Իրական ընտրարշավը դեռ չի սկսվել, սակայն արդեն տեսանելի է քաղաքական ուժերի միջև ֆինանսական անհավասարությունը։ Ընտրական գործընթացում մեծ դեր են խաղում ֆինանսական ռեսուրսները, և այս մրցակցությունը վերածվել է «փողի մրցավազքի»։
Արամ Սարգսյան
FactorTV‑ն զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ սարգսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական մարտահրավերները՝ առանձնակի շեշտադրելով 1999թ. հոկտեմբերի 27‑ի ոճրագործության չբացահայտված արտաքին հետքը և Ռուսաստանի հավանական ներգրավվածությունը։ Արամ Սարգսյանը պնդում է, որ գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի գրանցումը պետք է մերժվի, քանի որ այն ներկայացնում է օտարերկրյա կապիտալի ազդեցությունը և խաթարում է ընտրական հավասարությունը։ Հեղինակը հստակեցնում է իր տարանջատումը գործող իշխանությունից՝ առաջ քաշելով լիարժեք արևմտամետ վեկտորի և կառավարման նախագահական համակարգի անհրաժեշտությունը։
Արամ Սարգսյանը նշեց, որ ինքը երբեք չի ասել, թե 1999-ին ԱԺ ահաբեկչությունը հեշտ կբացահայտվի։ Նրա խոսքով՝ քանի դեռ գործի արտաքին քաղաքական հետքը չի ուսումնասիրվել, հատկապես այն հայտարարությունները, որոնք արել էր Ալեքսանդր Լիտվինենկոն՝ ռուսական հատուկ ծառայությունների հնարավոր մասնակցության մասին, գործը չի կարելի համարել ամբողջությամբ բացահայտված։ Սարգսյանը հիշեցրեց, որ նախկին իշխանությունների օրոք անգամ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ այդ թվում ԱնդրանիկՄարգարյանը և Գալուստ Սահակյանը խոսել են արտաքին հետքի հնարավորության մասին։
Քաղաքական գործիչը կարծում է, որ ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների պայմաններում Հայաստանի անվտանգության մարմինների կողմից ռուսական հատուկ ծառայությունների արխիվներից տեղեկատվություն ստանալը գրեթե անհնար է։ Նրա դիտարկմամբ՝ մինչև Ռուսաստանում իրական իշխանափոխություն տեղի չունենա, ինչպես եղել է Ստալինից հետո Խրուշչովի ժամանակ կամ ավելի ուշ Գորբաչովի «գլասնոստի»(հրապարակայնություն,) տարիներին, նման քաղաքական հանցագործության ամբողջական բացահայտումը շատ դժվար կլինի։
1999‑ի ահաբեկչության մասին Սարգսյանը նշեց, որ եթե արտաքին հետքի վերաբերյալ կասկածները չեն ստուգվել, ապա ակնհայտ է, որ գործի բանալին միայն Հայաստանի ներսում չէ։ Նա ընդգծեց, որ հանցագործության կատարողները եղել են Հայաստանում, սակայն առանց ներքին աջակցության նման գործողություն իրականացնելը հնարավոր չէր, հատկապես Ազգային ժողովի շենքում, որը պետք է լիներ ամենապաշտպանված վայրերից մեկը։
Արամ Սարգսյանը պատմեց, որ գործի շրջանակում ինքն էլ է մի քանի անգամ հարցաքննվել՝ թե՛ նախկին իշխանությունների օրոք, թե՛ ներկայիս իշխանության ժամանակ։ Նրա խոսքով՝ գործի բացահայտումը հատկապես բարդացավ, որովհետև այն «տաք հետքերով» ամբողջությամբ չի բացահայտվել։ Նա ընդգծեց, որ իրավաբանները գիտեն՝ եթե նման գործը մեկ ամսվա ընթացքում չի բացահայտվում, ապա դրա բացահայտման հավանականությունը զգալիորեն նվազում է։ Իսկ այժմ անցել է արդեն 26 տարի, և շատ կարևոր վկաներ մահացել են, արտագաղթել կամ այլևս հասանելի չեն։
Սարգսյանը նաև անդրադարձավ քննության ընթացքին՝ նշելով, որ մինչև 2000 թվականի մայիսի 2‑ը տրված ցուցմունքներում մեղադրանքներ կային նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի հասցեին և դրանք ուղղվում էին դեպի նախագահական, այդ թվում՝ դեպի Ռոբերտ Քոչարյան։ Նրա խոսքով՝ իրեն պաշտոնից հեռացնելուց հետո Ալեքսան Հարությունյանը ազատ արձակվեց, իսկ մեղադրյալները հայտարարեցին, թե նախկին ցուցմունքները տվել են ճնշումների տակ։ Սակայն, Սարգսյանի պնդմամբ, հետագայում պարզվեց, որ այդպիսի ճնշումներ չեն եղել, բայց դատարանը հիմք ընդունեց ավելի ուշ տրված ցուցմունքները։
Քաղաքական գործիչը կարծում է, որ Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական և տնտեսական կախվածության պայմաններում Ռուսաստանի հետ նման առճակատման գնալը արդյունավետ չի լինի, քանի որ անհրաժեշտ տեղեկությունները միևնույն է չեն տրամադրվի։
Արամ Սարգսյանը անդրադարձավ նաև իր հայտարարություններին, թե «պետք է հաղթի» Ռոբերտ Քոչարյանին։ Նա ընդգծեց, որ խոսքը չի վերաբերում անձնական հակամարտությանը։ Սարգսյանի խոսքով՝ իրեն վերագրվող ատելության մասին մեկնաբանությունները սխալ են, քանի որ իր պայքարը մարդկանց դեմ չէ, այլ երևույթների դեմ։ Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ հայտարարել է, թե ներել է ինչպես Ռոբերտ Քոչարյանին, այնպես էլ Սերժ Սարգսյանին։
Սարգսյանը բացատրեց, որ «հաղթել Քոչարյանին» ասելով ինքը նկատի ունի ոչ թե անձին, այլ այն քաղաքական ուղեգիծը, ըստ որի Հայաստանը պետք է լինի Ռուսաստանի ազդեցության ներքո։ Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է զարգանա առաջադեմ աշխարհի հետ համագործակցելով և չդառնա կախյալ պետություն։
Քաղաքական գործիչը նշեց, որ իր եղբոր՝ Վազգեն Սարգսյանի հիմնական ուղերձը Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունն էր։ Նրա խոսքով՝ հենց այդ գաղափարով էր Վազգեն Սարգսյանը բանակից անցել քաղաքականություն և համագործակցություն սկսել Կարեն Դեմիրճյանի հետ՝ նպատակ ունենալով ուժեղացնել Հայաստանի տնտեսությունը և բանակը։
Սարգսյանի դիտարկմամբ՝ Վազգեն Սարգսյանը հասկանում էր, որ երկրի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ են ներդրումներ։ Այդ նպատակով կազմակերպվեց սփյուռքի համաժողովը Սարդարապատում, որտեղ բազմաթիվ հայ գործարարներ պատրաստակամություն հայտնեցին ներդրումներ կատարել Հայաստանում։ Նրա խոսքով՝ հետագայում Վազգեն Սարգսյանը նաև այցելեց Միացյալ Նահանգներ՝ ներդրումներ ներգրավելու նպատակով։ Սակայն այնտեղ նշել էին, որ ներդրումներ հնարավոր են միայն այն երկրում, որտեղ գործում է անկախ դատական համակարգ և չկա կոռուպցիա։
Սարգսյանը հիշեցրեց, որ Վազգեն Սարգսյանը կոռուպցիան համարում էր երկրի գլխավոր թշնամին և սկսեց դրա դեմ կոշտ պայքար։ Նրա կարծիքով՝ այդ քաղաքականությունը չէր համապատասխանում որոշ արտաքին ուժերի շահերին և կարող էր նաև դառնալ ողբերգական իրադարձությունների պատճառներից մեկը։
Անդրադառնալով ներկայիս քաղաքական իրավիճակին՝ Արամ Սարգսյանը նշեց, որ իրական ընտրարշավը դեռ չի սկսվել, սակայն արդեն տեսանելի է քաղաքական ուժերի միջև ֆինանսական անհավասարությունը։ Նա նշեց, որ ընտրական գործընթացում մեծ դեր են խաղում ֆինանսական ռեսուրսները, և այս մրցակցությունը վերածվել է «փողի մրցավազքի»։
Սարգսյանը նաև քննադատեց այն հանգամանքը, որ քաղաքական դաշտում հայտնվում են ուժեր, որոնք, իր խոսքով, մեծ արտաքին կապիտալով են գործում։ Նա պնդեց, որ օրենքով պետք է սահմանափակվի այն կուսակցությունների մասնակցությունը, որոնց ֆինանսական միջոցների զգալի մասը արտաքին ծագում ունի։
Քաղաքական գործիչը օրինակ բերեց նաև միջազգային փորձը՝ հիշեցնելով, որ Մարիա Սանդուն Մոլդովայում արգելել է որոշ կուսակցությունների մասնակցությունը ընտրություններին՝ արտաքին ազդեցության կասկածների պատճառով։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունները նույնպես պետք է ապահովեն օրենքի գերակայությունը և ընտրական գործընթացում հավասար պայմաններ ստեղծեն բոլոր քաղաքական ուժերի համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
