Տասը տարի երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած, այժմ էլ վարչապետի աթոռին ձգտող անձը, ինչպես նրա ասածից է ուղղակի հետեւում, երեսունհինգ տարվա անկախ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների համեմատության այլ օրինակ չի կարող նշել, քան՝ իսրայելա-պաղեստինյանը:
Մուղնի
«Վերջերս մի հանճարեղ միտք հնչեց, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է: Ես չգիտեմ, թե ինչ պիտի կատարվի մարդու գլխում, որ այդպիսի միտք ի հայտ գա: Սա նույնն է, որ օրինակ Պաղեստինի ժողովուրդը հայտարարի, որ իրենց անվտանգության երաշխավորը Իսրայելն է եւ վարչապետ Նեթանյահուն»,- ասել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Նախընտրական շրջան է, քաղաքական գործիչները թույլ են տալիս բարեխիղճ չլինել: Քոչարյանը վերցրել է այս հարցում առաջնորդությունը եւ խեղաթյուրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիվանագիտական դիպուկ խոսքը, որ Ադրբեջանի անվտանգության երաշխավորը Հայաստանն է, Հայաստանինը՝ Ադրբեջանը: Ի դեպ, Բաքվից ոչ ոք չի դժգոհել, թե Հայաստանը ինչպե՞ս կամ ինչու՞ պիտի Ադրբեջանի անվտանգության երաշխավորը լինի: Դա նշանակում է, որ Ալեն Սիմոնյանի ուղերձը տեղ է հասել եւ ընդունվել:

Քոչարյանի խոսքի վտանգավորությունը Ալեն Սիմոնյանի մտքի խեղաթյուրումը չէ: Տասը տարի երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած, այժմ էլ վարչապետի աթոռին ձգտող անձը, ինչպես նրա ասածից է ուղղակի հետեւում, երեսունհինգ տարվա անկախ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների համեմատության այլ օրինակ չի կարող նշել, քան՝ իսրայելա-պաղեստինյանը:
Այն, որ «Հայաստան» դաշինքի քաղաքական կնքահայր ՀՅԴ‑ի կուռքերից մեկը Պաղեստինի ազատագրության կազմակերպության առաջնորդ Յասիր Արաֆաթն էր, որի հետ համագործակցությունը Բեյրութի եւ առհասարակ Լիբանանի հայության զրկանքների պատճառ է դարձել, հայտնի է, բայց Քոչարյանի համակրանքն առ պաղեստինցիներ բացահայտվում է առաջին անգամ:

Դա քաղաքական անկման ուղղակի ցուցիչ է եւ հստակ վկայություն, որ ինքնիշխան Հայաստանը միայն ձեւական ինքնավարություն ունեցող Պաղեստինի հետ նույն հարթության վրա դիտարկող անձը չի կարող ոչ միայն արժանապատիվ խաղաղություն, այլեւ տարրական հարգանք իսկ ապահովել մեր հայրենիքի համար:
Քոչարյանի այդ դիտարկումը երիցս հաստատում է Նիկոլ Փաշինյանի այն ձեւակերպման արժանահավատությունը, որ «Հայաստանը մերը չի եղել»:
Հայաստանը եղել է պաղեստինացված եւ այլեւս երբեք չի լինի:
Մուղնի
Վերոնշյալ գրառումը ՝ Մեր Ուղին‑ի խմբագրական կազմը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ.
