Ալեն Սիմոնյանի ելույթից հինգ օր հետո Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի միջոցով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին ուղերձ է հղել: Այդ տեքստում ուշագրավ երկու պահ կա: Նախ, Ռուբեն Վարդանյանը հրապարակայնացրել է, որ «հանդիպել է» Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւային: Վերջինիս որպես մարդու իրավունքների պաշտպան նույնիսկ ադրբեջանցի քաղբանտարկյալները չեն ճանաչում։
Վահրամ Աթանեսյան
Ապրիլի 16-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում գումարված՝ Միջխորհրդարանական միության վեհաժողովի ընդհանուր քննարկումների ամբիոնից բառացիորեն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «կարգավորման հուսադրող նշանները անհերքելի են» եւ հավելել. «Վստահության ամրապնդումը շարունակելու եւ իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող տասնինը հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած անձանց ճակատագրերը պետք է պարզվեն»:

Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը Բաքվում պահվող անձանց ազատ արձակման հարցը կապում է առաջին պատերազմում «անհետ կորած» ադրբեջանցիների ճակատագիրը պարզելու հետ, կարելի է այս դիտարկումը «հիմնազուրկ» անվանել: Դրանից իրողությունը, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը խորհրդարանական միջազգային ամենահեղինակավոր կառույցի լիագումար նիստում բարձրացրել է, ինչպես մեզանում ընդունված է ասել՝ գերիների վերադարձի հարցը, չի փոխվում: Մինչ այդ նույն խնդրի մասին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ասել է, որ այն ամենօրյա ուշադրության կենտրոնում է, բայց «առայժմ նորություն չկա»:
Ալեն Սիմոնյանի ելույթից հինգ օր հետո Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի միջոցով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին ուղերձ է հղել: Այդ տեքստում ուշագրավ երկու պահ կա: Նախ, Ռուբեն Վարդանյանը հրապարակայնացրել է, որ «հանդիպել է» Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւային: Վերջինիս որպես մարդու իրավունքների պաշտպան նույնիսկ ադրբեջանցի քաղբանտարկյալները չեն ճանաչում եւ համարում են, որ նրա հետ «ցանկացած շփում լեգիտիմացնում է Ալիեւի վարչակազմի կողմից ուղղորդված դատարանները»:

Ռուբեն Վարդանյանի ուղերձի երկրորդ եւ, ամենայն հավանականությամբ, հիմնական ասելիքը վերաբերում է Հայաստանի իշխանություններին, որոնց «սեփական քաղաքացիների ճակատագրի անտեսումը պատիվ չի բերում»: Այսինքն, Ռուբեն Վարդանյանի բուն ասելիքը հենց վերջին ձեւակերպումն է, որի հրապարակայնացումից ժամեր անց «Ուժեղ Հայաստան» դաշինքը եւ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցությունը ընտրություններին միասնաբար մասնակցելու մասին հուշագիր են ստորագրել:

Այդ առթիվ կազմակերպված արարողությանը հնչել է տեսակետ, որ Սամվել Կարապետյանը ուժեղ Հայաստանի գործիչ է «եւ ամեն ինչ կանի, որպեսզի հայ գերիները հայրենիք վերադառնան»: Նույն հանդիսությանը ելույթում «Ուժեղ Հայաստանի» առանցքային դեմքերից Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ «աշխարհում չորս կալանավորված միլիարդատեր կա, նրանցից երկուսը հայ է, մեկը Բաքվում է, մյուսը՝ Երեւանում» եւ հավելել, որ նրանք «կալանավորված են երկու ընկերների կողմից»:

Թե քարոզչական ի՞նչ ազդեցություն կունենա այս խոսույթը, ցույց կտա «Ուժեղ Հայաստանի» հաջորդ հանրահավաքը: Չափազանց կարեւոր է, սակայն, որպեսզի դիտարկվի Ալեն Սիմոնյանի ելույթ-Ադրբեջանի օմբուդսմենի հետ Ռուբեն Վարդանյանի հանդիպում-Վարդանյանի ուղերձ- «Ուժեղ Հայաստան» դաշինքի եւ «Ապրելու երկիր» կուսակցության միջեւ հուշագրի ստորագրում-գերիների վերադարձը Սամվել Կարապետյանի վարչապետությամբ պայմանավորելու արտաքին եւ ներքին քաղաքական առնչակցությունը, որ ընդհանուրի մեջ հանգում է Բաքվում պահվող անձանց հարցով իշխանության ջանքերի հեղինակազրկմանը: Ինչու՞:
Վահրամ Աթանեսյան
