Նավթի գների աճը մի կողմից դժգոհություն է առաջացնում շարքային քաղաքացիների շրջանում, սակայն մյուս կողմից շահավետ է նավթային նահանգների տնտեսությունների համար, որոնք հիմնականում հանրապետականներին են աջակցում։ Հենց այս տնտեսական գործոններն են որոշիչ լինելու ընտրական տրամադրությունների ձևավորման հարցում։
Վիգեն Հովսեփյան
1inTV‑ն զրուցել է Քաղաքագիտության դոկտոր, Լոս Անջելեսի հայ համայնքի հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանի հետ։ Զրույցի ընթացքում վերլուծվում է Իրանի դեմ ընթացող պատերազմն ու դրա հետևանքով ԱՄՆ ներքաղաքական լարվածության աճը։ Զրուցակիցները քննարկում են նավթի գների բարձրացումը և դրա շուրջ ձևավորված դժգոհության ալիքը, որն ուղեկցվում է Թրամփի վարչակազմի դեմ միլիոնավոր մարդկանց բողոքի ցույցերով։ Անդրադարձ է կատարվում Հանրապետական կուսակցության ներսում առկա պառակտումներին և դեմոկրատների հնարավոր հաջողություններին առաջիկա ընտրություններում։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև Չինաստանի և Եվրոպայի զուսպ կամ քննադատական դիրքորոշումներին այս հակամարտության համատեքստում։
Վիգեն Հովսեփյանը նշեց, որ պատմությունը ցույց է տալիս՝ այն պատերազմները, որոնցում Միացյալ Նահանգները լուրջ ներգրավվածություն են ունեցել, միշտ նշանակալի ազդեցություն են թողել երկրի ներքին քաղաքականության վրա։ Նա հիշեցրեց Վիետնամի և Իրաքի պատերազմների օրինակները՝ ընդգծելով, որ դրանք նպաստել են իշխանական փոփոխությունների և քաղաքական վերադասավորումների։ Հովսեփյանի խոսքով՝ ներկայիս զարգացումները ևս կարող են նման հետևանքներ ունենալ։ Նա անդրադարձավ ԱՄՆ-ում տեղի ունեցած հակապատերազմական ցույցերին՝ նշելով, որ խոսքը միասնական մեկ հավաքի մասին չէ, այլ բազմաթիվ քաղաքներում տեղի ունեցող փոքր ակցիաների, որոնք ընդհանուր առմամբ մեծ թվով մասնակցություն են ապահովել։ Հովսեփյանը կարծում է, որ ցույցերը մեծամասամբ կազմակերպված են, դրանց հետևում կանգնած են Դեմոկրատական կուսակցությունը, հասարակական կազմակերպություններն ու տարբեր շահագրգիռ խմբեր։ Նրա դիտարկմամբ՝ ցույցերի օրակարգը միայն պատերազմով չի սահմանափակվում․ներառված են նաև ներգաղթի, սոցիալական ևներքաղաքական այլ հարցեր։
Քաղաքագետն ընդգծեց, որ այս գործընթացը հատկապես ակտիվացնում է երիտասարդ ընտրազանգվածը, ինչը կարևոր է Դեմոկրատական կուսակցության համար։ Նա նշեց, որ այդ կուսակցության հիմնական հենասյուները ավանդաբար եղել են կանայք, աֆրոամերիկացիները և երիտասարդները, իսկ ներկայիս զարգացումները կարող են կրկին քաղաքական գործընթացների մեջ բերել այդ խմբերին։ Հովսեփյանը կարծում է, որ սա լուրջ մարտահրավեր է Հանրապետական կուսակցության համար։ Նրա խոսքով՝ Հանրապետականների ներսում նույնպես տարաձայնություններ են նկատվում, հատկապես մեկուսացման քաղաքական դիրքորոշում ունեցող թևի շրջանում, որը կողմ է արտաքին պատերազմներից հեռու մնալուն։ Հովսեփյանը նշեց, որ այդ շրջանակներում արդեն հնչում են քննադատություններ վարչակազմի հասցեին, և որոշ քաղաքական գործիչներ նույնիսկ հայտարարում են, որ չեն վերադառնա ընտրապայքար՝ կուսակցության դրոշի ներքո։

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ նա կարծիք հայտնեց, որ եթե ընտրությունները տեղի ունենային տվյալ պահին, առավելությունը կարող էին ունենալ դեմոկրատները։ Նրա դիտարկմամբ՝ ԱՄՆ քաղաքական համակարգում հազվադեպ է, երբ իշխանության բոլոր հիմնական կենտրոնները գտնվում են մեկ կուսակցության վերահսկողության տակ, և ներկայիս իրավիճակը կարող է փոփոխվել՝ հատկապես Կոնգրեսում։
Հովսեփյանը նաև խոսեց պատերազմի տնտեսական ազդեցության մասին՝ նշելով, որ նավթի գների աճը մի կողմից դժգոհություն է առաջացնում շարքային քաղաքացիների շրջանում, սակայն մյուս կողմից շահավետ է նավթային նահանգների տնտեսությունների համար, որոնք հիմնականում հանրապետականներին են աջակցում։ Նրա գնահատմամբ՝ հենց այս տնտեսական գործոններն են որոշիչ լինելու ընտրական տրամադրությունների ձևավորման հարցում։
Քաղաքագետը անդրադարձավ նաև միջազգային իրավիճակին՝ նշելով, որ պատերազմը նախատեսված էր արագ ավարտել, սակայն դրա ձգձգումը բարդացնում է ԱՄՆ դիրքերը։ Նա նշեց, որ սկզբնական հաշվարկներից մեկը Իրանի ռեժիմի փոփոխությունն էր, իսկ մյուսը՝ երկրի ենթակառուցվածքների թուլացումը, ինչը երկարաժամկետ ճնշում կգործադրեր իշխանությունների վրա։ Հովսեփյանը հավելեց, որ առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու՝ հասկանալու համար, թե որ ուղղությամբ կզարգանան իրադարձությունները։ Նա կարևորեց նաև Չինաստանի զուսպ դիրքորոշումը՝ ընդգծելով, որ Պեկինը հիմնականում տնտեսական շահերով է առաջնորդվում և խուսափում է կտրուկ հայտարարություններից, սակայն ունի ազդեցության լուրջ լծակներ՝ հատկապես ամերիկյան պարտատոմսերի շուկայի միջոցով։ Հովսեփյանի կարծիքով՝ ԱՄՆ-Չինաստան հարաբերություններն այս փուլում առանցքային նշանակություն ունեն միջազգային հավասարակշռության համար։
Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին՝ նա նշեց, որ պատերազմը կարող է նույնիսկ խթանել այդ համագործակցությունը։ Հովսեփյանը կարծում է, որ Միացյալ Նահանգները կարող է ավելի շահագրգռված դառնալ Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների խորացմամբ՝ տարածաշրջանային ազդեցությունը պահպանելու նպատակով։
Խոսելով Իրանում հնարավոր քաղաքական փոփոխությունների մասին՝ նա նշեց, որ եթե իշխանափոխությունը տեղի չունենա համաժողովրդական շարժման միջոցով, ապա արտաքին աջակցությամբ ձևավորված անցումային իշխանության տարբերակը կարող է բերել նախկին միապետական շրջանակների դերակատարության աճին։ Սակայն Հովսեփյանը նկատեց, որ նման սցենարը բարդ է և կախված է ներքին զարգացումներից։
Վերջում նա ընդգծեց, որ պատերազմի ձգձգումը կարող է ուժեղացնել դեմոկրատների ակտիվացումը, որոնք վերջին տարիներին համեմատաբար պասիվ էին։ Նրա խոսքով՝ կուսակցության ներսում արդեն ձևավորվում է նոր, ավելի երիտասարդ քաղաքական սերունդ, որը փորձում է վերակազմավորել կուսակցությունը և վերադառնալ ակտիվ քաղաքական պայքարի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
