Մոսկվան Բաքվի բարբարոսությունների հանդեպ մշտապես լռում է։ Հետեւաբար աջակցում է, որպեսզի ներկայիս Ադրբեջանի տարածքում Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների հետքը ջնջվի։
Վահրամ Աթանեսյան
FactorTV‑ի լրագրողը «Հայաստան» խմբակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանին հարցրել է, թե ինչպե՞ս է մեկնաբանում Մոսկվայի զորահանդեսին չմասնակցելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, արդյոք հայ-ռուսական հարաբերությունները ավելի չեն լարվի՞։
Գեղամ Մանուկյանը Հայաստանի վարչապետին համեմատել է «փորացավի պատճառաբանությամբ դասերից փոխչող աշակերտի» հետ եւ ընդհանրացրել, որ այդ որոշումը «լուրջ չէ», քանի որ «Հայրենական մեծ պատերազմում նաեւ հայ ժողովուրդն է հաղթել»։ Երեւանում Հայրենական պատերազմում զոհվածների հուշահամալիր կա, մայիսի 9‑ին նրանց հիշատակը հարգվում է։

Ազգային ժողովի պատգամավոր, պատգամավորության թեկնածու Գեղամ Մանուկյանը հաստատ տեղյակ է, որ հետխորհրդային երկրներից միայն Բելառուսի նախագահն է մասնակցելու Մոսկվայի զորահանդեսին, ուստի «անլուրջ են» նաեւ Կենտրոնական Ասիայի երկների եւ Ադրբեջանի նախագահները։
Իսկ եթե խղճի մտոք դատենք, ապա Հաղթանակի օրվա տոնակատարությունը անլրջացրել է Ռուսաստանի նախագահը, երբ մասնակցության հրավեր է ուղարկել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի «նախագահներին»։ Իրեն, իր պետությունը հարգող ոչ մի առաջնորդ Գումբայի եւ Գագլոեւի հետ պաշտոնական նույն հարթակին չի կանգնի։

Ինչ վերաբերում է Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի հաղթանակին, ապա պետք է հիշել, որ խորհրդային Ադրբեջանի տարածքում ունեցել ենք ԽՍՀՄ կրկնակի երկու հերոսի կիսանդրի՝ ինչպես սահմանված էր օրենքով, երկուսն էլ ավերված, պղծված են․ մարշալ Բաղրամյանի կիսանդրին ոչնչացվել է Կիրովաբադ-Գյանջայում, Նելսոն Ստեփանյանինը՝ Շուշիում, իսկ օկուպացված Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում ժողովրդական միջոցներով կանգնեցված հուշարձանները ոչնչացվել են։
Ռուսաստանի ԱԳՆ‑ն Մերձբալթիկայի եւ Արեւելյան Եվրոպայի երկրներին պարբերաբար մեղադրում է խորհրդային զինվորների եղբայրական գերեզմանները «պղծելու» եւ նրանց «հիշատակը ուրանալու» մեջ։ Մոսկվան Բաքվի բարբարոսությունների հանդեպ մշտապես լռում է։ Հետեւաբար աջակցում է, որպեսզի ներկայիս Ադրբեջանի տարածքում Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների հետքը ջնջվի։
Հայաստանի ընդդիմությունը, ցավոք, այդ մասին երբեք չի խոսել, չի խոսում նաեւ այսօր։ Ընդհակառակը, Հայաստանի վարչապետին մեղադրում է, որ Մոսկվա չի մեկնել, Պուտինի զորահանդեսին ներկա չի լինի։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է միանա Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի հաղթանակի ուրացմա՞նը։
Այդ պատերազմին միայն Լեռնային Ղարաբաղից 44 հազար մարդ է զորակոչվել, ուղիղ կեսը զոհվել է, իսկ 22 հոգի արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման։ Եթե այդ նվիրվածությունը Մոսկվայի աչքում «գրոշի արժեք ունենար», Արցախը հայկական կմնար։ Գոնե ի հեճուկս բոլոր մակրոնների, ալիեւների եւ փաշինյանների։
Վահրամ Աթանեսյան
