Դա արվում է մարդկանց զգացմունքների շահագործման, նրանց գիտակցությունը խեղաթյուրելու միջոցով։ Ավելի մեծ անարգանք, քան հանրությանը կեղծ տեղեկություններով համախմբելու եւ իշխանության դեմ տրամադրելու այդ քարոզչությունն է, դժվար է պատկերացնել։
Վահրամ Աթանեսյան
Ադրպեջանի փոխվարչապետ Մուստաֆաեւի Երեւան այցի մասին տեղեկության հրապարակայնացումից ոչ ավելի քան կես ժամ անց ռուսաստանցի մեդիամագնատ Արամ Գաբրելյանովը, հղելով Կրեմլի եւ ՌԴ հատուկ ծառայությունների իր աղբյուրներին, ֆեյսբուքի անձնական էջում գրել է, որ նա «Հայաստանում երեք հարյուր հազար ադրբեջանցի վերաբնակեցնելու համար է եկել»։
Գաբրիելյանովի «տեղեկությունները» տարածել են նաեւ հայաստանյան տասնյակ լրատվամիջոցներ։
ՌԴ ԱԳՆ‑ն եւ Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը հերքել են Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը։ Արամ Գաբրելյանովի «բացառիկ տեղեկությունը» հիբրիդային պատերազմի ցայտուն օրինակ է։ Եւ խնդիրն այստեղ գործող իշխանությունների եւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ Գաբրելյանովի եւ ռուսաստանցի էթնիկ հայ օլիգարխների ատելությունը եւ Հայաստանում իշխանափոխության նրանց ցանկությունը չէ։

Հիբրիդային պատերազմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված պայմանագրի վավերացման, խաղաղության ինստիտուցիոնալացման, Հարավային Կովկասում առեւտրատնտեսական համագործակցության դեմ է։ Իսկ ինչ խաղաղության դեմ է, հօգուտ հակամարտության պահպանման, նոր պատերազմի է։
Ընդ որում, աչքի է զարնում, որ Գաբրելյանովը որպես աղբյուր մատնանշում է թե Կրեմլին, թե Ռուսաստանի հատուկ ծառայություններին։ Ռուսաստանում իշխանությունների դիրքորոշմանը հակասող ցանկացած տեսակետ, նույնիսկ եթե հեղինակը դպրոցական է, գրաքննության կողմից անհապաղ արձանագրվում է, եւ պատկան մարմինները ձեռնարկում են պատժիչ միջոցներ։

Առաջին անգամ չէ, որ Արամ Գաբրելյանովը սադրիչ տեղեկություններ է տարածում, բայց, երեւում է, նրանով ոչ ոք չի զբաղվում։ Այս իրողությունը թույլ է տալիս վստահաբար եզրակացնել, որ նա հայ-ադրբեջանական կարգավորման դեմ գործում է ՌԴ բարձրագույն իշխանության գիտությամբ եւ հատուկ ծառայությունների ուղղորդմամբ։
Ստացվում է, որ Գաբրելյանովի սադրանքը հայաստանյան մամուլում եւ սոցցանցային հարթակներում տարածողները նույնպես Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մասնակիցներ են։ Քարոզչությամբ հանդես գալով որպես ժողովրդի «շահերի եւ իրավունքների պաշտպան», հայաստանյան ընդդիմադիր դաշտի առնվազն մի զգալի հատվածը փաստացի գործում է նրա դեմ։
Ընդ որում, դա արվում է մարդկանց զգացմունքների շահագործման, նրանց գիտակցությունը խեղաթյուրելու միջոցով։ Ավելի մեծ անարգանք, քան հանրությանը կեղծ տեղեկություններով համախմբելու եւ իշխանության դեմ տրադրելու այդ քարոզչությունն է, դժվար է պատկերացնել։ Լինի իշխանություն, թե ընդդիմություն՝ հանրության, ժողովրդի հանդեպ քաղաքական գործչի հարգանքի չափորոշիչը նրա խոսույթի հավաստիությունն է, անկեղծությունը։
Ընդդիմության խոսույթը գերազանցապես հերյուրածին է, ստահոդ եւ սադրիչ։ Հանրությունը, պետք է հուսալ, Ադրբեջանի փոխվարչապետի այցի շուրջ տեղեկատվական «կեղտաջրերից» վերջնականապես կհիասթափվի եւ իրավիճակին համարժեք դիրքորոշում կընտրի։
Վահրամ Աթանեսյան
