Եթե այլընտրանքային մատակարարումներ չլինեին, բորսայական գների աճը շատ արագ կազդեր Հայաստանի ներքին շուկայի վրա։ Նախկինում հաճախ նույն օրը բենզինի գները բարձրանում էին, քանի որ տնտեսվարողները գնման հայտ ներկայացնելիս արդեն կանխատեսում էին ապագա բարձր գինը և այն անմիջապես ներառում էին իրենց հաշվարկների մեջ։
Գեղամ Գևորգյան
Պետրոս Ղազարյանը զրուցել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են հարցեր տնտեսական մի շարք առանցքային ոլորտների վերաբերյալ , որտեղ շեշտվում է այլընտրանքային ներկրման ուղիների կարևորությունը վառելիքի գների կայունացման գործում։ Քննարկվում են նաև պետական միջամտության արդյունքում ՀԴՄ սպասարկման սակագների նվազեցումը և տաքսի ծառայությունների ոլորտում վարորդների աշխատանքային իրավունքների ու թվային հարթակների հետ հարաբերությունների կարգավորումը։
Գեղամ Գևորգյանը նշեց, որ Ադրբեջանից ներմուծվող բենզինը զգալիորեն ավելի էժան է եղել՝ նախևառաջ ավելի ցածր լոգիստիկ ծախսերի և ավելի մատչելի գնով ապրանքի պատճառով։ Նրա խոսքով՝ սահմանների բացումը ոչ միայն բենզինի ներմուծման հնարավորություն է ստեղծել, այլև բերել է այլընտրանքային ուղիների ձևավորման և լոգիստիկ ծախսերի նվազման։ Գևորգյանը դիտարկում է, որ Վրաստանից եկող լոգիստիկ ծախսերը գրեթե կրկնակի նվազել են, և առաջացել է հնարավորություն նաև մեքենաներով որոշակի բեռնափոխադրումներ իրականացնել։
Նա ընդգծեց, որ նախկինում բենզինի և դիզելի շուկայում եղել են կառուցակարգային սահմանափակումներ։ Գևորգյանի գնահատմամբ՝ տարիների ընթացքում ձևավորված շուկայական հարաբերությունները նոր խաղացողների մուտքը դարձրել էին բարդ և ռիսկային, քանի որ շուկան փոքր էր և մեծ ֆինանսական հոսքեր էր պահանջում։ Սակայն, նրա կարծիքով, ադրբեջանական ուղղությամբ սահմանների բացումը փոխել է շուկայի ընդհանուր կառուցվածքը։ Գևորգյանը կարծում է, որ դա ստեղծել է ներմուծման այլընտրանքային աղբյուր, որի արդյունքում Հայաստանի դիրքը բանակցություններում ուժեղացել է, և մյուս մատակարարներն էլ ստիպված են եղել իջեցնել գները։ Նա ընդգծեց, որ շուկայի մասնակիցները պարզապես ստիպված են հարմարվել շուկայական նոր կանոններին։
Գևորգյանը նաև անդրադարձավ միջազգային շուկաներում նավթի գների աճին՝ կապված տարածաշրջանային իրադարձությունների հետ։ Նրա խոսքով՝ եթե այլընտրանքային մատակարարումներ չլինեին, բորսայական գների աճը շատ արագ կազդեր Հայաստանի ներքին շուկայի վրա։ Նա հիշեցրեց, որ նախկինում հաճախ նույն օրը բենզինի գները բարձրանում էին, քանի որ տնտեսվարողները գնման հայտ ներկայացնելիս արդեն կանխատեսում էին ապագա բարձր գինը և այն անմիջապես ներառում էին իրենց հաշվարկների մեջ։
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ արդեն ստորագրված պայմանագրով նախատեսվում է մոտ 4500 տոննա դիզելային վառելիքի նոր մատակարարում Ադրբեջանից։ Գևորգյանը նշեց, որ այդ ծավալը մեծ չէ ամբողջ շուկայի վրա վճռորոշ ազդեցություն ունենալու համար, սակայն այն կարևոր է որպես լրացուցիչ այլընտրանքային աղբյուր։ Նրա գնահատմամբ՝ ցանկացած այլընտրանք շուկայի համար դրական է, քանի որ նվազեցնում է կախվածությունը մեկ ուղղությունից։
Նա օրինակ բերեց նաև հեղուկ գազի շուկան՝ նշելով, որ այնտեղ գործում է ավելի քան 190 տնտեսվարող, և որևէ մեկը չունի 9 տոկոսից ավելի մասնաբաժին։ Գևորգյանի կարծիքով՝ նման պայմաններում պայմանավորվածությունների կամ մոնոպոլիայի հավանականությունը տեսականորեն շատ փոքր է։ Սակայն, նրա խոսքով, երբ օրինակ Լարսի անցակետը փակվում է և բեռնատարները 5 օրվա փոխարեն ճանապարհին անցկացնում են 15 օր, ծախսերն աճում են, ինչի հետևանքով գազի գինը բարձրանում է։
Գևորգյանը նաև ընդգծեց, որ վառելիքի գների փոփոխությունը բազմապատիկ ազդեցություն ունի տնտեսության վրա։ Նրա դիտարկմամբ՝ դիզելային վառելիքը լայնորեն օգտագործվում է գյուղատնտեսությունում, և եթե այն թանկանում է գյուղատնտեսական սեզոնի ընթացքում, դրա ազդեցությունը զգացվում է ամբողջ տարվա ընթացքում՝ գյուղմթերքի գների բարձրացման տեսքով։
Հանձնաժողովի նախագահը անդրադարձավ նաև ՀԴՄ սպասարկման ծառայությունների թանկացման խնդրին։ Նրա խոսքով՝ հանձնաժողովը վարույթ է իրականացրել և ընկերություններին տուգանել՝ կիրառելով առավելագույն տուգանք՝ հասույթի 10 տոկոսի չափով։ Գևորգյանը նշեց, որ հանձնաժողովը արձանագրել է, որ գների բարձրացումը համաչափ չէ ընկերությունների ծախսերի աճին։ Այժմ բանակցություններ են ընթանում, որպեսզի դատական գործընթացներ չլինեն և հնարավոր լինի կոնսենսուսով լուծում գտնել։ Գևորգյանը նշեց, որ քննարկվում է սակագինը մոտ 2400 դրամի սահմաններում սահմանելու տարբերակը, ինչպես նաև նախատեսվում է, որ որոշ հաճախորդների համար մեկ ամիս սպասարկումը կլինի անվճար՝ որպես փոխհատուցում նախկինում բարձրացված գների համար։ Նրա խոսքով՝ այս փոփոխությունները կարող են վերաբերվել շուրջ 40 հազար փոքր բիզնեսի ներկայացուցիչների։
Գևորգյանը անդրադարձավ նաև տաքսի ծառայությունների ոլորտին՝ նշելով, որ կառավարությունում տեղի է ունեցել հանդիպում ոլորտի ներկայացուցիչների հետ։ Նա նշեց, որ քննարկվել են վարորդների աշխատանքային ստաժի հաշվառման, կենսաթոշակային վճարների և սոցիալական երաշխիքների հարցերը։ Նրա խոսքով՝ կառավարությունը նախատեսում է մինչև աշուն լուծումներ ներկայացնել այդ խնդիրների համար։Տաքսի ծառայությունների ոլորտում խնդիրների մի մասը կապված է հարթակների և վարորդների հարաբերությունների հետ։ Գևորգյանի խոսքով՝ արդեն որոշ փոփոխություններ են իրականացվել՝ օրինակ որոշ ծառայությունների միջնորդավճարների վերանայում, ինչպես նաև առաջարկվել են նոր մեխանիզմներ վարորդների գնահատման համակարգում։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է նաև ավելի լավ հաղորդակցություն հարթակների և վարորդների միջև, որպեսզի վարորդները կարողանան անհատական կերպով ներկայացնել իրենց խնդիրները։
Հանձնաժողովի նախագահը նաև անդրադարձավ հեռահաղորդակցության ընկերությունների և վճարային համակարգերի միջև առաջացած վեճին։ Նրա խոսքով՝ երեք օպերատոր որոշել էին դադարեցնել վճարումների ընդունումը որոշ վճարային համակարգերի միջոցով՝ պատճառաբանելով բարձր միջնորդավճարները։ Գևորգյանը նշեց, որ հանձնաժողովը այդ կապակցությամբ հակամրցակցային համաձայնության կասկածով վարույթ է հարուցել և քննարկում է միջանկյալ լուծումներ, որպեսզի շուկայի մասնակիցներից որևէ մեկը անդառնալի վնաս չկրի մինչև վերջնական որոշման ընդունումը։
Վերջում Գևորգյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններից հետո իրենց հանձնաժողովը դարձել է սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմինը։ Նրա խոսքով՝ այժմ գործում է «Սպառողի օգնական» գործիքը, որի միջոցով քաղաքացիները կարող են բողոք ներկայացնել ապրանքների կամ ծառայությունների հետ կապված խնդիրների դեպքում։ Նա ընդգծեց, որ եթե բիզնեսը 14 օրվա ընթացքում չի լուծում խնդիրը, ապա այն փոխանցվում է հանձնաժողովի հետ համագործակցող իրավաբանական կազմակերպություններին, իսկ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը միջամտում է և լուծում հարցը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
