Հասարակությունը կրկին կանգնելու է «վատից քիչ վատը» ընտրելու առաջ, քանի որ չկան այնպիսի ուժեր, որոնք միաժամանակ ունեն բավարար ռեսուրս և հանրային վստահություն՝ ժողովրդավարական բարեփոխումները արագացնելու և արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան խորացնելու համար։
Յուրի Մովսեսյան
1inTV‑ն զրուցել է «Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանի հետ։ Զրույցի ընաթցքում քննարկվում է Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների բացառիկ գեոպոլիտիկ նշանակությունը՝ շեշտադրելով երկրի արտաքին քաղաքական վեկտորի և ժողովրդավարական հետագծի վճռորոշ լինելը։ Յուրի Մովսեսյանը մտահոգություն է հայտնում, որ նախընտրական պայքարը զուրկ է լինելու բովանդակային օրակարգից՝ վերածվելով ռեսուրսների ու ազդեցության գոտիների բախման, որտեղ հիմնական դերակատարները մարգինալացնում են հանրային իրական խնդիրները։
Յուրի Մովսեսյանը նշեց, որ դժվար է պնդել, թե ներկայումս ներքաղաքական դաշտում կառուցողականություն կա։ Նրա կարծիքով՝ դաշտում հայտնվել են նոր դերակատարներ, սակայն դրանց ի հայտ գալը չի բերել բովանդակային մրցակցության․հակառակը՝ սպասվում է անվանարկումների և ռեսուրսների պայքարի վրա հիմնված ընտրարշավ, որտեղ իրական խնդիրները կարող են լուսանցքում մնալ։ Մովսեսյանի դիտարկմամբ՝ թե՛ իշխանությունը, թե՛ հիմնական ընդդիմադիր դերակատարները շահագրգռված չեն խորքային օրակարգերի առաջմղմամբ, քանի որ դա կարող է բացահայտել համակարգային սխալներ։
Նա ընդգծեց, որ 2026 թվականի ընտրությունները լինելու են որոշ չափով ճգնաժամային և կանխորոշելու են Հայաստանի արտաքին քաղաքական ու ժողովրդավարական հետագիծը։ Յուրի Մովսեսյանի համոզմամբ՝ հասարակությունը կրկին կանգնելու է «վատից քիչ վատը» ընտրելու առաջ, քանի որ չկան այնպիսի ուժեր, որոնք միաժամանակ ունեն բավարար ռեսուրս և հանրային վստահություն՝ ժողովրդավարական բարեփոխումները արագացնելու և արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան խորացնելու համար։ Նա անդրադարձավ նաև օգոստոսի 8‑ից հետո ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ այդ զարգացումները և խաղաղության հնարավոր դիվիդենդների մասին հայտարարությունները կարող են ամրապնդել գործող իշխանության դիրքերը։ Նրա կարծիքով՝ առաջիկա միջազգային գործընթացները՝ եվրոպական մակարդակի հանդիպումները, հնարավոր ֆինանսական ծրագրերը կամ տարածաշրջանային զարգացումները, նույնպես կարող են ազդել ընտրողների տրամադրությունների վրա և ուժեղացնել խաղաղության օրակարգի շուրջ ձևավորվող քաղաքական աջակցությունը։
Յուրի Մովսեսյանը կարծում է, որ առաջիկա ընտրություններում արտաքին քաղաքական և անվտանգային թեմաները ուշադրության կենտրոնում են լինելու։ Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին հասարակության հիմնական մտահոգությունը անվտանգությունն էր, իսկ այժմ, երբ իրավիճակը որոշ չափով փոխվել է, մարդիկ սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել տնտեսական խնդիրներին, աղքատության հաղթահարմանը և արդյունավետությանը։ Սակայն, նրա դիտարկմամբ, քանի դեռ կայուն խաղաղություն չկա, անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը շարունակելու են մնալ առաջնահերթ։
Մովսեսյանը նշեց, որ քաղաքական ուժերը տնտեսության մասին հաճախ խոսում են ընդհանուր ձևակերպումներով՝ առանց հստակ մոդելի կամ ճանապարհային քարտեզի ներկայացման։ Նրա խոսքով՝ իշխանությունը հիմնականում ձևավորում է մակրոմակարդակի խոսույթ, իսկ որոշ ընդդիմադիր դերակատարներ կենտրոնանում են առանձին միկրոմակարդակի խնդիրների վրա, ինչը չի լուծում Հայաստանի տնտեսական համակարգի կառուցվածքային մարտահրավերները։ Նա կարևորեց տնտեսական դիվերսիֆիկացիան, ենթակառուցվածքների զարգացումը, թվայնացումը և միջազգային ծրագրերում ակտիվ ներգրավումը՝ նշելով, որ այդ ուղղություններով դեռևս բավարար առաջընթաց չկա։

Յուրի Մովսեսյանը հավելեց, որ քաղաքական դաշտում քիչ է խոսվում այն «տնային աշխատանքի» մասին, որը Հայաստանը պետք է կատարի միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում։ Նրա գնահատմամբ՝ վերջին տարիներին այդ պարտավորությունների զգալի մասը լիարժեք չի իրականացվել, իսկ հասարակությունը փնտրում է նոր այլընտրանքներ, քանի որ չի տեսնում, որ հիմնական դերակատարները խոսում են իր իրական խնդիրների մասին։
Անդրադառնալով արտաքին միջամտություններին՝ Մովսեսյանը նշեց, որ Հայաստանի պարագայում առաջին հերթին պետք է նկատի ունենալ Ռուսաստանին՝ հաշվի առնելով նրա ազդեցությունը ռազմավարական ոլորտներում։ Նա չբացառեց նաև այլ երկրների հետաքրքրվածությունը Հայաստանի ներքաղաքական արդյունքներով, սակայն ընդգծեց, որ Ռուսաստանի ազդեցության գործիքները առավել լայն են։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ադրբեջանը տեղեկատվական կամ հիբրիդային ազդեցության փորձեր անում է, սակայն Հայաստանում չունի այնպիսի համակարգային լծակներ, ինչպիսիք ունի Ռուսաստանը։
Արևմտյան գործընկերները հետաքրքրված են Հայաստանի կայունությամբ և ժողովրդավարական զարգացմամբ, քանի որ ցանկանում են ունենալ վստահելի գործընկեր տարածաշրջանում։ Նա նաև դժգոհեց, որ մեդիան և ինստիտուտները բավարար ուշադրություն չեն դարձնում արտաքին ֆինանսավորման և հիբրիդային ազդեցությունների ուսումնասիրությանը՝ ընդգծելով, որ այդ թեմայով ավելի լուրջ վերահսկողություն է անհրաժեշտ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
