Ադրբեջանը նախընտրական շրջանում հապաղում է արագ և վճռական քայլերից, քանի որ չունի վստահություն, թե ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական գիծը կպահպանվի։
Ռոբերտ Ղևոնդյան
FreeNews‑ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի դերն ու մարտահրավերները փոփոխվող աշխարհակարգում, որտեղ վարչապետի մասնակցությունը Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին» դիտարկվում է որպես ռազմավարական քայլ՝ միջազգային նոր հարթակներում ազգային շահերը սպասարկելու համար: Փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը վերլուծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը՝ ընդգծելով, որ երկկողմ հարաբերությունների վերջնական կարգավորումը մեծապես կախված է ներքաղաքական կայունությունից և սպասվող ընտրությունների արդյունքներից:
Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհուրդը աշխարհաքաղաքական նոր ձևաչափի մաս է։ Նրա խոսքով՝ Թրամփը պատկերացնում է բազմաբևեռ աշխարհ, բայց մեկ հեգեմոնի՝ Միացյալ Նահանգների առաջնորդությամբ։ Փորձագետը դիտարկում է, որ սա ոչ դասական երկբևեռ, ոչ էլ նախկին միաբևեռ համակարգն է, այլ հարաբերական ազատություններով բազմաբևեռ կառուցվածք, որտեղ մյուս բևեռների ազատությունները սահմանափակվում են այնտեղ, որտեղ հատվում են ամերիկյան շահերը։ Ղևոնդյանը կարծում է, որ մի շարք պետություններ համաձայն են այս օրակարգին, մյուսները՝ ոչ, և հենց այդ հակասությունն է բնորոշում ներկա անցումային շրջանը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ըստ ամենայնի, այն երկրների թվում են, որոնք համաձայնել են այդ տրամաբանությանը։ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ խաղաղության խորհուրդը կարող է դառնալ ինստիտուցիոնալ կառույց, եթե Թրամփին հաջողվի իր աշխարհաքաղաքական նախագիծը։ Եթե ոչ, ապա այն կարող է մնալ երկրորդական հարթակ կամ նույնիսկ չգոյատևել։ Փորձագետը հավելեց, որ Թրամփի նախագահության ժամկետը սահմանափակ է մինչև 2028 թվականը, և նախաձեռնության ապագան մեծապես կախված է այդ ընթացքում հաջողություններից։
Ղևոնդյանը կարծում է, որ Հայաստանի մասնակցությունն ավելի բովանդակային է, քան խորհրդանշական, քանի որ հիմնադիր դերակատարների թվում լինելը հաջողության դեպքում կարող է որոշակի առավելություններ տալ։ Նա նշեց, որ արդեն այսօր որոշ դրական զարգացումներ կան հայ-ամերիկյան հարաբերություններում, և Հայաստանը, ինչպես Ադրբեջանը, կարծես խաղադրույք է կատարել այն տարբերակի վրա, որ ամերիկյան նախաձեռնությունը հաջողելու է։
Խոսելով այն մասին, թե որքանով է Հայաստանը կարևոր Թրամփի համար, փորձագետը նշեց, որ, իր կարծիքով, Թրամփը չի խորանում «Հայաստան» և «հայկական գործոն» տարբերակման մեջ։ Ղևոնդյանը դիտարկում է, որ Թրամփի ընկալմամբ դա մեկ ընդհանուր ինստիտուտ է՝ ներառյալ Սփյուռքը, ԱՄՆ-ում բնակվող հայերին և Արցախից տեղահանվածներին։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին՝ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ այս նոր հարթակը դժվար թե դառնա այդ գործընթացի հիմնական միջավայրը, քանի որ արդեն գոյություն ունեն գործող ձևաչափեր, այդ թվում՝ հայ-ադրբեջանա-ամերիկյան ուղղությունը։ Նա կարծում է, որ ներկայիս մեխանիզմները ընդհանուր առմամբ ընդունելի են կողմերի համար, ուստի փոխելու մեծ անհրաժեշտություն չկա։
Այժմ երեք ուղղություններով՝ սահմանազատում, ենթակառուցվածքներ և խաղաղության պայմանագիր, կողմերը հասկացել են միմյանց մոտեցումները և որոշ քայլեր արդեն արվում են։ Սակայն Ղևոնդյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը նախընտրական շրջանում հապաղում է արագ և վճռական քայլերից, քանի որ չունի վստահություն, թե ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական գիծը կպահպանվի։ Նրա խոսքով՝ ընտրություններից հետո, եթե իշխանությունները նորից մանդատ ստանան, Ադրբեջանը կարող է ավելի ակտիվ քայլերի գնալ։ Ընտրական շրջանը Ադրբեջանի համար դիտարկման և սպասման ժամանակահատված է։ Փորձագետը նշեց, որ Բաքուն փորձում է հասկանալ՝ Հայաստանը կմնա՞ ներկայիս աշխարհաքաղաքական ուղեգծում, թե՞ կարող է շեղվել, օրինակ՝ փորձելով վերանայել ԱՄՆ‑ի հետ պայմանավորվածությունները կամ ակտիվացնել այլ ուղղություններ։

Գերիների հարցի վերաբերյալ Ղևոնդյանը նշեց, որայն չպետք է ուղղակիորեն կապել ընտրական գործընթացների հետ։ Նա կարծում է, որ այդ հարցը մշտապես բարձրացվում է թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական հանդիպումներում, սակայն առայժմ առաջընթաց չկա։ Փորձագետը նշեց, որ ներկայումս հասարակություններում գերակշռում են էմոցիաները, ինչը դժվարացնում է լուծումը, բայց եթե սահմանները բացվեն և համագործակցությունը զարգանա, ժամանակի ընթացքում հարցի լուծումը կարող է դառնալ ավելի հավանական։ Նա հավելեց, որ հատկապես Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության հարցը ավելի բարդ է, իսկ մյուսների դեպքում լուծումը կարող է ավելի արագ լինել։
Անդրադառնալով քաղաքացիական հասարակությունների հանդիպումներին՝ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ դրանք արդեն հանրային դիվանագիտության գործիք են։ Նրա խոսքով՝ նման հանդիպումների ընթացքում կողմերը ներկայացնում են իրենց մտահոգությունները, փորձում են հասկանալ միմյանց ընկալումները և երբեմն պարզվում է, որ որոշ խնդիրներ իրականում ընկալումների տարբերության արդյունք են։ Փորձագետը նշեց, որ նման քննարկումների արդյունքները հետագայում ներկայացվում են թե հասարակությանը, թե իշխանություններին, և լինումեն դեպքեր, երբ դա նպաստում է կոնկրետ հարցերի լուծմանը։
Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասինՂևոնդյանը նշեց, որ դրանք այժմ լավագույնվիճակում են պատմության ընթացքում՝ ավելիզարգացած և հեռանկարային։ Նրա կարծիքով՝ ներկայումս երկու երկրների շահերը համընկել են, հատկապես այն աշխարհաքաղաքական նախագծի շրջանակում, որը կապված է արևելք–արևմուտք կապող ենթակառուցվածքների և տարածաշրջանային միջանցքների հետ։ Փորձագետը նշեց, որ այս տրամաբանության մեջ տեղ ունեն նաև Ադրբեջանը, Թուրքիան և որոշ չափով Վրաստանը։
Ռոբերտ Ղևոնդյանը հավելեց, որ թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում ընտրությունները կարող են որոշ ազդեցություն ունենալ, սակայն նույնիսկ եթե Թրամփը կորցնի օրենսդիր մարմնի աջակցությունը, վարչակազմի ընդհանուր քաղաքական գիծը կարող է պահպանվել։ Նրա խոսքով՝ Հայաստանում ընտրությունները նաև քաղաքակրթական ընտրություն են՝ ժողովրդավարական ճանապարհի շարունակման կամ այլ մոդելի միջև։
Ռուսաստանի մասին խոսելով՝ Ղևոնդյանը նշեց, որ Մոսկվան փորձում է օգտագործել հնարավոր բոլոր հիբրիդային գործիքները՝ ազդեցությունը պահպանելու համար։ Նա կարծում է, որ Ռուսաստանը դժգոհ է ընթացիկ զարգացումներից, քանի որ չի ընդունում այն աշխարհակարգը, որտեղ ԱՄՆ‑ը կլինի գերակա հեգեմոն։
Հարավկովկասյան երկաթուղու կառավարման հարցի վերաբերյալ փորձագետը նշեց, որ Հայաստանը չի կարող լիարժեք զարգանալ, եթե երկաթուղին շարունակի կառավարվել նույն ձևով։ Ղևոնդյանի խոսքով՝ պայմանագիրը գործում է մինչև 2038 թվականը, սակայն կան բազմաթիվ խախտումներ և խնդիրներ։ Նա կարծում է, որ եթե գտնվի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի հետ, կառավարման փոխանցման տարբերակը կարող է իրատեսական լինել։ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ հնարավոր թեկնածուների թվում կարող են լինել արաբական որոշ երկրներ կամ այլ պետություններ, որոնք ունեն լավ հարաբերություններ բոլոր կողմերի հետ, մինչդեռ ԱՄՆ‑ի մասնակցությունը կարող է ընկալվել որպես կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձ։
Վերջում Ղևոնդյանը նշեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում նկատվող լարվածությունը ավելի շուտ ընդհանուր տարածաշրջանային գործընթացների շարունակությունն է, քանի որ Ռուսաստանը երկար ժամանակ ակնկալում էր պահպանել իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում, իսկ ներկայիս զարգացումները ցույց են տալիս, որ այդ ազդեցության մոդելը փոխվում է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
