Նույնիսկ Լեռնային Ղարաբաղի լիակատար օկուպացիայի, հայ բնակչության բռնատեղահանության դիմաց Թուրքիան չի արտոնում, որ Ադրբեջանը ՀԱՊԿ‑ի կամ նույնիսկ ԵԱՏՄ անդամ լինի, Ռուսաստանից քաղաքական կախվածություն ունենա:
Վահրամ Աթանեսյան
Ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերընթաց զարգացման փուլում իշխող կուսակցությունից Միլլի մեջլիսի պատգամավոր Սիավուշ Նովրուզովը մի հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հավասարակշռության հարցին, թույլ է տվել իրավիճակը համեմատել անցյալ դարասկզբի հետ եւ ընդհանրացնել, որ «Պուտինը մեր օրերի Լենինն է, Էրդողանը՝ Աթաթուրքը»:
Երեւում է, այդ կարգախոսի հեղինակը ռուսաստանցի որեւէ քաղաքագետ է, իսկ Բաքվում այն ընդունվել է հաճույքով, քանի որ տվյալ փուլում ռուս-թուրքական ռազմավարական գործընկերությունը լիովին համապատասխանում էր Ադրբեջանի շահերին: Ինչպես հայտնի է, 1920 թ. ապրիլի լույս 28‑ի գիշերը բոլշեւիկյան Ռուսաստանի զորքերը մտել են Ադրբեջան: Նույն օրը մուսավաթական կառավարությունը իշխանությունը հանձնել է Հեղկոմին:
Աշխարհաքաղաքական նշանակության այդ գործարքը կայացել է Թուրքիայի փաստացի առաջնորդ Մուսատֆա Քեմալի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի ղեկավարության միջեւ գործարքի շնորհիվ: Քեմալը Ադրբեջանը հանձնել է Ռուսաստանին, փոխարենը ստացել Հայաստանի դեմ պատերազմում համակողմանի աջակցություն:

Մեկդարյա վաղեմության այս իրադարձություններն է նկատի ունեցել ադրբեջանցի խորհրդարանականը, երբ Պուտինին համեմատել է Լենինին, Էրդողանին՝ Աթաթուրքի հետ: Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու հարցում բոլշեւիկների առաջնորդ Լենինի դերը գերազանց է խաղացել, իսկ Էրդողանը, որքան էլ Մոսկվան ջանքեր չգործադրի, Մուստաֆա Քեմալ չի դառնալու: Նա Ադրբեջանը ճանաչում է որպես Թուրքիայի երկրամաս եւ խաղաղ ճանապարհով ոչ ոքի չի զիջի:
Ռուսաստանի կովկասյան քաղաքականության մշակողները թույլ են տվել ճակատագրական սխալ: Նույնիսկ Լեռնային Ղարաբաղի լիակատար օկուպացիայի, հայ բնակչության բռնատեղահանության դիմաց Թուրքիան չի արտոնում, որ Ադրբեջանը ՀԱՊԿ‑ի կամ նույնիսկ ԵԱՏՄ անդամ լինի, Ռուսաստանից քաղաքական կախվածություն ունենա: Դրանում Հայաստանը ոչ մի պատասխանատվություն չի կրում:
Ռուսաստանի կողմից Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքների վտանգը ոչ թե գազի գնի թանկացումը կամ «Պռոշյանի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծման արգելքն է, այլ՝ որ Մոսկվան ձգտում է Հայաստանը վերադարձնել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ դիմակայության ռեժիմի: Հունիսի յոթի ընտրության իմաստը այդ ծուղակից խուսափելը եւ խաղաղության օրակարգի պահպանումն է:

Վահրամ Աթանեսյան
