Այսօր հայ ժողովրդի վրա դրված է մեծ պատասխանատվություն, քանի որ այլևս չի կարող իր խնդիրների համար մեղադրել արտաքին ուժերին։
Հակոբ Մովսես
The Point‑ը զրուցել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է մշակույթի, պոեզիայի և պետականության անքակտելի կապը հայկական ինքնության համատեքստում։ Բանաստեղծը պնդում է, որ պետությունը մշակութային հասկացություն է, և առանց սեփական ինքնիշխան կառույցի ժողովուրդը վերածվում է «քաղաքական բոմժի»՝ զրկվելով պատմական պատասխանատվությունից։ Զրույցի ընթացքում շեշտվում է պատմական գիտակցության սինխրոնացման կարևորությունը, որտեղ անցյալի ողբերգությունները պետք է ծառայեն ներկայի կերտմանը, այլ ոչ թե դառնան դատարկ պաթոսի առարկա։
Հակոբ Մովսեսը շնորհակալություն հայտնեց հրավերի համար և նշեց, որ մինչև կոնկրետ հարցին անդրադառնալը պետք է ընդգծել՝ գրականությունն ու պոեզիան մշակույթ են, իսկ մշակույթը նաև քաղաքականության խորքային՝ հոգևոր իմաստն ունի։ Նրա կարծիքով՝ հոգևոր քաղաքականությունը շատ կարևոր է ժողովուրդների կյանքում, և հենց այդ համատեքստում պոեզիան ունի առանձնահատուկ դեր։ Մովսեսը դիտարկեց, որ ժողովուրդները հաճախ բնութագրվում են իրենց բանաստեղծությամբ՝ թե՛ բանահյուսության, թե՛ գրավոր գրականության, թե՛ կենդանի խոսքի մեջ, և այդ իմաստով պոեզիան ժողովրդի յուրօրինակ անձնագիրն է։ Նա կարծում է, որ հայ ժողովրդի ամբողջ պատմությունը արտացոլված է իր գրականության մեջ, և ժողովուրդը կարող է իր դժվարություններից դուրս գալ նաև գրականության միջոցով։
Բանաստեղծը հավելեց, որ պետությունն ինքնին մշակութային հասկացություն է։ Նրա դիտարկմամբ՝ պատմության ընթացքում պետության մասին եղել են երկու հիմնական պատկերացումներ՝ սոցիալ-քաղաքական և հոգևոր, իսկ հայ ժողովուրդը քաղաքական առումով հաճախ չի ունեցել ամբողջական պատկերացում պետության մասին։ Այդտեղ, ըստ նրա, օգնության կարող են գալ հենց գրականությունն ու պոեզիան։
Մովսեսը համաձայնեց այն դիտարկման հետ, որ «պետություն պետության մեջ» բնորոշումը կարող է կիրառելի լինել ստեղծագործողի համար՝ նշելով, որ «պետություն» բառը նաև կրոնական ծագում ունի և կապված է հոգևոր կարգի գաղափարի հետ։ Նրա խոսքով՝ հայ մարդը պետություն ասելով հաճախ հիշում է այն կայսրությունները, որոնց կազմումապրել է ոչ ինքնուրույն վիճակում, և այժմ եկել է ժամանակը, որ իր մշակութային, կրոնական և բանաստեղծական ներուժով ինքնուրույն կառուցի իր կյանքը։
Խոսելով պոեզիայի մասին՝ Հակոբ Մովսեսը նշեց, որայն միաժամանակ և՛ գիտություն է, և՛ անբացատրելի հոգևոր երևույթ։ Նա ընդգծեց, որ պոեզիան պահանջում է ոչ միայն զգացմունք, այլև գրագիտություն, մտածողության համակարգ և պոետիկայի օրենքների գիտակցում, որպեսզի ստեղծագործողը չկրկնի եղածը և ստեղծի սեփական լեզուն ու պատկերային աշխարհը։ Նրա կարծիքով՝ պոեզիան խաբուսիկ արվեստ է, քանի որ շատերին թվում է՝ միայն զգացմունք ունենալով կարող են բանաստեղծություն գրել, մինչդեռ այն նաև խիստ կարգապահություն ու գիտակցություն է պահանջում։
Անդրադառնալով հայրենիքի թեմային՝ Մովսեսը նշեց, որ հայրենիքի գաղափարը քրիստոնեական գրականության հիմնական թեմաներից է։ Նա ընդգծեց, որ հայրենասիրությունը հաճախ պարունակում է պաթոսի մեծ պաշար, իսկ պաթոսը կարող է ծածկել գաղափարի խորքային ըմբռնումը։ Նրա համոզմամբ՝ հայրենիքի ինտելեկտուալ գիտակցությունը հայ իրականության մեջ ուժեղացավ Խաչատուր Աբովյանից, որը հայրենիքը ներկայացրեց ոչ թե միայն զգացմունքների առարկա, այլ՝ կարգ ու հիերարխիա։
Մովսեսը նշեց, որ Աբովյանից մինչև խորհրդային շրջան այդ գաղափարը պահպանվեց, սակայն խորհրդային տարիներին շեշտը դրվեց ավելի շատ զգացմունքային հայրենասիրության վրա։ Նա չի բարձր գնահատում այդ շրջանի հայրենասիրական պոեզիան՝ համարելով, որ այն հաճախ պաթետիկ էր և երբեմն հայրենիքի հանդեպ սերը վերածում էր զգացմունքային չափազանցության։ Նրա կարծիքով՝ հայ մարդը ունի հազարամյակների պատմություն, բայց հաճախ չունի բավարար պատմական գիտակցություն։
Բանաստեղծը ցավով նշեց, որ երբ գնդակահարվում էին գրողները, իրականում գնդակահարվում էր նաև ժողովրդի պատմությունը։ Նրա դիտարկմամբ՝ Չարենցից հետո հայրենիքի ընկալման բարձր հոգևոր պատկերը գրականությունից մասամբ նահանջեց։ Մովսեսը կարծում է, որ այսօր անհրաժեշտ է վերակենդանացնել հայրենիքի գաղափարը Չարենցի, Թումանյանի, Տերյանի ստեղծած խորությամբ, որպեսզի ձևավորվի քաղաքացիական կեցվածք և պատասխանատվություն պետության հանդեպ։
Խոսելով պատմության «սինխրոնացման» մասին՝ Հակոբ Մովսեսը բացատրեց, որ անցյալը պետք է մշտապես համաժամանակացվի ներկայի հետ, հակառակ դեպքում այն դառնում է մեռած բեռ։ Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը կանգնած է նոր իրողության առաջ և պետք է իր ամբողջ պատմական փորձը ծառայեցնի այսօրվա աշխարհաքաղաքական ու մշակութային խնդիրներին։ Նա նաև ընդգծեց, որ ժողովուրդների իրական բնակության վայրը իրենց ժամանակն է, և եթե ժողովուրդը դուրս է մնում իր ժամանակից, վտանգում է իր ապագան։
Մովսեսը համոզված է, որ այսօր հայ ժողովրդի վրա դրված է մեծ պատասխանատվություն, քանի որ այլևս չի կարող իր խնդիրների համար մեղադրել արտաքին ուժերին։ Նա այս ժամանակահատվածը համարում է «երես առ երեսի ժամանակ», երբ ժողովուրդը պետք է ինքն իրեն պատասխան տա՝ ով է, որտեղից է գալիս և ուր է գնում։ Նրա կարծիքով՝ այդ պատասխանները չեն կարող լինել միայն պաթետիկ խոսքերով, այլ պետք է արտահայտվեն իրական քաղաքական և հասարակական ընտրություններով։
Նա նշեց, որ հայերը աշխարհի հետ շփվելու մեծ փորձ ունեն, սակայն հաճախ իրենց պետության ներսում չեն կարողանում այդ փորձը գործադրել, ինչի հիմնական պատճառը երկար ժամանակ պետականության բացակայությունն է։ Մովսեսի խոսքով՝ պետություն չունեցող ժողովուրդը կարող է մշակութային հարուստ լինել, բայց քաղաքական առումով անտուն վիճակում է, և միայն սեփական պետությունն է, որ կարող է վստահություն ստեղծել։
Խոսելով ինքնության մասին՝ նա նշեց, որ եթե ինքնությունը սահմանափակվում է միայն լեզվով, մշակույթով կամ կրոնով, ապա դա պարզապես էթնիկական ինքնություն է։ Իրական ինքնությունը, ըստ Մովսեսի, պետք է ներառի նաև էթոս՝ արժեքային համակարգ և պետության հանդեպ պատասխանատվություն։
Անդրադառնալով ընտրություններին՝ Հակոբ Մովսեսը կարծիք հայտնեց, որ ընտրողի հիմնական շարժառիթը պետք է լինի պետությունը՝ այնպիսի պետություն, որը կարող է ապահովել քաղաքացիների արժանապատիվ կյանքը։ Նա ընդգծեց, որ ընտրությունները պետք է դիտարկել ոչ միայն կենցաղային բարեկեցության, այլ ժողովրդի ընդհանուր արժեքի և ապագայի տեսանկյունից։ Նրա խոսքով՝ ժողովուրդը այժմ հասել է պատմական անդառնալիության կետի, և եթե ունենա խիզախություն ու չխաբվի, կկարողանա ճիշտ ընտրություն կատարել։
Մովսեսը նաև նշեց, որ ժողովրդի մի մասը ընտրություններին մոտենում է կենցաղային մտածողությամբ՝ պետությունը դիտելով որպես միայն ծառայություններ տրամադրող կառույց, մինչդեռ քաղաքացին պետք է նաև ստեղծի և վերահսկի պետությունը։ Նա հիշեցրեց, որ ժողովուրդը ստանում է այն, ինչ տալիս է իր պետությանը։
Բլից հարցերին պատասխանելով՝ Հակոբ Մովսեսը ասաց, որ իրեն համարում է պարզապես հասարակ հայ մարդ, որը սիրում է իր երկիրը, լեզուն, գրականությունն ու պոեզիան։ Նրա կարծիքով՝ «միջին վիճակագրական հայ» հասկացությունը դժվար է սահմանել, քանի որ հայերը հաճախ ծայրահեղությունների մեջ են՝ կամ վերևում, կամ ներքևում։ Իսկ էպոսների մասին նա նշեց, որ դրանք միշտ արդիական են, քանի դեռ արդիական է դրանց մեջ արտահայտված արժեքային բովանդակությունը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
