Պետությունները առաջնորդվում են իրենց շահերով, և երբ այդ շահերը չեն համընկնում, փոքր պետությունը կանգնում է փաստի առաջ։ Հայաստանը այժմ փորձում է բազմազանեցնել արտաքին քաղաքականությունը և չկուտակել բոլոր ռեսուրսները մեկ ուղղությամբ։
Լիլիթ Մակունց
Civilnet‑ը զրուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական, ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցի հետ։ Զրույցի ընթացքում ներկայացվում է Մակունցի դիրքորոշումները տարածաշրջանային անվտանգության և Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Քննարկման առանցքում են Իրանի շուրջ ստեղծված անկայուն իրավիճակը, Հայաստանի քաղաքացիների անվտանգ տեղափոխման հարցերը և Թեհրանի հետ ռազմավարական գործընկերության հեռանկարները։ Մակունցը հատուկ ընդգծում է Հայաստանի որդեգրած թափանցիկ գործելաոճը և անվտանգային ճարտարապետության բազմազանեցման անհրաժեշտությունը՝ հեռանալով մեկ դաշնակցից կախվածության մոդելից։
Լիլիթ Մակունցը նշեց, որ Հայաստանի արձագանքը տարածաշրջանում սկսված ռազմական գործողություններին հապաղում չէր, քանի որ հրապարակային հայտարարություններից զատ եղել են ոչ հրապարակային շփումներ և իրավիճակի մշտադիտարկում։ Նա ասաց, որ մինչ հրապարակային կապ հաստատելը անցկացվել են Անվտանգության խորհրդի նիստեր, քննարկվել են հնարավոր մարտահրավերներն ու դրանց ազդեցությունը Հայաստանի վրա։ Մակունցը դիտարկեց, որ Հայաստանի քայլերը պետք է բխեն բացառապես սեփական շահերից։
Արտաքին գործերի նախարարությունը ակտիվ կապի մեջ է այն երկրների հայկական համայնքների և ՀՀ քաղաքացիների հետ, որտեղ իրավիճակը լարված է։ Նրա խոսքով՝ գործում են թեժ գծեր, իրականացվում է քաղաքացիների անվտանգ վերադարձի կազմակերպում, և առաջնահերթությունը նրանց անվտանգությունն է։
Խոսելով Իրանի հետ ռազմավարական համագործակցության հնարավոր փաստաթղթի մասին՝ Մակունցը նշեց, որ Հայաստանի նպատակները հրապարակային են եղել և անակնկալ չեն գործընկերների համար, այդ թվում՝ Միացյալ Նահանգների։ Նա ընդգծեց, որ Հայաստանը թափանցիկ է իր հարաբերություններում և բացահայտ ներկայացրել է Իրանի կարևորությունը՝ որպես հարավային հարևան։ Նրա դիտարկմամբ՝ որևէ պետության հետ հարաբերությունները չեն կառուցվում երրորդ երկրի դեմ, և կանխատեսելիությունն առանցքային գործոն է գործընկերների համար։

Անդրադառնալով 2020 թվականի պատերազմից առաջ իր հայտարարությանը՝ Լիլիթ Մակունցը ասաց, որ իր խոսքը մանիպուլացվել է։ Նրա խոսքով՝ ինքը նշել էր, որ չի կարծում, թե Թուրքիան ուղիղ հարձակում կգործի Հայաստանի Հանրապետության վրա, և նման բան տեղի չի ունեցել։ Մակունցը կարծում է, որ մինչև 2020 թվականը Հայաստանում ձևավորված էին պատկերացումներ տարածաշրջանի, սեփական կարողությունների և դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ, որոնք հետագայում ամբողջությամբ չհամապատասխանեցին իրականությանը։ Նա դիտարկեց, որ պատերազմը դարձավ դառը փորձ, որը ստիպեց վերանայել նախկին ընկալումները։
Տարիներ շարունակ Հայաստանը առաջնորդվել է մեկ հստակ դաշնակցի վրա հենվելու տրամաբանությամբ՝ կարծելով, թե դա կերաշխավորի անվտանգությունը։ Նրա գնահատմամբ՝ փորձը ցույց տվեց, որ պետությունները առաջնորդվում են իրենց շահերով, և երբ այդ շահերը չեն համընկնում, փոքր պետությունը կանգնում է փաստի առաջ։ Նա ընդգծեց, որ Հայաստանը այժմ փորձում է բազմազանեցնել արտաքին քաղաքականությունը և չկուտակել բոլոր ռեսուրսները մեկ ուղղությամբ։
Խոսելով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացման մասին՝ Լիլիթ Մակունցը հիշեցրեց 2021 թվականի մայիսյան իրադարձությունները, երբ Ադրբեջանի ներխուժումից հետո սկսվեց ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունը։ Նա նշեց, որ ԱՄՆ միջնորդությամբ վերադարձվել են ռազմագերիներ, և տարբեր փուլերում Վաշինգտոնը փորձել է կանխել հետագա էսկալացիաները։ Մակունցը կարևորեց նաև այն փաստը, որ Ուկրաինայում պատերազմի պայմաններում, երբ Վաշինգտոնի ուշադրությունը կենտրոնացած էր այլ ուղղությամբ, Հայաստանին հաջողվել է պահպանել բարձր մակարդակի շփումները։ Դեսպան եղած ժամանակ ապահովել է շուրջօրյա կապ պետքարտուղարության հետ և եղել են դեպքեր, երբ գիշերային ժամերին անմիջական կապ է հաստատել բարձր պաշտոնյաների հետ։ Նրա խոսքով՝ այդ հասանելիությունը թույլ է տվել որոշ իրավիճակներում արագ արձագանքել և խնդիրներ կանխել։
Անդրադառնալով սփյուռքյան կառույցների հետ հարաբերություններին՝ Լիլիթ Մակունցը նշեց, որ իր առաջին քայլերից մեկը եղել է բոլոր կառույցների հետ կապ հաստատելը, սակայն առանձին կառույցների հետ համագործակցությունը հնարավոր չի եղել տվյալ փուլում։ Նա ասաց, որ դա չի նշանակում, թե Հայաստանը դիրքավորվել է որևէ կառույցի դեմ, այլ առաջնահերթությունը եղել է պետական շահերի առաջմղումը։
Խոսելով խաղաղության գործընթացի և երաշխիքների մասին՝ Մակունցը նշեց, որ օգոստոսի 8‑ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ՝կարևոր բաղադրիչ է, սակայն ոչ միակ երաշխիքը։ Նրա խոսքով՝ անվտանգությունը բազմագործոն համակարգ է՝ ներառյալ հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, տնտեսական զարգացումը և գործընկերների հետ շահերի համընկնումը։
Լիլիթ Մակունցը նշեց, որ ռազմագերիների հարցը շարունակում է մնալ օրակարգում, և աշխատանք տարվում է թե՛ երկկողմ, թե՛ գործընկերների ներգրավմամբ։ Նա խուսափեց ենթադրություններից, թե նոյեմբերի 9‑ի հայտարարության որևէ կետի այլ կերպ իրականացումը կարող էր փոխել Արցախի ճակատագիրը՝ նշելով, որ Հայաստանը հավատարիմ է եղել իր պարտավորություններին, իսկ իններորդ կետի մեկնաբանությունը չի ենթադրել արտատարածքային միջանցք։
Որպես վարչապետի գլխավոր խորհրդական՝ Մակունցը ասաց, որ հիմնականում աշխատում է արտաքին քաղաքականության ուղղությամբ և այն ոլորտներում, որտեղ ունի փորձառություն։ Նա հերքեց այն հրապարակումները, թե կարող է առաջիկայում դառնալ Ազգային ժողովի նախագահ՝ նշելով, որ նման քննարկում չի ունեցել և իր առաջնահերթությունը քաղաքական թիմի հաղթանակն է ու Հայաստանի խաղաղ զարգացումը։
Վերջում Լիլիթ Մակունցը ընդգծեց, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության փաստաթղթում ամրագրված ուղղություններով՝ տարածաշրջանային կայունություն, տնտեսական և էներգետիկ անվտանգություն, տեխնոլոգիական զարգացում և ենթակառուցվածքային նախագծեր։ Նրա համոզմամբ՝ այդ համագործակցությունը միտված է Հայաստանի երկարաժամկետ անվտանգությանը և զարգացմանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
