Մի քանի օր առաջ Գարեգին Բ․-ն այցելել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, եւ նրա քաղաքական կողմնորոշումը արդեն իսկ պարզ է։
Վահրամ Աթանեսյան
«Հրապարակի» տեղեկություններով՝ շաբաթ օրը մի խումբ մտավորականներ այցելելու են Մայր աթոռ, որպեսզի իրենց աջակցությունը հայտնեն Եկեղեցուն եւ Գարեգին Բ․-ին։ Լրատվամիջոցին նաեւ հայտնի է դարձել, որ մտավորականները խնդրելու են, որպեսզի Գարեգին Բ․-ն ընտրությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնի եւ «հավատացյալ հոտին կոչ անի, թե ում պետք է ընտրել, որպեսզի երկիրը դուրս գա այս փակուղուց»։
Մի քանի օր առաջ Գարեգին Բ․-ն այցելել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին, եւ նրա քաղաքական կողմնորոշումը արդեն իսկ պարզ է։ Այդ մասին անգամ Ռուսաստանի թերթերը եւ կայքերն ու թելեգրամ-ալիքներն են գրել։
Գարեգին Բ․-ի խորհրդատուն այդ հարցում հայ մտավորականների խումբը չէ։
Իսկ ի՞նչ դեր ունեն հայ մտավորականները։ Նրանք պետք է ներկայանան Մայր աթոռ, հանդիպեն Գարեգին Բ․-ին եւ խնդրեն, որ փաստացի Հայ առաքելական եկեղեցու գլուխ հանդիսացող անձը «կոնդակով» դիմի Հայաստանի քաղաքացիներին եւ ուղղորդի, թե ում օգտին տան իրենց ձայնը։
Մնացածը Գարեգին Բ․-ն գիտի կամ թե ինչ պիտի ասի՝ արդեն համապատասխան «կառույցից» գրավոր ստացել է։ Մնում է, որ խելացի թարգմանիչ գտնվի։ Նա էլ քաղաքական տեքստը կգունազարդի աստվածաշնչյան մի քանի մեջբերումներով եւ կստացվի, որ Մայր աթոռը ոչ թե հայության հոգեւոր կենտրոնն է, այլ՝ ընտրություններին մասնակցող մի ուժի նախընտրական շտաբ, Գարեգին Բ․-ն էլ՝ քաղաքական քարոզիչ։
Այս տեղեկությունը եթե հիմնավոր է, ուրեմն «Ուժեղ Հայաստանի» նախընտրական վարկանիշը խիստ ցածր է։ Այլապես Սամվել Կարապետյանը Գարեգին Բ․-ին չէր հարկադրի դառնալ իր մունետիկը կամ, ավելի ճիշտ, զբաղվել մարդորսությամբ։
Թե ինչ վերաբերմունք ունի նա Գարեգին Բ․-ի նկատմամբ, պարզ դարձավ տարածված տեսանյութից, որ պատկերում է, թե ինչպես է ռուսաստանցի օլիգարխը թփթփացնում «Հայոց Հայրապետի» թիկունքին։
Անհասկանալին հայ մտավորականների կեցվածքն է, որ իրենց վրա են վերցրել «խնդրարկուի» անշնորհակալ դերը։ Սեփական անձի հանդեպ անարգանքի հարցում նրանք ազատ են, բայց ո՞վ է նրանց Հայ առաքելական եկեղեցին նվաստացնելու լիազորել։
Վահրամ Աթանեսյան
