Երկաթուղու կառավարումը ինքնին ինքնիշխանության խնդիր չէ, եթե սեփականության իրավունքը մնում է պետությանը։ Խնդիրն այն է, որ գործող կառավարումը կոմերցիոն առումով արդյունավետ չի եղել, և երկաթուղին դարձել է տարածաշրջանի ամենահետամնացներից մեկը։
Ռուբեն Մեհրաբյան
Լրագրող Նարեկ Կիրակոսյանը զրուցել է «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման և ռուսական ազդեցությունից ձերբազատվելու հրատապ անհրաժեշտությունը՝ անդրադառնալով երկաթուղային ցանցի կառավարումը օտարերկրյա այլ գործընկերներին փոխանցելու կառավարության մտադրությանը։ Զրույցի ընթացքում շոշափվում են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ ստեղծված լարվածությունն ու եկեղեցական արժեքների պաշտպանությունը, ինչպես նաև ներքաղաքական պայքարում ռուսաստանցի գործարարների հնարավոր ներգրավվածության իրավական և քաղաքական խոչընդոտները։
Ռուբեն Մեհրաբյանը հայտարարեց, որ երկաթուղու վաճառքի գաղափարը ուշացած, բայց ճիշտ որոշում է։ Քաղաքական հարցերով փորձագետը նշեց, որ դա պետք էր անել ավելի վաղ, քանի որ Ռուսաստանի և ռուսական կառավարման ներկայությունը դարձել է «թունավոր» Հայաստանի գործընկերների համար։ Նրա կարծիքով՝ եթե երկաթուղին մնա ռուսական կառավարման ներքո, գործընկերները կարող են պարզապես հրաժարվել այն օգտագործելուց, ինչն իր հերթին մրցունակ կդարձնի Հայաստանը շրջանցող այլ նախագծերը։
Մեհրաբյանը դիտարկեց, որ անհամատեղելին համատեղելու փորձերը ձախողվել են, և Հայաստանը պարզապես ժամանակ է կորցրել։ Նա կարծում է, որ եթե կապակցող հատվածները վաղուց կառուցված լինեին, իրավիճակն այսօր բոլորովին այլ կլիներ, սակայն այժմ անհրաժեշտ է արագ որոշումներ ընդունել և հնարավորինս շուտ ավարտին հասցնել ենթակառուցվածքային աշխատանքները։
Քաղաքական վերլուծաբանը նշեց, որ չի բացառում՝ Ռուսաստանը կարող է փորձել չհրաժարվե լերկաթուղուց, և այդ սցենարի հավանականությունը գնահատեց մոտ 50%։ Նրա համոզմամբ՝ նման դեպքում Հայաստանը պետք է պատրաստ լինի միակողմանիորեն խզել պայմանագիրը և գործել սեփական շահերից ելնելով, քանի որ չի կարող իր ապագան պայմանավորել Ռուսաստանի դիրքորոշմամբ։
Ռուբեն Մեհրաբյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի քայլերը պետք է առաջնորդվեն բացառապես ազգային շահերով։ Նա ասաց, որ եթե այդպիսի քաղաքականությունը Ռուսաստանում ընկալվում է որպես հակառուսական, ապա դա Հայաստանի խնդիրը չէ, քանի որ պետությունը պարտավոր է գործել իր շահերից ելնելով։
Խոսելով հնարավոր նոր կոնսեսիոն կառավարչի մասին՝ Մեհրաբյանը նշեց, որ օրինակ Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի կապակցվածությամբ, քանի որ դա համապատասխանում է նաև Կենտրոնական Ասիայի տնտեսական շահերին։ Նրա խոսքով՝ այդ երկիրը ունի լայն երկաթուղային ցանց և ոլորտային փորձ, ինչպես նաև Հայաստանի հետ լավ հարաբերություններ, ինչը կարող է օգտակար լինել նաև տարածաշրջանային հավասարակշռության տեսանկյունից։ Կոնսեսիոների փոփոխությունը պետք է իրականացվի արագ, քանի որ Հայաստանը շարունակում է կորցնել իր մրցակցային առավելությունները, իսկ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանը պահել կախված վիճակում։
Ռուբեն Մեհրաբյանը նաև նշեց, որ երկաթուղու կառավարումը ինքնին ինքնիշխանության խնդիր չէ, եթե սեփականության իրավունքը մնում է պետությանը։ Նրա գնահատմամբ՝ խնդիրն այն է, որ գործող կառավարումը կոմերցիոն առումով արդյունավետ չի եղել, և երկաթուղին դարձել է տարածաշրջանի ամենահետամնացներից մեկը։

Եկեղեցու թեմային անդրադառնալով՝ Մեհրաբյանը հայտարարեց, որ, իր համոզմամբ, գոյություն ունեն ռուսական պետությանը ծառայող եկեղեցական շրջանակներ, և նման մտադրությունների մասին խոսակցություններ եղել են։ Նա նշեց, որ եթե վարչապետը նման հայտարարություններ է արել, հավանաբար ունեցել է դրա համար հիմքեր, քանի որ առանց փաստերի նման պնդումներ անելը կարող էր ծանր զրպարտություն լինել։
Քաղաքական ուժերի թեմային անցնելով՝ ՌուբենՄ եհրաբյանը Սամվել Կարապետյանի քաղաքական հայտը բնութագրեց որպես բացահայտ պոպուլիզմ։ Նրա կարծիքով՝ նման ծրագրերը բովանդակային քննարկման արժանի չեն, իսկ իրավական տեսանկյունից դեռ հարց է՝ արդյոք այդ նախաձեռնությունը կհամապատասխանի Հայաստանի օրենսդրությանը։
Մեհրաբյանը աբսուրդ համարեց մեկ անձի համար Սահմանադրություն փոխելու գաղափարը՝ նշելով, որ Սահմանադրությունը չի կարող փոփոխվել ըստ ցանկության, նույնիսկ եթե դա ներկայացվում է «լավ նպատակներով»։ Նման գործընթացները կարող են ապալեգիտիմացնել պետությունը, և ընդգծեց, որ Հայաստանի շահերից բխում է թույլ չտալ նման ուժերի հաջողությունը։
Ընտրությունների վերաբերյալ Ռուբեն Մեհրաբյանը հայտարարեց, որ իր պատկերացմամբ «Հանուն հանրապետության» կուսակցությունը կհաղթահարի 4%-անոց շեմը և կմտնի խորհրդարան։ Նրա խոսքով՝ կուսակցությունը նոր է և չի հավակնում զանգվածային լինել, սակայն ցանկանում է ներկայացված լինել խորհրդարանում՝ իր ծրագրերով ծառայելու պետությանը։ Հայաստանի սուվերենության թշնամիները չպետք է հաջողություն ունենան խորհրդարանում, իսկ երկրի ծանր օրակարգը պետք է հիմնված լինի համազգային կոնսենսուսի վրա, ոչ թե մեկ կուսակցության կամ առաջնորդի վրա։
Վերջում Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ նույնիսկ փոքր խմբակցությամբ կուսակցությունը կունենա ազդեցություն՝ այնքան, որքան մանդատ կտան ընտրողները, և այդ ազդեցությունն ուղղվելու է Հայաստանի Հանրապետությանը ծառայելուն։
