Թոֆիգ Զուլֆուգարովը արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է Հեյդար Ալիեւի կառավարության կազմում։ 1999թ․ աշնանը նաեւ արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Վաֆա Գուլուզադեի հետ հրաժարական է տվել՝ հակադրվելով ղարաբաղյան կարգավորման շուրջ Հեյդար Ալիեւ- Ռոբերտ Քոչարյան «պայմանավորվածություններին»։
Վահրամ Աթանեսյան
Եվրոպական համայնքի երեւանյան գագաթաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հեռավար «մասնակցության» առթիվ ադրբեջանցի հայտնի լրագրող-քաղաքագետ Մահեռամլին ֆեյսբուքի անհատական օգտահաշվում ուշագրավ մեկնաբանություն է արել։ Նրա գնահատմամբ՝ Ալիեւը Եվրախորհրդարանին եւ ԵԽԽՎ-ին հակադրվելու փոխարեն պետք է «նրանց հետ աշխատի»։ Ադրբեջանցի հեղինակավոր փորձագետը կարծիք է հայտնել, որ այդ աշխատանքը «կարելի է տանել Հայաստանի հետ միասին»։
Մահեռամլին ոչ ուղղակի, բայց բավական թափանցիկ քննադատել է նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովին՝ իշխանություններին «ժամանակավրեպ խորհուրդներ տալու» համար։ Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆեւի Հայաստան կատարած այցի եւ սահմանազատման հարցերով կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնությունների մասին Զուլֆուգարովը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ Հայաստանի քարտեզի պատկերով կրծքազարդին Սյունիքի մարզի պատկերը համարել է «ոչ օրինաչափ կցվածք»։

Մահեռամլին, ամենայն հավանականությամբ, նկատի ունի այդ «պահանջատիրությունը», երբ իշխանություններին Զուլֆուգարովի «խորհրդատվությունը» որակում է «ժամանակավրեպ»։Ադրբեջանցի քաղաքագետը, ընդսմին, զուգահեռ է անցկացրել Զուլֆուգարովի «պահանջատիրության» եւ հայաստանյան ընդդիմության «ռեւանշիստական հակումների» միջեւ։ Նրա, թերեւս, ամենաակնառու դիտարկումն այն է, որ «Ղարաբաղի եւ Զանգեզուրի խնդիրը եվրաասիականության հիմքն է, հանել դա՝ նշանակում է փլուզել Մեծ Եվրասիայի նախագիծը»։ Մահեռամլին, ըստ էության, նախկին արտգործնախարար Զուլֆուգարովին վերագրել է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի սպասարկուի դեր, որի «խորհուրդը ժամանակավրեպ է»։
Թոֆիգ Զուլֆուգարովը արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է Հեյդար Ալիեւի կառավարության կազմում։ 1999թ․ աշնանը նաեւ արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Վաֆա Գուլուզադեի հետ հրաժարական է տվել՝ հակադրվելով ղարաբաղյան կարգավորման շուրջ Հեյդար Ալիեւ- Ռոբերտ Քոչարյան «պայմանավորվածություններին»։ Հետագայում նա դիվանագիտական ծառայությունը շարունակել է դեսպանի կարգավիճակում։ 2015թ․-ից զբաղվում է փորձագիտական գործունեությամբ։ Իլհամ Ալիեւը բազմիցս խոսել է «բոլշեւիկների կողմից Զանգեզուրը Հայաստանին նվիրելու պատմական անարդարացիությունից»։
Այդ քարոզչությամբ Ադրբեջանում արդեն երկրորդ սերունդն է կյանք մտել։ Եւ շատ դժվար է համոզվել, որ պրոֆեսոր Մահեռամլին ադրբեջանական հանրության իշխող տեսակետն է հայտնում։ Այդուհանդերձ, պետք է ելնել նրանից, որ Ադրբեջանում նրա մակարդակի մարդիկ երբեք անձնական տեսակետ չեն հայտնում։

Վահրամ Աթանեսյան
