2023թ. սեպտեմբերի 1‑ի դրությամբ Ստեփանակերտում իրավիճակը ճգնաժամային էր: Այդ պայմաններում Արայիկ Հարությունյանի հրաժարականը «հիմնավորվում էր» նրանով, որ «քաղաքական միասնությունը խախտված է»: Ո՞վ կարող էր «միասնություն ապահովել»:
Վահրամ Աթանեսյան
Մաս 98
Նախագահի պաշտոնը թողնելուց մեկ օր առաջ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին նշանակել է պետական նախարար: Դա փաստացի քաղաքական անոնս էր, որ Շահրամանյանը «կընտրվի» նախագահ: Արայիկ Հարությունյանին «կառավարման համախոհություն երաշխավորող» անձով փոխարինելու հարցը Ստեփանակերտի «ազգային-հայրենասիրական» ուժերի կողմից օրակարգ է բերվել քառասունչորսօրյա պատերազմից անմիջապես հետո:
Այդ սեւեռուն նպատակադրվածությանը «օրինական հիմնավորում» տալու նպատակով նախաձեռնվել է «սահմանադրական փոփոխությունների» գործընթաց: Ի տարբերություն 2006թ. սահմանադրության, 2017-ին ընդունված «մայր օրենքը» խորհրդարանին սահմանադրական փոփոխություններ կատարելու իրավասություն է վերապահել: Այդ հնարավորությունն օգտագործելով՝ դեռեւս 2022թ.-ին սահմանադրական փոփոխություն է կատարվել եւ Ազգային ժողովին տրվել է «համաժողովրդական ընտրության անհնարինության դեպքում» նոր նախագահ ընտրելու իրավունք, եթե այդ պաշտոնը մնում է թափուր:
2023թ. սեպտեմբերի 1‑ի դրությամբ Ստեփանակերտում իրավիճակը ճգնաժամային էր: Այդ պայմաններում Արայիկ Հարությունյանի հրաժարականը «հիմնավորվում էր» նրանով, որ «քաղաքական միասնությունը խախտված է»: Ո՞վ կարող էր «միասնություն ապահովել»: Մի քանի ամիս առաջ ձեւավորվել էր «Արցախի դիմադրության եւ զարգացման ճակատ» շարժում, որ գլխավորում էր նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ եթե Արայիկ Հարությունյանը հեռացվել է «ոչ արդյունավետ դիմադրություն կազմակերպելու» եւ Ադրբեջանի հետ «երկխոսություն սկսելու անհրաժեշտության դիրքորոշում ունենալու» հանգամանքով, ապա նրան պետք է փոխարիներ «Արցախը Սարդարապատ է» կարգախոսի հեղինակ Ռուբեն Վարդանյանը: Որեւէ վկայություն չկա, թե ո՞վ եւ ի՞նչ հիմնավորումներով է նախագահի պաշտոնում առաջադրել Սամվել Շահրամանյանի թեկնածությունը:
Սամվել Շահրամանյանի մասին տեղեկատվության բաց աղբյուրներից հայտնի է, որ ծնվել է Ստեփանակերտում 1978թ. դեկտեմբեր 1‑ին: 1995թ. ընդունվել է Երեւանի «Գրիգոր Զոհրապ» համալսրանի միջազգային տնտեսության բաժինը: Շահրամանյանը 1998թ. ուսումը շարունակել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, որն ավարտել է 1999-ին: Ըստ նույն աղբյուրների, նա նույն տարում ծառայության է անցել ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունում: Արդեն 2018 թ.-ին Սամվել Շահրամանյանը նշանակվել է նույն ծառայության տնօրեն եւ պաշտոնավարել մինչեւ 2020թվականը:
Խիստ ուշագրավ է, որ Արայիկ Հարությունյանի կողմից նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Շահրամանյանը, արդեն չհանդիսանալով ԱԱԾ տնօրեն, արժանացել է գեներալ-մայորի կոչման եւ նշանակվել ռազմա-հայրենասիրական դաստիարակության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար:
Այդ նախադեպը չունեցող գերատեսչության նստավայր է ընտրվել Շուշին: Ըստ վստահելի աղբյուրների, լրտեսության մեղադրանքով դատապարտված Սարգիս Գալստյանը, որ Արցախի ԱԱԾ նախկին աշխատակից է, Սամվել Շահրամանյանի կողմից նշանակվել է նախարարության աշխատակազմի ղեկավար:
Շարունակելի
Վահրամ Աթանեսյան
