Սամվել Կարապետյանի եւ Գարեգին Բ․-ի հանդիպման տեսագրությունից պարզ հետեւում է, որ նրանք հարաբերվում են իբրեւ աշխարհական մարդիկ, որ քաղաքական եւ այլ ընդհանրություններ ունեն, շահեր եւ նպատակներ եւ համագործակցում են հանուն դրանց։
Վահրամ Աթանեսյան
Մայիսի 10-ին Գարեգին Բ․-ն այցելել է «Ուժեղ Հայաստանի» առաաջնորդ Սամվել Կարապետյանին: «Նորին Սրբությունը մեծանուն հայորդուն բերեց Սուրբ Էջմիածնի օրհնությունը և բարեմաղթեց տոկունությամբ ու հավատով դիմագրավելու առկա դժվարություններն ու փորձությունները։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ հակառակ այս նեղությունների տիար Սամվել Կարապետյանը հուսառատությամբ, հայրենասեր ու եկեղեցասեր իրեն բնորոշ ոգով պիտի շարունակի ազգօգուտ իր ծանրակշիռ ներդրումը բերել հանուն հայրենիքի և աշխարհասփյուռ հայոց կյանքի պայծառության»,-նշված է Մայր աթոռի տարածած հաղորդագրության մեջ։
Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի այս փուլում, ինչ ձեւակերպումներ էլ որ արել է Էջմիածինը, այդ հանդիպումը ուղերձ է Հայաստանի հանրությանը եւ արտաքին աշխարհին, որ Գարեգին Բ․-ն աջակցում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Գարեգին Բ․-ն ցույց է տվել, որ քաղաքական մրցակցության կողմ է։ Հակառակ պարագային նա Մայր աթոռից ընտրություններին մասնակից ուժերին հանդուրժողականության եւ փոխադարձ հարգանքի հորդոր կաներ։
Մայր աթոռը համառոտ հաղորդագրությանը կից տեսանյութ է հրապարակել, որտեղ պատկերված է Գարեգին Բ․-ի եւ Սամվել Կարապետյանի հանդիպումը։ Նրանք ջերմ գրկախառնվում են։ Լսելի է նաեւ, որ Սամվել Կարապետյանը նրան հարցնում է․ «Ո՞նց եք»։ Ընդ որում, օլիգարխը չի օգտագործում նույնիսկ «Վեհափառ» դիմելաձեւը։

Ամենայն հայոց կաթողիկոսին հանդիպելիս հայ մարդը, լինի հավատացյալ, թե ոչ, նրա առջեւ խոնարհվում է, համբուրում աջը։ Կաթողիկոսի հետ նույնիսկ հոգեւորականները չեն գրկախառնվում, ոչ էլ թփթփացնում են նրա ուսը։ Զուր չէ, որ Կաթողիկոսը անվանվում է «Նորին սրբություն»։
Սամվել Կարապետյանի եւ Գարեգին Բ․-ի հանդիպման տեսագրությունից պարզ հետեւում է, որ նրանք հարաբերվում են իբրեւ աշխարհական մարդիկ, որ քաղաքական եւ այլ ընդհանրություններ ունեն, շահեր եւ նպատակներ եւ համագործակցում են հանուն դրանց։
Այդ առումով որեւէ մեկը խնդիր չէր տեսնի, եթե նրանք հանդիպեին որպես Սամվել Կարապետյան եւ Կտրիճ Ներսիսյան։

Ամենայն հայոց կաթողիկոսը չպետք է թույլ տա, որ ի դեմս իրեն անարգվի Հայ եկեղեցին։
Իսկ նրանք, որ ասում են, թե Սամվել Կարապետյանը Հայ եկեղեցու պաշտպանն է, թող ուշադիր դիտեն տարածված տեսանյութը։
Վահրամ Աթանեսյան
