Երբ ընտրությունը սահմանափակվում է «վատ» ու «ավելի վատ» տարբերակների միջև, քաղաքական մասնակցությունը վերածվում է ոչ թե գիտակցված որոշման, այլ հոգեբանական ինքնապաշտպանության մեխանիզմի։ Մարդիկ սկսում են ընտրել ոչ թե այն, ինչ ցանկանում են, այլ այն, ինչից ավելի քիչ են վախենում։
Մեր Ուղին
Ընտրությունների մեկնարկին ընդառաջ Հայաստանում ավելի ու ավելի է սրվում քաղաքական իրական խոսույթի բովանդակային դատարկությունը ու այդ դատարկությունը ոչ միայն չի լցվում, այլև սպառնում է ավելի մեծանալ ու կուլ տալ ամեն տեսակի ողջախոհություն։ Ընդ որում այդ նախընտրական անբովանդակ աղմուկը շարունակում է հագենալ նույն անավարտ, կիսատ-պռատ խոստումներով, հայհոյանքներով ու անեծքներով։ Ոչ մի փոփոխություն։ Իշխանությունների կողմից շարունակվում է արդեն իսկ իրենց համար ավանդույթ դարձած «նախկինների վերադարձի», ըստ դրա Ռուսաստանի վերադարձի կանխման խոստումը, իսկ ընդդիմությունը շարունակում է «հայրենիքը փրկելու» արդեն հնացած մեթոդաբանությունը։ Ու զարմանալին այն է, որ այդ ամենը դեռ շարունակում է աշխատել ու հասարակության գերակշիռ մասը դեռ հաճույքով ընդունում է այդ քաղաքական սնունդը, մարսում է ու շարունակում է նույն ախորժակով ուտել այդ ամենը։
Ու եթե իշխանությունը որպես իշխանություն կարողանում է քիչ թե շատ հիմնավորել իր խոսույթը՝ առնվազն այն մակարդակով, որ գոնե խաղաղության հաստատման գործում ինչ որ բան է անում, տեսանելի են հայ-ամերիկյան, հայ-ֆրանսիական, հայ-հնդկական հարաբերությունները, դրանից բխող գործնական հետևանքներով ու ընթացքով, ապա ընդդիմությունը շարունակում է մի իր՝ արդեն ձախողված տրամաբանությունը։ Ձախողված այն իմաստով, որ շարունակվում է արդեն սպառված թեմայի չարաշահումը։ Ընդդիմությունը շարունակում է Արցախի ողբերգությունը օգտագործել որպես իր քաղաքական գործիք՝ նպատակ ունենալով համազգային ցավը դարձնել իր շահերն առաջ տանող գործիքը։ 2021թ․ այդ նույն տրամաբանությունը չաշխատեց, հավանաբար չի աշխատի նաև 2026թ․ ընտրությունների ժամանակ։ Տարօրինակ կլինի, եթե նույն մոտեցումը նույն իրավիճակում տարբեր արդյունքներ տա։ Ընդդիմության մոտեցումը չի աշխատում ոչ թե այն առումով, որ իշխանությունները լավն են կամ հաջողում են ամեն ինչում, այլ որովհետև ընդդիմությունը փորձում է իշխանությանը «դեմ տալ» այն, ինչում իրենք տասնապատիկ մեղավոր են։ Ընդ որում ընդդիմության կարկառուն ներկայացուցիչներն այն դեմքերն ու կերպարներն են, որ առնվազն 1999-ականների սկզբից նեղացրել են ժողովրդին՝ գրեթե անհատական մակարդակով։ Ընդդիմության ներկայացուցիչները նրանք են, ում հասարակությունը մերժել է 2018թ․։ Ոչ թե նրա համար որ Նիկոլ Փաշինյանը լավագույնն էր, այլ որովհետև իրենք ավելի վատն էին։ Վատն էին իրենց արհամարհական վերաբերմունքով, տհաճ ու ամբարտավան պահվածքով, «փայ մտնելու» ցանկությամբ, ծեծելու, հայհոյելու, մարդկանց ունեզրկելու և այլ ուղեկցող հանգամանքներով։ Վատն էին ու շարունակում են վատը մնալ, որովհետև չեն հրաժարվում իրենց նախկին պահվածքի տրամաբանությունից, չեն ցանկանում հասկանալ, որ իրենց պարտության մեղավորը ոչ թե Նիկոլն է, այլ իրենց մութ անցյալը, որից չեն ուզում ու չեն կարողանում հրաժարվել։ Նիկոլ Փաշինյանը լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս ընդդիմության իրական բովանդակությունն ու էությունը։ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ‑ի գոյությունը, նրանց գործունեությունը ընդհանրապես կարելի է մի կողմ դնել, նրանց փոխարինել այլ կերպարներով, միևնույն է ընդդիմությունը չի կարողանալու իրենից փչող վատ հոտը չզգալ ու ձևացնել, թե այն չկա։

Ընդդիմությունը, ըստ էության, չի պայքարում իշխանության դեմ, այլ պայքարում է սեփական անցյալի դեմ՝ առանց դա ընդունելու։ Եվ քանի դեռ այդ չընդունված անցյալը շարունակում է լինել նրանց քաղաքական ինքնության հիմքը, ամեն մի նոր հայտարարություն, ամեն մի նոր կոչ, ամեն մի «փրկության ծրագիր» ընկալվում է ոչ թե որպես ապագայի առաջարկ, այլ որպես վերադարձ դեպի արդեն ապրած ու մերժված իրականություն։ Սա է գլխավոր խնդիրը․ընդդիմությունը չի առաջարկում ապագա, այլ փորձում է վերափաթեթավորել անցյալը։
Սակայն նույնքան վտանգավոր է նաև այն հանգամանքը, որ իշխանության խոսույթը, որքան էլ արտաքին քաղաքական որոշ ուղղություններով փաստարկված կամ գոնե տեսանելի լինի, ներսում աստիճանաբար դառնում է ինքնաբավ և ինքնարդարացվող։ Այսինքն՝ ստեղծվում է մի փակ շրջան, որտեղ ցանկացած քննադատություն ավտոմատ կերպով դասվում է «հին համակարգի վերադարձի» կամ «արտաքին վտանգների սպասարկման» դաշտ։ Արդյունքում՝ քաղաքական բանավեճը ոչ թե խորանում է, այլ պարզունակացվում՝ վերածվելով «մերոնք-ձերոնք» հին ու վտանգավոր բաժանման։
Եվ այս ամբողջի մեջ ամենամեծ կորուստը հասարակությունն է։ Ոչ թե որովհետև հասարակությունը չի հասկանում, այլ որովհետև նրան առաջարկվում է չափազանց ցածր որակի ընտրություն։ Երբ ընտրությունը սահմանափակվում է «վատ» ու «ավելի վատ» տարբերակների միջև, քաղաքական մասնակցությունը վերածվում է ոչ թե գիտակցված որոշման, այլ հոգեբանական ինքնապաշտպանության մեխանիզմի։ Մարդիկ սկսում են ընտրել ոչ թե այն, ինչ ցանկանում են, այլ այն, ինչից ավելի քիչ են վախենում։
Այս իրավիճակում ամենավտանգավորն այն է, որ ձևավորվում է մի յուրատեսակ քաղաքական ցինիզմ, որտեղ ոչ ոք իրականում չի հավատում ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, բայց շարունակում է մասնակցել այդ խաղին՝ պարզապես այլընտրանք չունենալու պատճառով։ Սա արդեն ոչ թե քաղաքական ճգնաժամ է, այլ քաղաքական մշակույթի դեգրադացիա, որտեղ գաղափարները փոխարինվում են սիմվոլներով, ծրագրերը՝ կարգախոսներով, իսկ պատասխանատվությունը՝ մեղադրանքներով։
Եթե փորձենք այս ամենը դիտարկել ավելի խորքային՝ փիլիսոփայական մակարդակում, ապա կտեսնենք, որ խնդիրը ոչ թե առանձին քաղաքական ուժերի մեջ է, այլ ամբողջ համակարգի մտածողության մեջ։ Հայաստանում քաղաքականությունը վաղուց դադարել է լինել ապագայի նախագծման գործիք և դարձել է անցյալի վերարտադրության մեխանիզմ։ Իշխանությունը վերարտադրում է իր լեգիտիմությունը վախի միջոցով, ընդդիմությունը՝ ցավի միջոցով։ Երկուսն էլ աշխատում են նույն հարթության վրա՝ զգացմունքների մանիպուլյացիայի, ոչ թե բանականության ակտիվացման։
Սա է պատճառը, որ բովանդակային դատարկությունը չի լցվում․ այն պարզապեսվերարտադրվում է՝ նոր ձևերով, բայց նույն էությամբ։Եվ քանի դեռ քաղաքական դաշտում չի ձևավորվումուժ, որը կխոսի ոչ թե վախի կամ ցավի, այլպատասխանատվության, ծրագրի և արժանապատվության լեզվով, այս փակ շրջանը շարունակվելու է։
Ի վերջո, խնդիրը ոչ թե այն է, թե ով կհաղթի ընտրություններում, այլ այն, թե արդյոք կա՞ որևէ ուժ, որը կփոխի խաղի կանոնները։ Մինչ այդ՝ մենք շարունակելու ենք ապրել մի իրականությունում, որտեղ ընտրությունները ոչ թե փոփոխության հնարավորություն են, այլ նույն իրականության հերթական վերարտադրությունը՝ նոր ամսաթվով ու նույն բովանդակությամբ։
Մեր Ուղին
