Քաղաքական պատասխանատվության ժամանակը սկսվել է 2021թ. հունվարի 15-ին: Այդ օրը պաշտոնական Ստեփանակերտը պարտավոր էր աշխարհին իրազեկել, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի երաշխավորում Արցախի հայ բնակչության անվտանգությունը, ուստի ինքը Ադրբեջանի իշխանություններին ուղղակի բանակցություններ սկսելու եւ առկա խնդիրները կարգավորելու առաջարկություն է անում:
Վահրամ Աթանեսյան
2021թ. հունվարի 17-ին հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ հրապարակել են տողերիս հեղինակի «Բաց նամակը» Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ արձանագրել եմ, որ հունվարի 15-ին, Մոսկվայում եռակողմ հանդիպումից չորս օր հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զինադադարի հաստատումից ի վեր առաջին անգամ այցելել է Շուշի եւ հայտարարել, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը այլեւս գոյություն չունի, իսկ ով այդ մասին հիշեցնի, կարժանանա երկաթե բռունցքի եւս մեկ հարվածի»:
Կշտամբել եմ Հայաստանի ԱԳՆ-ին եւ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությանը, որ Ադրբեջանի նախագահի հայատյաց, ԼՂ հայ բնակչությանը ֆիզիկական բնաջնջման կամ տոտալ բռնատեղահանության ենթարկելու սպառնալիք պարունակող հայտարարությունը մնացել է անպատասխան, առաջարկել եմ առկախել այդ երկրի հետ քաղաքական քննարկումները, քանի դեռ Իլհամ Ալիեւը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունից ներողություն չի խնդրի, ի վերջո հարցադրում եմ արել՝ նրա Շուշի այցը մոսկովյան հանդիպմանը քննարկվե՞լ է, Հայաստանը ընդունու՞մ է, որ Լեռնային Ղարաբաղի պետականությունը վերջնականապես դադարել է:

Իհարկե, ոչ մի ակնկալիք չկար, որ Նիկոլ Փաշինյանը իմ «Բաց նամակին» կպատասխանի, ուստի զուգահեռաբար ավելի հանգամանալի «Վերլուծական տեղեկանք» նույն օրը փոխանցել եմ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, նրա հետ ունեցել մոտ կեսժամյա քննարկում, ինչից պարզ է դարձել, որ ինչպես պետական ինստիտուտների պահպանման, այնպես էլ վերադարձած խաղաղ բնակչության անվտանգության ապահովման հարցերում իրավական որեւէ հստակություն չկա:
Ի՞նչ իմաստ ունի այս անդրադարձը: Վերջին մի քանի օրերին Արցախի նախկին պաշտոնյաները, միմյանց հերթ չտալով, սոցիալական ցանցերը հեղեղում են Նիկոլ Փաշինյանի հասցեին սուր քննադատությամբ եւ փորձում տպավորություն ստեղծել, թե իրենք ամեն ինչ արել են, որպեսզի ռազմական հարձակման դեպքում Ադրբեջանը արժանի հակահարված ստանա, տվել են երկու հարյուր երեսունութ զոհ, բայց արժանանում են «ճողոպրածի» պիտակավորման:
Այո, եղել է մեկօրյա պատերազմ, այո ունեցել ենք երկու հարյուր երեսունութ զոհ, բայց դա հենց այն է, որ մերկացնում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, կարելի է անվարան ասել, տկարամտությունը:
Մի իրավիճակում, երբ Հայաստանը ագրեսիայի ենթարկվելու մշտական սպառնալիքի տակ էր, իսկ Արցախում ռուս «խաղաղապահները» միայն դիտորդ էին, Ադրբեջանի ռազմական հարձակումը անխուսափելիորեն պետք է ավարտվեր Պաշտպանության բանակի կապիտուլյացիայով: Այսինքն, իրավիճակից միակ ելքը պատերազմից խուսափումը, Բաքվի հետ ԼՂ հայ բնակչության անվտանգության եւ իրավունքների քննարկումն էր:
Երբ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ «Ղարաբաղի վերնախավը ճողոպրել է», նկատի չի ունենում, որ այդ մարդիկ զենքը վայր են դրել եւ ռազմաճակատից դասալքել: Նրանք խուսափել են քաղաքական պատասխանատվությունից: Խուսափում են առայսօր, քանի դեռ շարունակում են պետական «ձեռնհասության» օրինակ ներկայացրել մարտական գործողություններին իրենց մասնակցությունը կամ մինչեւ վերջ Ստեփանակերտում մնալու հանգամանքը:

Քաղաքական պատասխանատվության ժամանակը սկսվել է 2021թ. հունվարի 15-ին: Այդ օրը պաշտոնական Ստեփանակերտը պարտավոր էր աշխարհին իրազեկել, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի երաշխավորում Արցախի հայ բնակչության անվտանգությունը, ուստի ինքը Ադրբեջանի իշխանություններին ուղղակի բանակցություններ սկսելու եւ առկա խնդիրները կարգավորելու առաջարկություն է անում: Դա կլիներ, ինչպես ասում են՝ լակմուսի թուղթ. Եթե Բաքուն մերժեր, ապա պարզ կլիներ, որ Արցախ վերադարձն անիմաստ է, պետք է մտածել խաղաղ արտագաղթ ապահովելու մասին:
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հենց այդ պատասխանատվությունն է փորձել բարդել Հայաստանի իշխանությունների վրա:
Վահրամ Աթանեսյան
