ՀՅԴ Բյուրոն համոզված էր, որ ղարաբաղյան կարգավորումը «մի քանի ամիսների հարց է», պնդել էր, որ այդ տարբերակի դեմ քարոզչություն իրականացնելու բավարար ժամանակ չկա, մնում է կողմնորոշվել եւ այն պաշտպանել, քանի որ չկա երաշխիք, թե քիուեսթյան «նոր ձեւավորվ փաթեթի» այլընտրանքը նոր պատերազմը չի լինի, որը կավարտվի, լավագույն դեպքում, այն արդյունքներով, ինչ առաջարկվում է ստանալ խաղաղ ճանապարհով:
Վահրամ Աթանեսյան
Մաս 29
Դաշնակցության խնդրո առարկա «Շրջաբերականը», ինչպես վկայում են արված սկզբունքային նշանակության մեջբերումները, պետք է խոստովանել, որպես քաղաքական փաստաթուղթ բավական շիտակ է, թե՛ խնդիրն առհասարակ գնահատելու, թե՛ առաջարկվող տարբերակի նկատմամբ կուսակցության դիրքորոշման համար բերված հիմնավորումների առումով: Ընդհանրության մեջ դա տվյալ փուլում Հայաստանի գործող իշխանության հետ համախոհության բաց ներկայացում է, միաժանակ՝ պատմական պատասխանատվության ստանձնում:
Որքան հայտնի է, Հայաստանի քաղաքական ուժերից ոչ մեկը, ինչպես նաեւ Արցախի իշխանությունները ղարաբաղյան կարգավորման քիուեսթյան «նոր ձեւավորվող փաթեթի» վերաբերյալ նման մակարդակի եւ բովանդակության տեսակետ չեն ձեւավորել, ինչպես նաեւ որեւէ կերպ չեն խոսել այդ առաջարկության դրական կամ բացասական կողմերի մասին: Խնդրո առարկա «Շրջաբերականը» այս տեսակետից կարելի է համարել Դաշնակցության կողմից Հայաստանի իշխանություններին անվերապահ աջակցություն, իսկ մյուս կողմից՝ սեփական վարկանիշը փորձության ենթարկելու աննախադեպ քայլ: Այս հիմնականում դրական տպավորությունները, սակայն, արագորեն իրենց տեղը զիջում են խոր տարակուսանքի, երբ փաստաթղթի «մեկնողական» մասի վերջին պարբերություններում կարդում ենք, որ ՀՅԴ մարմիններն, այդուհանդերձ, պետք է «Շրջաբերականի» բովանդակությունը գաղտնի պահեն, այն ներկայացնեն միայն տվյալ կառույցի պատասխանատուներին՝ պայմանով, որ նրանք շարքերին այդ մասին ոչինչ չեն ասելու:
Ո՞րն է այս խորհրդապահության իմաստը: ՀՅԴ Բյուրոն համոզված էր, որ ղարաբաղյան կարգավորումը «մի քանի ամիսների հարց է», պնդել էր, որ այդ տարբերակի դեմ քարոզչություն իրականացնելու բավարար ժամանակ չկա, մնում է կողմնորոշվել եւ այն պաշտպանել, քանի որ չկա երաշխիք, թե քիուեսթյան «նոր ձեւավորվ փաթեթի» այլընտրանքը նոր պատերազմը չի լինի, որը կավարտվի, լավագույն դեպքում, այն արդյունքներով, ինչ առաջարկվում է ստանալ խաղաղ ճանապարհով:
ՀՅԴ Բյուրոն, ամենայն հավանականությամբ, չի ցանկացել, որ կուսակցության շարքերը տեղեկանան իր «պարտվողական կեցվածքից»: Կուսակցության ղեկավար մարմինը «շարքերի բարձր ոգին պահելու» խնդիր է ունեցել, դրա համար էլ մարմիններից պահանջել է «Շրջաբերականի» հիմնական բովանդակությունը, այն, որ Դաշնակցությունը կողմ է Արցախի ազատագրված տարածքների մեծ մասի վերադարձին, շարքային դաշնակցականներին հասու չլինի:
Այս փաստը, պետք է խոստովանել, ջնջում է «Շրջաբերականի» հիմնավորումները, իշխանություններին չընդդիմանալու, Հայաստանը նոր փորձությունների չենթարկելու մասին քաղաքական առումով պահանջված դիտարկումները: Չոր արդյունքում մնում է այն, որ արդեն այդ փուլում ՀՅԴ Բյուրոն կուսակցության մարմիններից եւ շարքերից կտրված էր այնքան, որ իր տեսակետները նրանցից թաքցնում էր: Դա չէր կարող Դաշնակցության քաղաքական հեղինակության վրա բացասական հետեւանքներ չունենալ, ինչի ականատեսը եղանք, ցավոք, հետագա մոտ երկու տասնյակ տարիներին:
Վահրամ Աթանեսյան
(Շարունակելի)
