2018 թվականից հետո ակտիվորեն տարածվեց «սորոսականության» թեման, որով փորձ արվեց թիրախավորել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և անկախ մեդիաներին։
Արսեն Խառատյան
1inTV‑ն զրուցել է արևելագետ, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլը՝ շեշտադրելով Ադրբեջանի ազդեցությունը գործընթացի դանդաղեցման վրա: Արսեն Խառատյանն անդրադառնում է օդային և ցամաքային սահմանների բացման տնտեսական հնարավորություններին, որոնք կարող են նվազեցնել Հայաստանի կախվածությունը ռուսական ուղիներից: Զրույցի ընթացքում վերլուծվում են նաև աշխարհաքաղաքական մրցակցությունը Կենտրոնական Ասիայում և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի ազդեցությունը տարածաշրջանի վրա: Հատուկ ուշադրություն է դարձվում ներքաղաքական մարտահրավերներին, այդ թվում՝ քարոզարշավի ընթացքում տարածվող ապատեղեկատվությանը և հիբրիդային սպառնալիքներին:
Արսեն Խառատյանը նշեց, որ պաշտոնական Երևանի հայտարարությունները Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին նոր չեն, և հայկական կողմը դեռևս 2023 թվականից հայտարարել է, որ պատրաստ է սահմանների բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Նրա դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ գործընթացի դանդաղեցումը պայմանավորված է հիմնականում Ադրբեջանի գործոնով, քանի որ Թուրքիան իր քաղաքականությունը շարունակում է կապել Բաքվի դիրքորոշման հետ։
Արևելագետը կարծում է, որ վերջին շրջանի որոշ տեղաշարժերը՝ ապրանքների փոխադրման հնարավորությունների ընդլայնումը կամ թուրքական հայտարարությունները մոտ ապագայում առաջընթաց ակնկալելու մասին, առավելապես կոսմետիկ բնույթ ունեն և չեն վկայում բովանդակային բեկման մասին։ Արսեն Խառատյանի խոսքով՝ եթե չլիներ ադրբեջանական գործոնը, Թուրքիան վաղուց ավելի մեծ առաջընթաց կունենար Հայաստանի հետ հարաբերություններում։
Նա ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Անիում վերջերս հանդիպել էին հայ և թուրք մասնագետներ, որոնք արդեն տեխնիկական հարցեր էին քննարկում՝ կապված սահմանի հնարավոր գործարկման հետ։ Միևնույն ժամանակ Խառատյանը հիշեցրեց, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, օրինակ՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանների բացման թեման, մինչ օրս մնացել են թղթի վրա։
Ալիք Մեդիայի հիմնադիրը կարևորեց նաև թուրքական ավիաընկերությունների մուտքը հայկական շուկա՝ նշելով, որ դրանք կարող են լուրջ մրցակից դառնալ միջազգային ավիափոխադրումների ոլորտում։ Նրա խոսքով՝ հատկապես դեպի ԱՄՆ թռիչքների դեպքում թուրքական ավիաընկերությունները ունեն մի շարք առավելություններ՝ ինչպես գնի, այնպես էլ աշխարհագրական դիրքի տեսանկյունից։ Խառատյանը նկատեց, որ Հայաստանը կարող է դառնալ կարևոր տարանցիկ հանգույց, սակայն դրա համար անհրաժեշտ են ենթակառուցվածքային լուրջ ներդրումներ։
Արսեն Խառատյանը շեշտեց, որ «Զվարթնոց» օդանավակայանը դեռևս չունի ԱՄՆ‑ի պահանջած TSA ստանդարտները, ինչը խոչընդոտում է ուղիղ չվերթների իրականացմանը դեպի Միացյալ Նահանգներ։ Նա նշեց, որ եթե Հայաստանը ցանկանում է տարածաշրջանային հաբ դառնալ, անհրաժեշտ են օդանավակայանի ընդլայնում և մեծածավալ ներդրումներ։
Կոնֆլիկտաբանը անդրադարձավ նաև Ռուսաստանից կախվածության խնդրին՝ նշելով, որ Թուրքիայի հետ սահմանի բացման ամենակարևոր հետևանքներից մեկը կլինի Լարսի անցակետից կախվածության նվազումը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանը պետք է վաղուց ակտիվորեն նոր շուկաներ որոներ, քանի որ միայն ռուսական կամ եվրասիական շուկաներից կախված մնալը վտանգավոր է։
Խառատյանը կարծում է, որ Եվրամիության շուկան մեծ հնարավորություններ է տալիս, սակայն հայկական արտադրանքը դեռ ժամանակ է պահանջում այնտեղ մրցունակ ներկայություն ապահովելու համար։ Նրա խոսքով՝ մոտ ապագայում Հայաստանը շարունակելու է կախված մնալ եվրասիական տնտեսական տարածքից, եթե կտրուկ քաղաքական փոփոխություններ տեղի չունենան։
Անդրադառնալով կենտրոնական Ասիայում Թուրքիայի և Ռուսաստանի մրցակցությանը՝ Արսեն Խարատյանը նշեց, որ տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրություն ունեն ոչ միայն այդ երկրները, այլ նաև Չինաստանը, Եվրամիությունը և Միացյալ Նահանգները։ Նա կարևորեց հատկապես Ղազախստանի և Ուզբեկստանի դերակատարությունը՝ նշելով, որ այդ երկրները փորձում են մանևրել տարբեր ուժային կենտրոնների միջև։
Խառատյանը ուշադրություն հրավիրեց նաև ԱՄՆ֊Չինաստան հարաբերությունների վրա՝ ընդգծելով, որ երկու գերտերություններն արդեն բացահայտ հայտարարում են, թե համաշխարհային կայունությունը մեծապես կախված է իրենց հարաբերություններից։ Նրա դիտարկմամբ՝ Կենտրոնական Ասիան այս համատեքստում կարևոր դեր ունի նաև ենթակառուցվածքային և էներգետիկ ծրագրերի պատճառով։
Արևելագետը խոսեց նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ նշելով, որ վերջին պատերազմի արդյունքում Իրանի պետական համակարգը ոչ միայն պահպանվեց, այլև որոշ իմաստով ավելի ամրապնդվեց։ Նրա խոսքով՝ Իրանը կարողացավ պահպանել վերահսկողությունը և ցույց տալ, որ կարող է դիմակայել արտաքին ճնշումներին։
Արսեն Խառատյանը նկատեց, որ պատերազմից հետո խոցելի դարձան նաև ծոցի մի շարք երկրներ, և կասկածի տակ դրվեցին անվտանգության նախկին պատկերացումները։ Նա հավելեց, որ Իրանը հատկապես կարևոր դեր ունի համաշխարհային նավթի շուկայում, և Հորմուզի նեղուցի շուրջ ցանկացած ճգնաժամ անմիջապես ազդում է համաշխարհային տնտեսության վրա։
Նրա գնահատմամբ՝ ակտիվ լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը այս պահին մեծ չէ, սակայն տարածաշրջանում շարունակվում են խորքային փոփոխությունները՝ հատկապես էներգետիկ և աշխարհաքաղաքական ոլորտներում։ Խառատյանը շեշտեց, որ Հայաստանը վերջին բախումների ընթացքում դարձավ Իրանի անմիջական հարևանությամբ միակ երկիրը, որը հարձակման չթիրախավորվեց, և դա պայմանավորված է նրանով, որ Իրանը Հայաստանից վտանգ չի տեսնում։

Ներքաղաքական իրավիճակին անդրադառնալով՝ Արսեն Խառատյանը նշեց, որ այս ընտրարշավը տարբերվում է նախորդներից, քանի որ այսօր մեծ դեր ունեն սոցիալական ցանցերը, արհեստական բանականությունը և ապատեղեկատվությունը։ Նրա խոսքով՝ առցանց տարածքը դարձել է գլխավոր մարտահրավերներից մեկը, և հանրությունը հաճախ խոցելի է կեղծ լուրերի ու մանիպուլյացիաների նկատմամբ։ Տեղեկատվական պատերազմը շարունակվելու է նաև ընտրություններից հետո, հատկապես Հայաստանի եվրոպական ուղղության շուրջ քննարկումների ֆոնին։ Նա կարևորեց մեդիագրագիտության զարգացումն ու կեղծ տեղեկությունների բացահայտումը։
Արսեն Խառատյանը հիշեցրեց, որ 2018 թվականից հետո ակտիվորեն տարածվեց «սորոսականության» թեման, որով փորձ արվեց թիրախավորել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և անկախ մեդիաներին։ Նրա կարծիքով՝ այդ մեխանիզմները շարունակում են գործել նաև այսօր՝ պարզապես նոր ձևակերպումներով։
Նա դրական գնահատեց այն օրինագիծը, որով քաղաքացիները կարող են իրենց հարկերից որոշ գումար ուղղել լրատվամիջոցներին կամ հասարակական կազմակերպություններին։ Խարատյանի խոսքով՝ նման մեխանիզմը կարող է նպաստել անկախ և «տնային» քաղաքացիական հասարակության ձևավորմանը՝ նվազեցնելով արտաքին ֆինանսավորումից կախվածությունը։
Վրաստանի իրավիճակին անդրադառնալով՝ Արսեն Խառատյանը նշեց, որ Հայաստանի և Վրաստանի միջև այս պահին էական տարբերություն կա՝ հատկապես խոսքի ազատության և ժողովրդավարական միջավայրի առումով։ Նրա գնահատմամբ՝ Վրաստանում ընդունված «օտարերկրյա գործակալների» օրենքը և այլ սահմանափակումներ լուրջ ճնշում են գործադրում քաղաքացիական հասարակության վրա։
Խառատյանը նկատեց, որ Վրաստանի հանրության շրջանում Հայաստանի նկատմամբ այսօր բավականին դրական վերաբերմունք կա, և դա երբեմն բացասաբար է ընկալվում վրացական իշխանությունների կողմից։ Միևնույն ժամանակ նա զգուշացրեց, որ ընտրական գործընթացներում Հայաստանի ներքին կյանքին միջամտելու փորձերը, հատկապես ընտրակաշառքի կամ այլ մեխանիզմների միջոցով, կարող են քրեորեն հետապնդելի լինել։
Նա կարևորեց նաև քաղհասարակության իրազեկման աշխատանքները՝ ընդգծելով, որ շատ քաղաքացիներ հաճախ չեն գիտակցում ընտրական խախտումների իրավական հետևանքները։
Հարցազրույցն ամբողջությամբ‘
