Բաքվից պահանջել են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի եւ ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի ձերբակալությունը: Պարզ չէ, թե այդ պահանջը ե՞րբ եւ ու՞մ միջոցով է ներկայացվել:
Վահրամ Աթանեսյան
Մաս 106
2023թ. սեպտեմբերի 28-ին Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որ նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիր: Նույն օրը նախկին արտգործնախարար, արտաքին քաղաքականության հարցերով նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ֆեյսբուքի անհատական օգտահաշվում գրառում է կատարել եւ հանրայնացրել, որ Ադրբեջանի դատախազությունը իրեն Շուշի ներկայանալու եւ «իրավապահ մարմիններին հանձնվելու» պահանջ է առաջադրել: Բաբայանը ասել է, որ լինելով հայ, քրիստոնյա եւ չցանկանալով որեւէ մեկի համար խնդիրներ ստեղծել, ընդունել է այդ պահանջը եւ «բարձրանում է Շուշի»:
Բռնագաղթից ամիսներ անց իրավիճակին լավատեղյակ աղբյուրները պատմել են, որ Բաբայանը «ոչ թե բարձրացել է Շուշի, այլ իջել է կառավարության հյուրատուն, որտեղ նրան սպասելիս է եղել Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ջեյհուն Շադլինսկին»: Նա էլ տեղում ձերբակալել է Բաբայանին եւ «նույն օրը տեղափոխել Բաքու»:
Ըստ վստահելի աղբյուրների, նույն օրը Հակարոյի անցակետի շրջակայքում Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանին եւ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին: Վարդանյանը փորձել է Հայաստան անցնել Մանուկյանի ավտոմեքենայով: Կա վարկած, որ ադրբեջանցիները ձերբակալել, Բաքու են տեղափոխել, ապա ազատ արձակել Դավիթ Մանուկյանի կնոջը: Հակարոյի անցակետում է ձերբակալվել նաեւ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը:

Ադրբեջանի կողմից ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը «պատանդ հանձնելու» մասին տեղեկությունը առաջին անգամ անցյալ տարի հանրայնացրել է հետաքննող լրագրող Թաթուլ Հակոբյանը: Ըստ նրա տեղեկությունների, Բաքվից պահանջել են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի եւ ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի ձերբակալությունը: Պարզ չէ, թե այդ պահանջը ե՞րբ եւ ու՞մ միջոցով է ներկայացվել: Ադրբեջանական կողմի հետ բանակցությունների մասին հակասական տեղեկություններ են տարածված: Իրականությանը, կարծես, ավելի մոտ է այն, որ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը ԼՂՀ լուծարման մասին Սամվել Շահրամանյանի հրամանագրի մասին տեղեկություն տարածվելուց հետո ապաստանել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարական ավանում: Նրանք այնտեղ են մնացել մինչեւ հոկտեմբերի 3‑ը:

Մանրամասնությունների մեջ խորանալու հարկ չկա: Միայն այն փաստը, որ աղետի օրերին Արցախի նախկին նախագահներից երկուսը գտնվել են ռուսական զորախմբի ավանում, իսկ Արայիկ Հարությունյանը՝ իր մասնավոր ձեռնարկությունում, վկայում է, որ ադրբեջանական հարձակումը ամենից առաջ կոտրել է Արցախի ղեկավարության քաղաքական կամքը:
Վահրամ Աթանեսյան
Վերջին մասը հաջորդիվ
