Եթե ընտրությունները տեղի ունենային մոտ ժամանակում, ապա իշխող ուժը կստանար առավելագույն աջակցությունը, իսկ մյուս ուժերի վարկանիշը շատ ավելի ցածր կլիներ։ Սակայն, այստեղ պետք է հասկանալ՝ որտեղից կարող է առաջանալ որակական փոփոխություն քաղաքական դաշտում։
Վահրամ Աթանեսյան
1inTV‑ն զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում վերլուծության է ենթարկվում Հայաստանի ներքաղաքական դինամիկան՝ կենտրոնանալով ընտրողների նախընտրությունների և ավանդական կուսակցությունների վարկանիշի անկման վրա։ Վահրամ Աթանեսյանը քննարկում է, թե ինչպես է ՀՅ Դաշնակցությունը կորցրել իր կայուն ընտրազանգվածը իշխանության հետ սերտաճման և կոռուպցիոն սկանդալների պատճառով, ինչը խաթարել է կուսակցության գաղափարական հեղինակությունը։ Զրույցի ընթացքում շեշտվում է նաև հանրային տրամադրությունների հակասական բնույթը, որտեղ արևմտամետ ձգտումները հաճախ սահմանափակվում են կենցաղային շահերով, այլ ոչ թե քաղաքական խորը գիտակցությամբ։
Վահրամ Աթանեսյանը անդրադարձավ Հայաստանում հրապարակված սոցիոլոգիական հարցման արդյունքներին՝ նշելով, որ դրանցում առկա են հետաքրքիր հակասություններ։ Նրա խոսքով՝ եթե հարցվածների շուրջ 51 տոկոսը ցանկանում է, որ Հայաստանը գնա դեպի Եվրամիություն, ապա հարց է առաջանում, թե ինչու այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են եկել եվրոպական ինտեգրման նախաձեռնությամբ, հարցումներում ունեն չափազանց ցածր վարկանիշ կամ ընդհանրապես չեն երևում։ Աթանեսյանի դիտարկմամբ՝ երբ անցկացվում էր Եվրամիությանը անդամակցության օգտին ստորագրահավաքը, նա արդեն այն ժամանակ ասել էր, որ եթե շուրջ 60 հազար քաղաքացի ստորագրել է այդ նախաձեռնության տակ, ապա այդ քաղաքական ուժերը պետք է ունենային առնվազն խորհրդարան անցնելու չափ վարկանիշ։ Սակայն այժմ, նրա խոսքով, հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ այդ աջակցությունը իրականում կարող է պայմանավորված լինել ոչ թե քաղաքակրթական կամ քաղաքական ընտրությամբ, այլ շատ ավելի գործնական նկատառումներով։
Նրա կարծիքով՝ շատ քաղաքացիներ Եվրամիության անդամակցությունը դիտարկում են առաջին հերթին որպես հնարավորություն ավելի ազատ մուտք գործելու Շենգենյան գոտի, ավելի հեշտ ճանապարհորդելու Եվրոպա կամ անգամ քաղաքական ապաստան խնդրելու համար։ Աթանեսյանը դա համարում է վտանգավոր մոտեցում, քանի որ այդ դեպքում եվրոպական ընտրությունը չի ընկալվում իր իրական քաղաքական և անվտանգային բովանդակությամբ։ Միևնույն ժամանակ եվրոպական կողմնորոշման հարցում պետք է հաշվի առնել նաև իշխանության վարկանիշը, քանի որ իշխանությունը հակաեվրոպական դիրքորոշում չունի և հենց քաղաքական մեծամասնությունն է ընդունել Հայաստանի Եվրամիության անդամակցության մասին օրենքը։ Նրա խոսքով՝ առաջիկա ընտրությունները հնարավորություն կտան ոչ միայն հասկանալու իշխանության իրական վարկանիշը, այլև պարզելու, թե որքանով է հայ հասարակության եվրոպական ընտրությունը իրական։
Անդրադառնալով նույն հարցման մյուս տվյալներին՝ Վահրամ Աթանեսյանը նշեց, որ եթե ընտրությունները տեղի ունենային մոտ ժամանակում, ապա իշխող ուժը կստանար առավելագույն աջակցությունը, իսկ մյուս ուժերի վարկանիշը շատ ավելի ցածր կլիներ։ Սակայն, ըստ նրա, այստեղ պետք է հասկանալ՝ որտեղից կարող է առաջանալ որակական փոփոխություն քաղաքական դաշտում։
Աթանեսյանը հիշեցրեց, որ հարցվածների շուրջ 44 տոկոսը դժգոհություն է հայտնել Ազգային ժողովի աշխատանքից, ինչը բավական բարձր ցուցանիշ է։ Սակայն նա ընդգծեց, որ Ազգային ժողովից դժգոհ լինելը պարտադիր չի նշանակում նույն չափով դժգոհություն իշխանությունից։ Նրա համոզմամբ՝ նույնիսկ վարչապետը կարող է դժգոհ լինել խորհրդարանի աշխատանքից, քանի որ այն հարթակը չէ, որտեղ ձևավորվում կամ գեներացվում է քաղաքական միտք։
Աթանեսյանը կարծում է, որ այս իրավիճակի համար մեծ պատասխանատվություն ունեն նաև ընդդիմադիր խմբակցությունները, որոնք հաճախ խուսափել են իշխանության հետ բովանդակային քաղաքական բանավեճերից և ստեղծագործ քաղաքական քննարկումներից։ Նրա խոսքով՝ պատճառը կարող է լինել կամ ռեսուրսների պակասը, կամ նման քննարկումների ցանկության բացակայությունը։ Միաժամանակ Աթանեսյանը նշեց, որ իշխանության ներկայացուցիչներն էլ երբեմն թույլ են տալիս այնպիսի վարքագիծ, որը ավելի բնորոշ է ընդդիմությանը, ոչ թե իշխող քաղաքական մեծամասնությանը։ Նրա կարծիքով՝ իշխող ուժը պետք է առավել սառնասիրտ, հավասարակշռված և կոռեկտ լինի, քանի որ հանրային վերաբերմունքը հաճախ ձևավորվում է հենց այդ քաղաքական վարքագծի հիման վրա։
Խոսելով ապագա խորհրդարանի կազմի մասին՝ Վահրամ Աթանեսյանը չբացառեց, որ այնտեղ կարող է ձևավորվել երեք կամ առավելագույնը չորս քաղաքական ուժից բաղկացած համակարգ։ Նրա գնահատմամբ՝ երրորդ ընդդիմադիր ուժը նույնիսկ կարող է խորհրդարան մտնել ոչ թե ընտրական շեմը հաղթահարելու, այլ սահմանադրական պահանջը պահպանելու արդյունքում։

Աթանեսյանը նաև անդրադարձավ Հայ Հեղափոխական Դաշնակցության վարկանիշի անկմանը՝ նշելով, որ այն կապված է ոչ միայն կուսակցության քաղաքական դիրքորոշումների, այլև հասարակական ընկալումների փոփոխության հետ։ Նրա խոսքով՝ այն գաղափարախոսությունը, որը ավելի քան մեկ դար ներկայացվել է որպես հեղափոխական ու անձնազոհ շարժում, անկախ Հայաստանի իրականության մեջ ոչ թե ամրապնդվել է, այլ աստիճանաբար դեգրադացվել։ Նրա դիտարկմամբ՝ երբ կուսակցության հետ կապվող անձինք հայտնվում են կոռուպցիոն սկանդալների կամ մեծ ունեցվածքի շուրջ քննարկումների կենտրոնում, հասարակության վերաբերմունքը փոխվում է ոչ միայն կոնկրետ մարդկանց, այլ ամբողջ կուսակցության նկատմամբ։ Ըստ Աթանեսյանի՝ հանրային ընկալման մեջ ձևավորվում է պատկերացում, որ չափազանց մեծ հարստությունը չի կարող ձևավորվել միայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ, և այդ հանգամանքը վնասում է քաղաքական ուժերի վստահությանը։
Նախկին պատգամավորը նաև քննադատեց ընդդիմության քաղաքական մարտավարությունը՝ նշելով, որ իշխանության դեմ հիմնական պայքարը հաճախ կառուցվում է ոչ թե քաղաքական ծրագրերի և հայեցակարգերի, այլ փոխադարձ մեղադրանքների և վարկաբեկման վրա։ Նրա խոսքով՝ նման մոտեցումը ցույց է տալիս, որ ընդդիմությունը հաճախ չունի բովանդակային քաղաքական առաջարկ իշխանության քաղաքականությանը հակադրելու համար։
Աթանեսյանը նույնիսկ արտահայտեց այն միտքը, որ երբ իրական քաղաքական ընդդիմախոսություն չի ձևավորվում, իշխանությունը որոշ իմաստով ստիպված է ինքն իր համար ստեղծել նման հակակշիռ։ Նրա կարծիքով՝ խորհրդարանում պետք է լինեն ուժեր, որոնք ունեն հստակ գաղափարական դիրքորոշումներ և կարող են առաջարկել այլընտրանքային լուծումներ, այդ թվում՝ արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններով։ Նրա գնահատմամբ՝ ներկայում Հայաստանի իշխանությունը հաճախ մնում է միայնակ արտաքին և անվտանգային բարդ իրավիճակներում, քանի որ ընդդիմությունը հիմնականում սահմանափակվում է քննադատությամբ՝ չառաջարկելով գործնական քաղաքական տարբերակներ։
Անդրադառնալով հետպատերազմյան քաղաքական իրավիճակին՝ Վահրամ Աթանեսյանը հիշեցրեց, որ 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո ընդդիմությունը պետք է ընդուներ ընտրությունների արդյունքը և աշխատեր այդ իրականության պայմաններում։ Նրա խոսքով՝ այն փաստը, որ պատերազմից հետո վարչապետը հրաժարական տվեց, անցկացվեցին ընտրություններ և կրկին ստացվեց մեծամասնության աջակցություն, քաղաքական ազդակ էր, որ իշխանության հետ պետք է աշխատել ինստիտուցիոնալ դաշտում։
Նա քննադատեց նաև այն քաղաքական և քարոզչական մոտեցումները, որոնք, իր խոսքով, Արցախի թեման օգտագործում են ներքաղաքական պայքարում։ Աթանեսյանը նշեց, որ երբ տարբեր խմբեր փորձում են բռնատեղահանված արցախցիների շրջանում քաղաքական կողմնորոշում ձևավորել կամ նրանց օգտագործել ներքաղաքական նպատակներով, դա կարող է խորացնել լարվածությունը Հայաստանի բնակչության և արցախցիների միջև։ Նման քայլերը ոչ թե նպաստում են հասարակական համերաշխությանը, այլ հակառակը՝ ստեղծում են բևեռացվածության նոր օջախներ։

Վահրամ Աթանեսյանը նաև անդրադարձավ տարածաշրջանային զարգացումներին և Իրանի շուրջ քննարկումներին՝ նշելով, որ հայկական հանրային դիսկուրսում հաճախ տարածվում են չափազանցված կամ իրականությունից կտրված սպասումներ։ Նրա կարծիքով՝ ենթադրությունները, թե Իրանի և Ադրբեջանի հնարավոր բախումը կարող է ինքնաբերաբար լուծել Արցախի հարցը, չունեն քաղաքական հիմք։ Իրականությունն այն է, որ նույնիսկ ամենաբարդ փուլերում Իրանը չի ձեռնարկել քայլեր, որոնք ուղղակիորեն կօգնեին Արցախի բնակչությանը, և այդ փաստը պետք է հաշվի առնել քաղաքական գնահատականներ անելիս։
Աթանեսյանի եզրակացությամբ՝ հասարակության զգացմունքների վրա խաղալը, հատկապես բռնատեղահանված մարդկանց հույսերի հետ կապված, վտանգավոր քաղաքական պրակտիկա է, որը կարող է օգտագործվել ընտրական նպատակներով։ Նրա կարծիքով՝ դա կրկին բաժանում է նույն ընտրազանգվածը տարբեր ճամբարների և խորացնում հասարակական բևեռացումը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
