Խիստ կարեւոր է, որ Ղուկասյանի իրավահաջորդ Բակո Սահակյանի թեկնածությունը ֆորմալ առումով առաջադրել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն, որին միացել է նախ «Ազատ հայրենիք», ապա եւ «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունը։ Ընդ որում, մինչ այդ ԼՂՀ-ում ընդունվել է առաջին սահմանադրությունը, եւ Արկադի Ղուկասյանը մեղադրվել է «երրորդ ժամկետով պաշտոնավարելու հիմք ստեղծելու» մեջ։
Վահրամ Աթանեսյան
Ռուսաստանյան RTVI հեռուստաընկերությանը հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ ժամանակին ԼՂ անկախությունը չի ճանաչել, որպեսզի Ադրբեջանը «կազուս-բելի չունենա»։ Այնուհետեւ նա մանրամասնել է, որ կարգավորման բանակցային գործընթացը հայկական կողմերի համար նպաստավոր էր, ՌԴ‑ն, ԱՄՆ‑ը եւ Ֆրանսիան, որ «ներկայացնում էր Եվրամիությունը», ճանաչում էին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, «հանրաքվեն պետք է տեղի ունենար միայն ԼՂ տարածքում»։

Քոչարյանը, ըստ էության, ներկայացրել է «Մադրիդյան սկզբունքների» այն առաջարկությունները, որ, ինչպես ընդունված է ասել՝ «հայանպաստ էին» եւ չի անդրադարձել խնդրահարույց հարցերին։ Նա, մասնավորապես, չի նշել, որ հայկական կողմերը պետք է ընդունեին ԼՂ շուրջ տարածքների Ադրբեջանին վերադարձը, որ ադրբեջանցիները պետք է վերաբնակվեին Շուշիում, իսկ հանրաքվեի դրվելիք հարցերը եւ անցկացման ժամկետները՝ համաձայնեցվեին Ադրբեջանի հետ։
Միջնորդները «Մադրիդյան սկզբունքները» Հայաստանին եւ Ադրբեջանին ներկայացրել են 2007թ․ նոյեմբերին։ Չորս ամիս հետո Ռոբերտ Քոչարյանը թողել է Հայաստանի նախագահի պաշտոնը։ Փաստացի այդ առաջարկության շուրջ գործնական քննարկումները սկսվել են Սերժ Սարգսյանի օրոք եւ, ըստ էության, ավարտվել Կազանի ձախողված հանդիպմամբ, երբ Ադրբեջանը չի ընդունել ԼՂ կարգավիճակի հարցով միայն Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու դրույթը։

Ռոբերտ Քոչարյանը նաեւ ափսոսանք է հայտնել, որ իր նախագահության շրջանում ձեռք բերված դիվանագիտական հաջողությունները «փշրվել են», բայց չի մասնավորեցրել, թե դա ե՞րբ է տեղի ունեցել։ Քանի որ նույն տեղում նա զղջացել է Սերժ Սարգսյանին իրավահաջորդ «ընտրելու» համար, կարելի է ենթադրել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր «ձեռքբերումները փշրելու համար» նա նաեւ Սերժ Սարգսյանին է մեղադրում։
2007թվականը, երեւի, կարեւոր տարեթիվ է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար։ Այդ տարվա սեպտեմբերին տեղի են ունեցել ԼՂՀ նախագահական ընտրություններ, որոնց Արկադի Ղուկասյանը չի մասնակցել։ Խիստ կարեւոր է, որ Ղուկասյանի իրավահաջորդ Բակո Սահակյանի թեկնածությունը ֆորմալ առումով առաջադրել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն, որին միացել է նախ «Ազատ հայրենիք», ապա եւ «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունը։ Ընդ որում, մինչ այդ ԼՂՀ-ում ընդունվել է առաջին սահմանադրությունը, եւ Արկադի Ղուկասյանը մեղադրվել է «երրորդ ժամկետով պաշտոնավարելու հիմք ստեղծելու» մեջ։ Այդ թեման այնքան է լրջացել, որ Ղուկասյանը ստիպված է եղել մամուլի ասուլիս հրավիրել եւ պաաշտոնապես հայտարարարել, որ նախագահի թեկնածու չի առաջադրվելու։

Ինչո՞վ էր պայմանավորված ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին լավատեղյակ եւ դիվանագիտական բավական լուրջ փարձառության հասած Արկադի Ղուկասյանի հեռացումը։ Եւ ինչու՞ նրան անպայման պետք է փոոխարիներ ՀՅԴ թեկնածու Բակո Սահակյանը, եւ ի՞նչ ենթատեքստ ուներ «Հայաստան-Արցախ- Սփյուռք եռամիասնություն» կարգախոսը, որ նրա իշխանության «այցեքարտը» դարձավ։ Իսկ ղարաբաղյան կարգավորումը փաստացի փոխակերպվեց «Արցախի միջազգային ճանաչումը Հայ դատի հանգրվանն է» քարոզչության։ Դա Ադրբեջանի համար «կազուս-բելի»(պատերազմի առիթ) չէ՞ր։

Վահրամ Աթանեսյան
