21.4 C
Yerevan

Ընտրություն Դատարկ Տարա­ծության Մեջ

Երբ ընտրությունը սահմա­նա­փակվում է «վատ» ու «ավե­լի վատ» տարբե­րակնե­րի միջև, քաղա­քա­կան մասնակցությունը վերածվում է ոչ թե գիտակցված որոշման, այլ հոգե­բա­նա­կան ինքնա­պաշտպա­նության մեխա­նիզմի։ Մարդիկ սկսում են ընտրել ոչ թե այն, ինչ ցանկա­նում են, այլ այն, ինչից ավե­լի քիչ են վախե­նում։ 

Մեր Ուղին

Ընտրություննե­րի մեկնարկին ընդա­ռաջ Հայաստա­նում ավե­լի ու ավե­լի է սրվում քաղա­քա­կան իրա­կան խոսույթի բովանդա­կա­յին դատարկությունը ու այդ դատարկությունը ոչ միայն չի լցվում, այլև սպառնում է ավե­լի մեծա­նալ ու կուլ տալ ամեն տեսա­կի ողջա­խո­հություն։ Ընդ որում այդ նախընտրա­կան անբո­վանդակ աղմուկը շարունա­կում է հագե­նալ նույն անա­վարտ, կիսատ-պռատ խոստումնե­րով, հայհո­յանքնե­րով ու անեծքնե­րով։ Ոչ մի փոփո­խություն։ Իշխա­նություննե­րի կողմից շարունակվում է արդեն իսկ իրենց համար ավանդույթ դարձած «նախկիննե­րի վերա­դարձի», ըստ դրա Ռուսաստա­նի վերա­դարձի կանխման խոստումը, իսկ ընդդի­մությունը շարունա­կում է «հայրե­նի­քը փրկե­լու» արդեն հնա­ցած մեթո­դա­բա­նությունը։ Ու զարմա­նա­լին այն է, որ այդ ամե­նը դեռ շարունա­կում է աշխա­տել ու հասա­րա­կության գերակշիռ մասը դեռ հաճույքով ընդունում է այդ քաղա­քա­կան սնունդը, մարսում է ու շարունա­կում է նույն ախորժա­կով ուտել այդ ամե­նը։

Ու եթե իշխա­նությունը որպես իշխա­նություն կարո­ղա­նում է քիչ թե շատ հիմնա­վո­րել իր խոսույթը՝ առնվազն այն մակարդա­կով, որ գոնե խաղա­ղության հաստատման գործում ինչ որ բան է անում, տեսա­նե­լի են հայ-ամե­րիկյան, հայ-ֆրանսիա­կան, հայ-հնդկա­կան հարա­բե­րություննե­րը, դրա­նից բխող գործնա­կան հետև­անքնե­րով ու ընթացքով, ապա ընդդի­մությունը շարունա­կում է մի իր՝ արդեն ձախողված տրա­մա­բա­նությունը։ Ձախողված այն իմաստով, որ շարունակվում է արդեն սպառված թեմա­յի չարա­շա­հումը։ Ընդդի­մությունը շարունա­կում է Արցա­խի ողբերգությունը օգտա­գործել որպես իր քաղա­քա­կան գործիք՝ նպա­տակ ունե­նա­լով համազգա­յին ցավը դարձնել իր շահերն առաջ տանող գործի­քը։ 2021թ․ այդ նույն տրա­մա­բա­նությունը չաշխա­տեց, հավա­նա­բար չի աշխա­տի նաև 2026թ․ ընտրություննե­րի ժամա­նակ։ Տարօ­րի­նակ կլի­նի, եթե նույն մոտե­ցումը նույն իրա­վի­ճա­կում տարբեր արդյունքներ տա։ Ընդդի­մության մոտե­ցումը չի աշխա­տում ոչ թե այն առումով, որ իշխա­նություննե­րը լավն են կամ հաջո­ղում են ամեն ինչում, այլ որովհետև ընդդի­մությունը փորձում է իշխա­նությա­նը «դեմ տալ» այն, ինչում իրենք տասնա­պա­տիկ մեղա­վոր են։ Ընդ որում ընդդի­մության կարկա­ռուն ներկա­յա­ցուցիչներն այն դեմքերն ու կերպարներն են, որ առնվազն 1999-ականնե­րի սկզբից նեղացրել են ժողովրդին՝ գրե­թե անհա­տա­կան մակարդա­կով։ Ընդդի­մության ներկա­յա­ցուցիչնե­րը նրանք են, ում հասա­րա­կությունը մերժել է 2018թ․։ Ոչ թե նրա համար որ Նիկոլ Փաշինյա­նը լավա­գույնն էր, այլ որովհետև իրենք ավե­լի վատն էին։ Վատն էին իրենց արհա­մարհա­կան վերա­բերմունքով, տհաճ ու ամբարտա­վան պահվածքով, «փայ մտնե­լու» ցանկությամբ, ծեծե­լու, հայհո­յե­լու, մարդկանց ունեզրկե­լու և այլ ուղեկցող հանգա­մանքնե­րով։ Վատն էին ու  շարունա­կում են վատը մնալ, որովհետև չեն հրա­ժարվում իրենց նախկին պահվածքի տրա­մա­բա­նությունից, չեն ցանկա­նում հասկա­նալ, որ իրենց պարտության մեղա­վո­րը ոչ թե Նիկոլն է, այլ իրենց մութ անցյա­լը, որից չեն ուզում ու չեն կարո­ղա­նում հրա­ժարվել։ Նիկոլ Փաշինյա­նը լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս ընդդի­մության իրա­կան բովանդա­կությունն ու էությունը։ Նիկոլ Փաշինյա­նի ու ՔՊ‑ի գոյությունը, նրանց գործունեությունը ընդհանրա­պես կարե­լի է մի կողմ դնել, նրանց փոխա­րի­նել այլ կերպարնե­րով, միևնույն է ընդդի­մությունը չի կարո­ղա­նա­լու իրե­նից փչող վատ հոտը չզգալ ու ձևացնել, թե այն չկա։

Ընդդի­մությունը, ըստ էության, չի պայքա­րում իշխա­նության դեմ, այլ պայքա­րում է սեփա­կան անցյա­լի դեմ՝ առանց դա ընդունե­լու։ Եվ քանի դեռ այդ չընդունված անցյա­լը շարունա­կում է լինել նրանց քաղա­քա­կան ինքնության հիմքը, ամեն մի նոր հայտա­րա­րություն, ամեն մի նոր կոչ, ամեն մի «փրկության ծրա­գիր» ընկալվում է ոչ թե որպես ապա­գա­յի առա­ջարկ, այլ որպես վերա­դարձ դեպի արդեն ապրած ու մերժված իրա­կա­նություն։ Սա է գլխա­վոր խնդիրը․ընդդիմությունը չի առա­ջարկում ապա­գա, այլ փորձում է վերա­փա­թե­թա­վո­րել անցյա­լը։

Սակայն նույնքան վտանգա­վոր է նաև այն հանգա­մանքը, որ իշխա­նության խոսույթը, որքան էլ արտա­քին քաղա­քա­կան որոշ ուղղություննե­րով փաստարկված կամ գոնե տեսա­նե­լի լինի, ներսում աստի­ճա­նա­բար դառնում է ինքնա­բավ և ինքնարդա­րացվող։ Այսինքն՝ ստեղծվում է մի փակ շրջան, որտեղ ցանկա­ցած քննա­դա­տություն ավտո­մատ կերպով դասվում է «հին համա­կարգի վերա­դարձի» կամ «արտա­քին վտանգնե­րի սպա­սարկման» դաշտ։ Արդյունքում՝ քաղա­քա­կան բանա­վե­ճը ոչ թե խորա­նում է, այլ պարզունա­կացվում՝ վերածվե­լով «մերոնք-ձերոնք» հին ու վտանգա­վոր բաժանման։

Եվ այս ամբողջի մեջ ամե­նա­մեծ կորուստը հասա­րա­կությունն է։ Ոչ թե որովհետև հասա­րա­կությունը չի հասկա­նում, այլ որովհետև նրան առա­ջարկվում է չափա­զանց ցածր որա­կի ընտրություն։ Երբ ընտրությունը սահմա­նա­փակվում է «վատ» ու «ավե­լի վատ» տարբե­րակնե­րի միջև, քաղա­քա­կան մասնակցությունը վերածվում է ոչ թե գիտակցված որոշման, այլ հոգե­բա­նա­կան ինքնա­պաշտպա­նության մեխա­նիզմի։ Մարդիկ սկսում են ընտրել ոչ թե այն, ինչ ցանկա­նում են, այլ այն, ինչից ավե­լի քիչ են վախե­նում։

Այս իրա­վի­ճա­կում ամե­նավտանգա­վորն այն է, որ ձևա­վորվում է մի յուրա­տե­սակ քաղա­քա­կան ցինիզմ, որտեղ ոչ ոք իրա­կա­նում չի հավա­տում ոչ իշխա­նությա­նը, ոչ ընդդի­մությա­նը, բայց շարունա­կում է մասնակցել այդ խաղին՝ պարզա­պես այլընտրանք չունե­նա­լու պատճա­ռով։ Սա արդեն ոչ թե քաղա­քա­կան ճգնա­ժամ է, այլ քաղա­քա­կան մշա­կույթի դեգրա­դա­ցիա, որտեղ գաղա­փարնե­րը փոխա­րինվում են սիմվոլնե­րով, ծրագրե­րը՝ կարգա­խոսնե­րով, իսկ պատասխա­նատվությունը՝ մեղադրանքնե­րով։

Եթե փորձենք այս ամե­նը դիտարկել ավե­լի խորքա­յին՝ փիլի­սո­փա­յա­կան մակարդա­կում, ապա կտեսնենք, որ խնդի­րը ոչ թե առանձին քաղա­քա­կան ուժե­րի մեջ է, այլ ամբողջ համա­կարգի մտա­ծո­ղության մեջ։ Հայաստա­նում քաղա­քա­կա­նությունը վաղուց դադա­րել է լինել ապա­գա­յի նախագծման գործիք և դարձել է անցյա­լի վերարտադրության մեխա­նիզմ։ Իշխա­նությունը վերարտադրում է իր լեգի­տի­մությունը վախի միջո­ցով, ընդդի­մությունը՝ ցավի միջո­ցով։ Երկուսն էլ աշխա­տում են նույն հարթության վրա՝ զգացմունքնե­րի մանի­պուլյա­ցիա­յի, ոչ թե բանա­կա­նության ակտի­վացման։

Սա է պատճա­ռը, որ բովանդա­կա­յին դատարկությունը չի լցվում․ այն պարզա­պեսվե­րարտադրվում է՝ նոր ձևե­րով, բայց նույն էությամբ։Եվ քանի դեռ քաղա­քա­կան դաշտում չի ձևա­վորվումուժ, որը կխո­սի ոչ թե վախի կամ ցավի, այլպա­տասխա­նատվության, ծրագրի և արժա­նա­պատվության լեզվով, այս փակ շրջա­նը շարունակվե­լու է։

Ի վերջո, խնդի­րը ոչ թե այն է, թե ով կհաղթի ընտրություննե­րում, այլ այն, թե արդյոք կա՞ որևէ ուժ, որը կփո­խի խաղի կանոննե­րը։ Մինչ այդ՝ մենք շարունա­կե­լու ենք ապրել մի իրա­կա­նությունում, որտեղ ընտրություննե­րը ոչ թե փոփո­խության հնա­րա­վո­րություն են, այլ նույն իրա­կա­նության հերթա­կան վերարտադրությունը՝ նոր ամսաթվով ու նույն բովանդա­կությամբ։

Մեր Ուղին

Առնչվող Հոդվածներ