Ռուսական կողմի հայտարարությունները, այդ թվում՝ Հայաստանի մոդուլային ատոմակայանի նախագծի վերաբերյալ, պայմանավորված են ոչ թե անվտանգության իրական մտահոգություններով, այլ տարածաշրջանում մոնոպոլ դիրքի կորստի վախով։
Արթուր Սաքունց
1inTV‑ն զրուցել իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։ Զրույցը կենտրոնանում է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործակցության խորացման և դրա հետևանքով ռուսական ազդեցության թուլացման վրա։ Հաղորդման ընթացքում շեշտվում է, որ արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաների այցերն ու նոր համաձայնությունները փաստացի չեղարկում են նոյեմբերի 9‑ի եռակողմ հայտարարության տրամաբանությունը՝ Հայաստանին հնարավորություն տալով դուրս գալ Մոսկվայի պարտադրած անվտանգային կաղապարներից։
Արթուր Սաքունցն ասաց, որ օգոստոսի 8‑ի համաձայնությունը փաստացի դե ֆակտո ավարտեց նոյեմբերի 9‑ի եռակողմ հայտարարության տրամաբանությունը և նոր հիմք ստեղծեց հետագա գործընթացների համար։ Նրա գնահատմամբ՝ նախկին համակարգը լարվածություն չնվազեցրեց և անվտանգության զգացում չձևավորեց, մինչդեռ նոր պայմանավորվածությունները հնարավորություն են տվել դուրս գալ այդ փակ շրջանակից և փոխել տարածաշրջանային դինամիկան։

Սաքունցը նշեց, որ թեև քննադատական վերաբերմունք ունի Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության նկատմամբ, այնունամենայնիվԱՄՆ‑ը մնում է ժողովրդավարական պետություն՝ իշխանությունների տարանջատման, Կոնգրեսի վերահսկողության, հասարակության և մամուլի գործուն դերակատարությամբ։ Նրա կարծիքով՝ հենց այս համակարգային գործոններն են թույլ տալիս ԱՄՆ-ին հանդես գալ որպես աշխատող մեխանիզմներով գործընկեր։
Նա դիտարկեց, որ օգոստոսի 8‑ի համաձայնությունից հետո տարածաշրջանային գործընթացները դարձել են ավելի կոնկրետ, և ԱՄՆ փոխնախագահի այցը ամրապնդեց այդուղղությունը՝ հայ-ամերիկյան համագործակցությունը դարձնելով ավելի գործնական։ Սաքունցի խոսքով՝ նոյեմբերի 9‑ի հայտարարության պահպանմամբ շահագրգիռ ուժերը՝ հատկապես Ռուսաստանի ազդեցության շրջանակները, մտահոգված են, քանի որ այդ փաստաթուղթը այլևս իրական ազդեցություն չունի։
Ռուսական կողմի հայտարարությունները, այդ թվում՝ Հայաստանի մոդուլային ատոմակայանի նախագծի վերաբերյալ, պայմանավորված են ոչ թե անվտանգության իրական մտահոգություններով, այլ տարածաշրջանում մոնոպոլ դիրքի կորստի վախով։ Նա ընդգծեց, որ նոր տեխնոլոգիական նախագծերը ենթադրում են նոր մասնագետներ, նոր վառելիքային մատակարարումներ և ռազմավարական դիվերսիֆիկացիա, ինչը նվազեցնում է նախկին կախվածությունները։
Սաքունցը նաև նշեց, որ Հայաստանի կառավարությունը պետք է ինստիտուցիոնալ մակարդակում ապահովի հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության և Հայաստան-ԵՄ նոր օրակարգի իրականացումը՝ նյութական, կառուցվածքային և ֆինանսական հիմքերով։ Նրա խոսքով՝ սա կարևոր է նաև ռիսկերի կառավարման տեսանկյունից։ Ռուսաստանի տնտեսական և կառավարման մոդելը չի կարող օրինակ ծառայել տեխնոլոգիական զարգացման կամ արդյունավետ կառավարման հարցում և, ըստ նրա, այդ երկրի ներկայությունը հաճախ ուղղված է քաղաքական վերահսկողության պահպանմանը։ Սաքունցը գտնում է, որ փոխադարձ շահերի տրամաբանությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում հաճախ չի գործում, մինչդեռ այլ գործընկերների դեպքում այդ սկզբունքը տեսանելի է։
Իրավապաշտպանը շեշտեց, որ Հայաստանի ենթակառուցվածքների կառավարման հարցում անհրաժեշտ է հստակ հաշվետվողականություն, այդ թվում՝ աուդիտ ռուսական կառավարման ներքո գտնվող երկաթուղու ներդրումների վերաբերյալ, որպեսզի պարզ լինի ներդրում-արդյունք հարաբերակցությունը։ ԱՄՆ‑ի հետ համագործակցության տնտեսական և անվտանգային բաղադրիչները հստակ են, մինչդեռ Ռուսաստանի մասնակցությունը հաճախ չի ապահովում անվտանգության իրական երաշխիքներ։ Նա հիշեցրեց, որ նույնիսկ նախկին անվտանգային պայմանավորվածությունները չեն կանխել ռազմական էսկալացիաները, և դա պետք է հաշվի առնել քաղաքական որոշումների մեջ։
Նրա համոզմամբ՝ ԱՄՆ փոխնախագահի այցըկարևոր ազդակ էր, որ Հայաստանը դիտարկվում է որպես ռազմավարական գործընկեր, և այդ համագործակցությունն արդեն նպաստել է լարվածության նվազեցմանը։ Սաքունցը կարծում է, որ հենց սա է ցույց տալիս, թե իրական անվտանգության մեխանիզմները որտեղ են ավելի արդյունավետ գործում։
Իրավապաշտպանը նաև նշեց, որ Ռուսաստանի անհանգստությունը պայմանավորված է ոչ միայն ազդեցության նվազումով, այլև այն հանգամանքով, որ տարածաշրջանում իր քաղաքական հենարանները թուլանում են։ Նրա խոսքով՝ այդ մտահոգությունները հաճախ արտահայտվում են սպառնալիքներին մոտ հռետորաբանությամբ, որի նպատակը Հայաստանի քաղաքական կամքի վրա ազդեցություն գործադրելն է։
Սաքունցը հավելեց, որ Ուկրաինայում պատերազմը կարևոր է նաև հետխորհրդային տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի ապագայի համար, քանի որ այն ազդում է ուժերի հավասարակշռության և անվտանգության մոդելների վրա։ Նա գտնում է, որ առաջիկա ընտրությունները որոշիչ նշանակություն ունեն Հայաստանի ինքնիշխան պետականության հետագա ուղղության համար և պետական ինքնիշխանությանը սպառնացող ցանկացած քայլ պետք է իրավական մեխանիզմներով կանխվի։
Վերջում Սաքունցը նշեց, որ Հայաստանի շահերով առաջնորդվելու քաղաքականությունը բնականորեն կարող է դժգոհություն առաջացնել որոշ արտաքին դերակատարների մոտ, սակայն, ըստ նրա, պետությունը պետք է շարունակի առաջնորդվել սեփական շահերով՝ անկախ այդ արձագանքներից։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
