Աղետը սահմանադրական իշխանության ուզուրպացիայի եւ քաղաքական համակարգի խոր եւ դեռեւս տեւող դեգրադացիայի հետեւանքն է: Խորհրդարանական ընտրությունները նաեւ կամ նույնիսկ առաջին հերթին այդ՝ զուտ քաղաքական իշխանության եւ նրա այլընտրանքի, հարցը պիտի լուծեն: Այլապես խաղաղության օրակարգը խեղվելու եւ մսխվելու է: Ինչպես խեղվել եւ մսխվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
Վահրամ Աթանեսյան
Ո՞վ է հաշվարկել, որ Սամվել Կարապետյանը «կստանա» 30, Գագիկ Ծառուկյանը՝ 15 տոկոս, իսկ Ռոբերտ Քոչարյանը չի հաղթահարի անցողիկ շեմը եւ ունի ընդամենը 5 տոկոսի վարկանիշ:

Նախորդ ընտրություններում ընդդիմադիր ամենամեծ զանգվածը գեներացրել է Ռոբերտ Քոչարյանը: Այո, ոչ թե «Հայաստան» դաշինքը, այլ հենց՝ Ռոբերտ Քոչարյանը: Ընդ որում, անկախ Հայաստանի պատմության մեջ դա նախադեպը չունի: Նախկինում ոչ մի ընդդիմադիր ուժ նման արդյունքի չի հասել: Անցած հինգ տարիներին ընդդիմադիր նոր գեներացիա տեղի չի ունեցել: Ըստ այդմ, ոչ թե Ռոբերտ Քոչարյանն է «խաղում» Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի դաշտում, այլ նրանք են «ներխուժել» Ռոբերտ Քորչարյանի «տիրույթ»: Բայց մի խմբակ հետեւողականորեն պահանջում է, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրապայքարից դուրս գա: Ինչու՞: «Հիմնավորում են», որ այդ դեպքում Փաշինյանի «պարտությունը երաշխավորված կլինի»:
Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ Քոչարյանի պոտենցիալ ընտրողները քվեարկելու են Կարապետյանի եւ ոչ թե՝ Փաշինյանի օգտին: Ի վերջո, եթե Քոչարյանը «ընդդիմության ձայները փոշիացնում է, որպեսզի ապահովի Փաշինյանի հաղթանակը», ապա ի՞նչն է խանգարում, որ նա նույն նպատակով համակիրներին հորդորի, որ քվե տան Փաշինյանին: Իրոք որ, «անիմանալի են գործերը» հայրենական ընդդիմության:
Երկրորդ եւ երրորդ նախագահների «թիմերի» եւ նրանց հետ աֆիլացված շրջանակների տեղեկատվա-քարոզչական պատերազմը իրողություն է եւ վկայում է, որ երկու տասնամյակ՝ 1998–2018 թվականներին, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում օրինական իշխանություն եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ-բանակցային կարգավորման գործընթաց, ինչպես նաեւ պետականության անկումը եւ կործանիչ պատերազմը կանխելու քաղաքական հստակ նպատակ հետապնդող ընդդիմություն չենք ունեցել:
Աղետը սահմանադրական իշխանության ուզուրպացիայի եւ քաղաքական համակարգի խոր եւ դեռեւս տեւող դեգրադացիայի հետեւանքն է: Խորհրդարանական ընտրությունները նաեւ կամ նույնիսկ առաջին հերթին այդ՝ զուտ քաղաքական իշխանության եւ նրա այլընտրանքի, հարցը պիտի լուծեն: Այլապես խաղաղության օրակարգը խեղվելու եւ մսխվելու է: Ինչպես խեղվել եւ մսխվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
Այստեղ արդեն պատասխանատվությունը ուղղակի հասցեագրելի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ ոչ միայն բացառված չէ, այլեւ շատ հավանական է, որ երկրորդ եւ երրորդ նախագահների ու նրանց թիմերի «պատերազմը» քաղտեխնոլոգիական հնարք է, իսկ իրականում ամեն ինչ արվում է, որպեսզի խորհրդարանական ընտրություններով կրկնվի Գյումրիի նախադեպը: Այդ դեպքում, իրոք, ոչ միայն Հայաստանի, այլեւ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական «կողմնացույցի սլաքը կտեղաշարժվի հյուսիսային ուղղության»:
Վահրամ Աթանեսյան
