Շատ կայուն տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի օրվա գրողը իրական Հայրենիքի մասին պարզապես ասելիք չունի:
Վահրամ Աթանեսյան
Քո բոլոր ճակատամարտերն այլևս տանուլ են տրված: Քո երկրից հաղթանակ տարած ոչ մի զորավար չի մեծարվել հաղթակամարով: Ոչնչացվել են կռվողների քո փոքրիկ խմբերը լեռներում ու կիրճերում: Դու ոչ մի հաղթանակ չունես: Քո պարզած սպիտակ դրոշները թշնամու մեջ չեն խաղացրել սրտառուչ հարգանք և հաշտության քո բանագնացները խեղդվել են թաց հռհռոցի մեջ: Քո երկիր մտել են ոչ թե փաղանգների կուռ սպառնալիքով՝ կորզելու հավասարի քո դաշինքը, կամ գնելու քո մեծահոգի չեզոքությունը, այլ թափթփված խուժանի խմբերով են եկել՝ կնիկ, ճարմանդ, կարպետ, ձի խլելու, արտ հրդեհելու: Պատառոտվել են նոր գնդեր գումարելու քո ծրագրերը: Բարձախեղդ է արվել որևէ ելք փնտրելու քո մտմտուքը: Ուրկից որ գուցե հանեիր զրույցի հրեղեն թուրը՝ ճզմել են քո գանգի այդ մասը: Դու ջախջախված բանակի միավոր ես: Դու պիտի այն անես, ինչ անում են պարտված բանակները: Պարտված բանակները հաղթողների համար կանգնեցնում են իրենց պարտության հուշասյունը:
Հրանտ Մաթեւոսյանի «Մեծամոր» էսսեից է, որ գրվել է այն նույն դարաշրջանում, երբ Երեւանի գրական-մտավորական, գիտական ու հանրային շրջանակներում թեւածում էր «Մեր հողերը ետ տվեք» պահանջը: Այդ տարիներին է լույս տեսել Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպը եւ արժանացել համընդհանուր պարսավանքի:

Վկայություններ կան, թե ժամանակի անուն հանած գրող-բանաստեղծները, որ փառքի էին հասել եղեռնի թեմայի վրա «ձեռքեր տաքացնելով», ինչպես են թունավորել Մահարու անձնական կյանքը: Հեշտ չի եղել նաեւ Մաթեւոսյանի համար: Բայց նա, ինչպես վկայում է մեջբերումը, ժողովրդի հանդեպ մնացել է ազնիվ, ոչինչ գերբնական չի ներշնչել:
Այսօրվա Հայաստանը ոչ քաղաքական ճշմարիտ խոսքի կարիք ունի, խոսք, որ կարող է մարդուն հաշտեցնել իրականության հետ եւ Հայրենիքը դարձնել սիրելի: Թե չէ տիրում է մթնոլորտ, երբ գրող մարդը պարզորոշ ասում է, որ իրեն «Փաշինյանի իրական Հայաստանը պետք չէ»: Սոցիալական ցանցերի հարյուրավոր օգտատերեր կրկնում են նույնը: Բայց չէ՞ որ Հայաստանը առնվազն խորհրդային շրջանից ի վեր այն է եղել ու կա, ինչ Փաշինյանը ներկայացնում է քարտեզի տեսքի կրծքանշանով:

Եւ շատ կայուն տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի օրվա գրողը իրական Հայրենիքի մասին պարզապես ասելիք չունի: Նա չի ապրում երկրի կյանքով: Նրան պետք է թեմա, որ ժողովրդյան զգացմունքներ կբորբոքի՝ ինչպես Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատունը»: Դրա համար է նա ասում՝ «ինձ պետք չէ Հայաստանը, եթե այնտեղ արգելվելու է խոսել Արցախի մասին»: Արցախը նրա համար «գեղարվեստական պարզունակ սյուժե է», որ մեծավ մասամբ հորինածին է, իրական պատերազմի, հաղթանակի եւ հետագա պարտության, շրջափակման եւ բռնատեղահանության հետ ոչ մի աղերս չունի:
Հայաստանը պետք է գտնի իր նոր գրողին, նկարչին, քանդակագործին, երգահանին: Իր գիտնականին:
Հայաստանի իրական Խոսքը լինելու է նրա ամենավճռական հաղթանակը:
Վահրամ Աթանեսյան
