Հարկ վճարելը նշանակում է պահել սեփական պետությունը։ Երբ քաղաքացին հարկ է վճարում, նա պահանջի իրավունք է ստանում պետությունից՝ բանակ, առողջապահություն, կրթություն, գիտություն և մշակույթ ունենալու համար։
Ռուբեն Բաբայան
1inTV‑ն զրուցել է ռեժիսոր, հանրային խորհրդի անդամ Ռոբեն Բաբայանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի առջև ծառացած հիմնարար ընտրությունը՝ անկախ պետականության կերտման և գաղութային մտածողության միջև։ Ռուբեն Բաբայանը շեշտում է, որ երկրի փրկության միակ իրական ուղին Սահմանադրության և օրենքի գերակայության անշեղ պահպանումն է, այլ ոչ թե օրենքները կոնկրետ անհատների հարմարեցնելու վտանգավոր փորձերը։ Բաբայանը քննադատում է քաղաքական պոպուլիզմը և «փրկիչների» սպասելու մշակույթը՝ փոխարենն առաջարկելով քաղաքացիական պատասխանատվության վրա հիմնված մոդել, որտեղ հարկերի վճարումն ու իրավական գիտակցությունը պետական սուվերենության հիմքերն են։
Ռուբեն Բաբայանը նշեց, որ որպես Հանրային խորհրդի անդամ պարտավոր է պահպանել քաղաքական չեզոքություն և փորձել հարցերին մոտենալ իրավական հարթությունից։ Նրա խոսքով՝ քննարկվող խնդիրը նախևառաջ իրավական դաշտում է, և վերջնական պատասխանները պետք է տան իրավաբանները։
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների գաղափարին՝ Բաբայանը հիշեցրեց, որ սահմանադրության փոփոխման մեխանիզմ գոյություն ունի, և Ազգային ժողովը կարող է դա անել, եթե ունի համապատասխան մեծամասնություն։ Միաժամանակ նա, օրինակ բերելով, ընդգծեց, որ ձևական լուծումները միշտ չէ, որ բովանդակային պատասխան են տալիս հարցին։Խոսելով «երկիրը փրկելու» գաղափարի մասին՝ Ռուբեն Բաբայանը ասաց, որ ինքն անձամբ երկրի փրկության միայն մեկ ճանապարհ գիտի՝ օրենքների և սահմանադրության պահպանումը։ Նրա գնահատմամբ՝ մնացած մոտեցումները հաճախ ընկնում են դեմագոգիայի և պոպուլիզմի դաշտ։ Նա դիտարկեց, որ պետության ղեկավարն ընտրվում և վարձվում է քաղաքացիների կողմից, և քաղաքացիներն են վճարում նրա աշխատավարձը։ «Ես, Ռուբեն Բաբայանս, և Հայաստանի Հանրապետության մոտ երեք միլիոն քաղաքացիներս ենք այս երկրի տերը»,– ասաց նա՝ ընդգծելով, որ իշխանությունը վարձված կառավարման ինստիտուտ է, ոչ թե սեփականատեր։
Հարկերի թեմային անդրադառնալով՝ Բաբայանը նշեց, որ հարկ վճարելը նշանակում է պահելսեփական պետությունը։ Նրա խոսքով՝ երբ քաղաքացին հարկ է վճարում, նա պահանջի իրավունք է ստանում պետությունից՝ բանակ, առողջապահություն, կրթություն, գիտություն և մշակույթ ունենալու համար։ «Եթե ես չեմ վճարու մհարկ, ապա փաստորեն այդ պետությունը իմը չէ»,–ասաց նա։ Ազատել հարկերից կամ հրապարակայնորեն հայտարարել, թե հարկ վճարելն անիմաստ է, նրա կարծիքով, վտանգավոր ուղերձ է պետականության համար։
Պոպուլիզմի մասին խոսելիս Ռուբեն Բաբայանը հիշեցրեց պատմական օրինակներ՝ նշելով, որ լյումպեն(դասակարգային գիտակցությունից զուրկ)զանգվածներին ուղղված պոպուլիզմը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ։ Նա օրինակ բերեց Հոկտեմբերյան հեղափոխությունը՝ նշելով, որ այն նույնպես պոպուլիստական խոստումների վրա էր կառուցված, սակայն հանգեցրեց զանգվածային բռնությունների և միլիոնավոր զոհերի։ Նրա դիտարկմամբ՝ պետությունը կառուցվում է համակարգային, իրավական հարաբերությունների վրա, ոչ թե հուզական կարգախոսներով։
Քաղաքացի-պետություն հարաբերությունների խզման մասին խոսելիս Բաբայանը նշեց, որ եթե քաղաքացին դադարում է իրեն նույնացնել պետության հետ, առաջանում է վտանգավոր անջրպետ։ Նա ընդգծեց, որ հարկ չվճարելը «բոյկոտ» անվանել չի կարելի․ «Չվճարելը գողություն է»,–ասաց նա՝ տարբերակելով բոյկոտը՝ որպես ծառայությունից հրաժարում, և գողությունը՝ որպես օգտվել առանց վճարելու։
Արտաքին գործոնի մասին խոսելիս Ռուբեն Բաբայանը նշեց, որ այն առկա է և գալիս է հյուսիսից։ Նրա խոսքով՝ այդ երկիրը բազմիցս փորձել է միջամտել այլ երկրների ներքին գործընթացներին և իրեն տեսնում է որպես կայսրություն վերականգնող համակարգ։ Բաբայանը ընդգծեց, որ Հայաստանը մշտապես կանգնեցվել է ընտրության առաջ՝ «կամ Ռուսաստանի, կամ Թուրքիայի» միջև, և այդ երկընտրանքը շարունակվել է ավելի քան երկու դար։ Նրա համոզմամբ՝ նույն սխալների կրկնությունը պայմանավորված է սեփական սխալներից դասեր չքաղելով։
Պետականաշինության օրինակ բերելով՝ նա հիշատակեց, որ Միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծեց երկու պետություն՝ Իսրայել և Պաղեստին։ Բաբայանը նշեց, որ Իսրայելը կարողացավ կառուցել զարգացած պետություն՝ ճիշտ ռազմավարական ընտրություններով, մինչդեռ մյուս կողմում առաջնային դարձավ ոչ թե պետականաշինությունը, այլ հակամարտությունը։ Նա հիշեցրեց նաև Գոլդա Մեիրի խոսքը, որ խաղաղությունը հնարավոր կլինի, երբ սկսեն ավելի շատ սիրել սեփական երեխաներին, քան ատել հակառակորդին։
Պատերազմի թեմային անդրադառնալով՝ Բաբայանը ընդգծեց, որ մարդու կյանքը գերագույն արժեք է։ Նրա խոսքով՝ պատերազմը հանցագործություն է, որովհետև մարդուն օրինական կերպով զրկում է կյանքից։ Նա նշեց, որ զոհերի թվերը «կլորացնելը» անընդունելի է, քանի որ խոսքը յուրաքանչյուր առանձին կյանքի մասին է։ «Հանուն գաղափարի կարելի է միայն ինքնասպան լինել, բայց ոչ ուրիշին ուղարկել մահվան»,– ասաց նա՝ քննադատելով զոհաբերությունը որպես քաղաքական գործիք օգտագործելու մոտեցումը։
Ռուբեն Բաբայանը խոսեց նաև սուվերենության մասին՝ նշելով, որ երբ երկիրը ռազմավարական ենթակառուցվածքներ և սահմանների վերահսկողություն է փոխանցում այլ պետության, ապա հետագայում բարդ է խոսել լիարժեք ինքնիշխանության մասին։ Նրա կարծիքով՝ պետք է հստակ որոշել՝ Հայաստանը պետությո՞ւն է, թե՞ գաղութային մտածողությամբ կառավարվող տարածք։
Ամփոփելով՝ Բաբայանը ընդգծեց, որ երկրի ապագան կախված է հանրության հասունությունից։ «Մենք կունենանք այնպիսի իշխանություն, ինչպիսին ինքներս ենք մեր զարգացման մակարդակով»,– նշեց նա՝ հավելելով, որ առաջադեմ իշխանություն չի կարող ձևավորվել հետամնաց մտածողության պայմաններում։ Նրա համոզմամբ՝ պետությունը մեխանիզմ է, որը գործում է հստակ օրենքներով, և եթե փորձում ենք այն աշխատեցնել թղթե շարժիչով, այն պարզապես չի շարժվի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
