Խորհրդային իշխանությունները ճնշել են վրացական եկեղեցու ինքնավարությունը և փորձել այն ամբողջությամբ ենթարկել իրենց վերահսկողությանը, ինչն էլ երկարաժամկետ ազդեցություն է թողել եկեղեցական մտածողության վրա։
Գեորգի Թումասյան
1inTV‑ն զրուցել է Միջազգային հարաբերությունների փորձագետ Գեորգի Թումասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Վրաց Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլիա Երկրորդի մահվան ազդեցությունը երկրի հոգևոր և քաղաքական կյանքի վրա։ Միջազգային հարաբերությունների փորձագետ Գեորգի Թումասյանը վերլուծում է եկեղեցու ներսում առկա ռուսական և հունական ազդեցությունների պայքարը՝ ընդգծելով ժամանակավոր կառավարիչ Շիո Մուջիրիի հավանական պրոռուսական կողմնորոշումը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում նաև հայ-վրացական եկեղեցական հարաբերություններին, որտեղ փորձագետը նշում է, որ Գարեգին Բ կաթողիկոսի ներկայությունը հուղարկավորությանը ցանկալի չէ վրաց հասարակության շրջանում առկա բացասական վերաբերմունքի պատճառով։
Գեորգի Թումասյանը նշեց, որ Իլիա Երկրորդի առողջական վիճակը վերջին տարիներին արդեն թույլ չէր տալիս լիարժեք ղեկավարել եկեղեցին, ինչի հետևանքով կառավարման գործառույթները սահմանափակվել էին։ Նրա խոսքով՝ այդ պայմաններում եկեղեցու ներսում ձևավորվել էին տարբեր ազդեցության խմբեր, իսկ Շիո Մուջիրի նշանակումը որպես փաստացի կառավարիչ հատուկ ստեղծված լուծում էր, և այժմ մեծ հավանականությամբ հենց նա էլ կշարունակի ղեկավարել եկեղեցին անցումային փուլում։
Թումասյանը դիտարկում է, որ եկեղեցու ներսում վաղուց առկա են եղել ազդեցությունների համար մրցակցություններ՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին դերակատարների միջև։ Նա ընդգծում է, որ բազմիցս քննարկվել է Բիձինա Իվանիշվիլիի և իշխող ուժի ազդեցությունը եկեղեցու վրա, ինչպես նաև արտաքին՝ հատկապես ռուսական գործոնը։Փորձագետը նշում է, որ պատմականորեն Վրաստանը երկար ժամանակ իրեն կապել է հունական՝ բյուզանդական քաղաքակրթական ուղու հետ, սակայն խորհրդային շրջանից սկսած եկեղեցու կողմնորոշումը զգալիորեն փոխվել է դեպի Ռուսաստան։ Նրա խոսքով՝ խորհրդային իշխանությունները ճնշել են վրացական եկեղեցու ինքնավարությունը և փորձել այն ամբողջությամբ ենթարկել իրենց վերահսկողությանը, ինչն էլ երկարաժամկետ ազդեցություն է թողել եկեղեցական մտածողության վրա։
Թումասյանը կարծում է, որ ներկայումս կտրուկ փոփոխություններ չեն սպասվում, քանի որ Իլիա Երկրորդի մահը չի փոխում արդեն ձևավորված ներքին բալանսը։ Նա ընդգծում է, որ եկեղեցու ներսում առկա ազդեցությունները մեծապես համընկնում են Վրաստանի գործող իշխանությունների քաղաքական գծի հետ, որտեղ, նրա գնահատմամբ, նկատվում է նաև պրոռուսական ուղղվածություն։ Միևնույն ժամանակ, նա նշում է, որ եկեղեցում կան նաև արևմտամետ և հակառուսական դիրքորոշում ունեցող ներկայացուցիչներ, սակայն ընդհանուր պատկերը դեռևս չի վկայում ռուսական ազդեցությունից արագ ազատվելու հնարավորության մասին։

Անդրադառնալով տարածաշրջանային և միջեկեղեցական հարաբերություններին՝ Գեորգի Թումասյանը նշեց, որ Վրաստանի հանրությունում բացասական վերաբերմունք կա Կտրիճ Ներսիսյանի նկատմամբ՝ կապված նախկինում տարածված տեսանյութի հետ։ Նրա կարծիքով՝ այդ վերաբերմունքը ձևավորվել է հենց Ներսիսյանի անձնական վարքագծի պատճառով, և այդ ֆոնի վրա նրա մասնակցությունը հոգեհանգստյան արարողություններին նպատակահարմար չի համարվում։ Թումասյանը նաև ընդգծեց, որ, իր գնահատմամբ, նման միջոցառմանը Հայաստանի կողմից բարձր մակարդակով ներկայացված լինելու համար բավարար կլինի պետական մակարդակով մասնակցությունը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
