստանի երկարաժամկետ ինքնիշխանությունն ու անվտանգությունը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
