Եկեղեցին, որի «հայրենանվեր եւ ազգանպաստ գործունեության» ջատագով է նաեւ Արամ Աբրահամյանը, անցած ավելի քան երեսունհինգ տարիներին չի կարողացել գոնե քրիստոնեական աշխարհին համոզել, որ Արցախի եւ առհասարակ ներկայիս Ադրբեջանի տարածքի քրիստոնեական պատմամշակութային հուշարձանները հայկական են:
Վահրամ Աթանեսյան
Հայաստանյան լրագրության «մեթր» Արամ Աբրահամյանը հարց է հնչեցրել. «Ինչու՞ հենց հիմա են ավերվել Ստեփանակերտի եկեղեցիները», եւ ինքն էլ պատասխանել, թե մոտենում է ցեղասպանության հերթական տարելիցը, իսկ նման դեպքերում խորհրդապաշտությունը կարեւոր է: Բացի այդ, ըստ նրա, Ալիեւը մի քանի վագորն դիզվառելիք է ուղարկել եւ ասել, որ «հայերը արժանապատվություն չունեն», ինքը «եկեղեցիները ավերում է, գերիներին խոշտանգում, իսկ հայերը լռում են»:
Ալիեւը Բերձորի եկեղեցին ավերել է, իսկ Ծիծեռնավանքի մուտքին «ներպետական նշանակության պատմական հուշարձանը պահպանվում է կառավարության կողմից» գրությամբ ցուցատախտակ տեղադրել: Եւ դա հայաստանյան լրագրության «մեթր»-ին ինչ-որ բան պիտի ասի, եթե, իհարկե, նա Ադրբեջանի իշխանությունների քայլերի իմաստը հասկանալու ունակություն ունի:

Ինչի՞ մասին է խոսքը: Այն մասին, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, որի «հայրենանվեր եւ ազգանպաստ գործունեության» ջատագով է նաեւ Արամ Աբրահամյանը, անցած ավելի քան երեսունհինգ տարիներին չի կարողացել գոնե քրիստոնեական աշխարհին համոզել, որ Արցախի եւ առհասարակ ներկայիս Ադրբեջանի տարածքի քրիստոնեական պատմամշակութային հուշարձանները հայկական են:
Վերջերս հայաստանյան տասնյակ լրատվամիջոցներ խուճապահար գրել են, որ Վատիկանը իր արխիվներից տասնյակ փաստաթղթեր է տրամադրել Ադրբեջանի մոլլապետ Փաշազադեին: Անցյալ տարի Վատիկանի պաշտոնական ամսագրում ծավալուն հոդված է տպագրվել «Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության մասին:
Ադրբեջանական պատմագիտությունը դեռեւս խորհրդային ժամանակներից պնդել է, որ Կովկասյան Աղվանք պետությունը քրիստոնեություն է ընդունել Եղիշե առաքյալից եւ ոչ թե Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսից:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ցավոք, այս ճակատագրական նշանակության հարցը կարգավորելու փոխարեն զբաղվել է եւ շարունակում է զբաղվել քաղաքականությամբ: Իսկ Ադրբեջանը քրիստոնյա աշխարհում ձեռք է բերել համախոհներ ոչ միայն ի դեմս Վատիկանի, այլեւ՝ Հունաց տիեզերական եւ Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքների: Նրանք պնդում են, որ Աղվանից կաթողիկոսությունը ցարական հրովարտակով լուծարվել եւ «բռնակցվել է Էջմիածնին»:
Ըստ այդմ, այն եկեղեցիները, որ Արցախում կառուցվել են վերջին տասնամյակներին, «ապօրինի են ոչ միայն իրավական, այլեւ՝ հոգեւոր առումով»:

Սա է ալիեւյան քաղաքականությունը. Այն վանքերը եւ եկեղեցիները, որ պատմական են, «աղվանական են» եւ պահպանման ենթակա, իսկ ինչ կառուցվել է «ապօրինաբար», ենթակա է ոչնչացման: Եւ պետք չէ այդ հարցում սլաքներն ուղղել Հայաստանի պետության եւ իշխանությունների դեմ: Այդ խնդիրը կարգավորելու համար Մայր աթոռը երեսուն տարի ժամանակ է ունեցել եւ ոչնչի չի հասել:

Վահրամ Աթանեսյան
