Խնդրո առարկա «Շրջաբերականի» հավելվածային մասում ՀՅԴ Բյուրոն կուսակցության մարմիններին պարզորոշ ասում է, որ ղարաբաղյան կարգավորման քիուեսթյան «ձեւավորվող փաթեթի» մերժումը «նույն դյուրությունը չի ստեղծելու, որ ունեինք նախկին իշխանությունների հետ առճակատման օրերին»:
Վահրամ Աթանեսյան
Մաս 25
1998թ. իշխանափոխության փուլում Դաշնակցությունը հրապարակային դերակատար չէր: Բայց ՀՅԴ‑ն, չնայած որ նրա գործունեությունը կասեցված էր, իսկ ազդեցիկ մի շարք անդամները՝ երկու քրեական գործերով կալանավորված, զգալի դերակատարություն է ունեցել երկրորդ նախագահական ընտրություններում եւ պաշտպանել է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը:
Ստանձնելով նախագահի պարտականությունները, Ռոբերտ Քոչարյանը Դաշնակցության կալանավորված եւ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով պատիժ կրող մի խումբ անդամների նկատմամբ կայացրել է «իրավիճակի փոփոխության» հանգամանքով պայմանավորված որոշում, եւ նրանք ազատ են արձակվել:
Անուններ եւ քրեական գործի հանգամանքներ նշելու անհրաժեշտություն չկա, քանի որ խնդիրը ոչ թե անձանց եւ նրանց մեղավոր կամ անմեղ լինելու, այլ՝ Ռոբերտ Քոչարյանի այդ աննախադեպ քայլի նպատակահարմարության եւ մոտիվացիայի մասին է:
Նպատակահարմարության առումով այդ քայլը խիստ վիճելի է: «Իրավիճակի փոփոխությունը», այսինքն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնաթողությամբ ստեղծված ներիշխանական կացությունը, մարդկանց քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք չէ: Նոր իրավիճակում, երբ ՀՀՇ‑ն այլեւս իշխանություն չէր եւ չէր կարող դատարանների նկատմամբ «ճնշումներ գործադրե», Դաշնակցության մի շարք անդամներ կարող էին գործի վերաքննություն պահանջել եւ արդարանալ դատական կարգով:
Ռոբերտ Քոչարյանը ընտրել է նրանց մասին անձնական որոշում կայացնելու տարբերակը:

Քաղաքական առումով այդ քայլի մոտիվացիան կարելի է բացատրել նրանով, որ Քոչարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացն «իր կետից սկսելու» որոշումը հիմնավորելու համար աջակցության կարիք ուներ, ուստի Դաշնակցության ազդեցիկ գործիչներին ոչ միայն ազատել է դատարանի վճռով սահմանված պատժի հետագա կրումից, այլեւ նշանակել պետական պաշտոնների:
Խնդրո առարկա «Շրջաբերականի» հավելվածային մասում ՀՅԴ Բյուրոն կուսակցության մարմիններին պարզորոշ ասում է, որ ղարաբաղյան կարգավորման քիուեսթյան «ձեւավորվող փաթեթի» մերժումը «նույն դյուրությունը չի ստեղծելու, որ ունեինք նախկին իշխանությունների հետ առճակատման օրերին»: Ավելին, փաստաթղթում հստակ գրված է, որ «առանց մասնավոր մեծ ճիգ թափելու» Դաշնակցությունը չի կարող «ընդդիմության գլխավոր ուժ լինել»:
Իսկ «մասնավոր մեծ ճիգ թափելու» պարագային Դաշնակցությունը 2001թ. դրությամբ կարո՞ղ էր Հայաստանում, Սփյուռքում եւ Արցախում «հակաքիուեսթյան» քարոզչություն նախաձեռնել եւ ծավալել: Ի՞նչ է հասկացվում «մասնավոր մեծ ճիգ թափել» ձեւակերպման ենթատեքստում: «Մասնավոր ճիգը» վերագրվում է ՀՅԴ-ին առհասարա՞կ, Բյուրոյի՞ն, թե՞ «իրավիճակի փոփոխության» հանգամանքով քրեական պատասխանատվությունից ազատված եւ Ռոբերտ Քոչարյանից պաշտոն ու քաղաքական դիրք ստացած անձա՞նց:
Վահրամ Աթանեսյան
(Շարունակելի)
