Ընտրակաշառքը մշտապես եղել է նախընտրական շրջանն ուղեկցող մշտական երևույթներից մեկը, բայց երբեք այն այսչափ բացահայտ և այսչափ ահռելի չի եղել, որքան որ հիմա է։ Գրեթե ամեն օր հրապարակվող գաղտնալսումները սարսափելի են։ Սարսափելի են ոչ միայն այն առումով, որ ահռելի չափով ընտրակաշառք է բաժանվում, այլև այն, թե ինչքան շատ մարդ կա ներգրավված այդ ամենում։
Մեր Ուղին
Հայաստանի առաջիկա ընտրությունները սովորական քաղաքական գործընթաց չեն լինելու։ Դրանք լինելու են իշխանության պահպանման և իշխանության զավթման միջև կոշտ պայքար, որտեղ կիրառվելու են ոչ միայն քարոզչական, այլ նաև ստվերային, ֆինանսական և հոգեբանական մեխանիզմներ։ Այս իրավիճակում ամենամեծ վտանգը կարող է լինել այն ինքնավստահությունը, երբ իշխանությունը սկսում է մտածել, թե արդեն ապահովել է հաղթանակը, մինչդեռ ընդդիմությունը, զգալով բաց քաղաքական պայքարում սահմանափակ հնարավորությունները, կարող է անցնել առավել ագրեսիվ ու վտանգավոր մեթոդների։
Հայաստանի քաղաքական պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ ընտրություններից առաջ ամենակեղտոտ և ամենավտանգավոր գործիքներից մեկը դառնում է ընտրակաշառքը։ Երբ գաղափարները չեն բավարարում, սկսում են աշխատել փողը, ստվերային կապերը, վարչական ազդեցությունները, տեղային հեղինակությունները, տնտեսական կախվածությունները և սոցիալական դժգոհության վրա կառուցված մանիպուլյացիաները։ Հատկապես այն ուժերը, որոնք հասկանում են, որ հասարակական լայն վստահություն չունեն, հաճախ փորձում են ընտրական արդյունքը փոխել ոչ թե քաղաքական համոզմամբ, այլ վերահսկվող ցանցերով, ֆինանսական ճնշումներով և կազմակերպված ընտրական տեխնոլոգիաներով։Ընտրակաշառքը մշտապես եղել է նախընտրական շրջանն ուղեկցող մշտական երևույթներից մեկը, բայց երբեք այն այսչափ բացահայտ և այսչափ ահռելի չի եղել, որքան որ հիմա է։ Գրեթե ամեն օր հրապարակվող գաղտնալսումները սարսափելի են։ Սարսափելի են ոչ միայն այն առումով, որ ահռելի չափով ընտրակաշառք է բաժանվում, այլև այն, թե ինչքան շատ մարդ կա ներգրաված այդ ամենում։ Ընդ որում ընտրակաշառքներում ներգրաված հասարակ մարդկանց մեծ քանակը լուռ վկա է այն բանի, թե իրականում որքան ախտահարված է հայ հասարակության քաղաքական գիտակցությունը։
Այս ընտրություններում նույնպես չի կարելի բացառել ամենակոշտ սցենարները։ Ընդդիմադիր բևեռները, եթե զգալով, որ ընտրական ճանապարհով չեն կարող հասնել իշխանության, կարող են դիմում են լայնածավալ ընտրակաշառքների, սոցիալական ծանր վիճակի շահարկման, արհեստական բողոքների գեներացման, տեղեկատվական սրացումների, պետական համակարգի ներսում լարվածության խորացման և նույնիսկ արտաքին կենտրոնների հետ համադրված ճնշումների։ Նման իրավիճակներում քաղաքական պայքարը դադարում է լինել սովորական քարոզարշավ և վերածվում է պետության ներսում ազդեցության համար մղվող բազմաշերտ պատերազմի։
Առանձնապես վտանգավոր է այն, որ ընտրակաշառքը միայն փող բաժանելը չէ։ Այն ամբողջական համակարգ է՝ կառուցված վախի, կախվածության, պարտքի զգացման և մարդկանց սոցիալական խոցելիության վրա։ Երբ աղքատությունը վերածվում է քաղաքական գործիքի, ընտրությունը դառնում է ոչ թե կամքի արտահայտություն, այլ գոյատևման առևտուր։ Այդպիսի պայմաններում ցանկացած ընտրություն կարող է վերածվել պետական ինստիտուտների նկատմամբ վստահության քայքայման գործընթացի։Ու պետք է հիշել, որ ընտրակաշառքի այդ կեղտոտ ինստիտուտը մեկ-երկու տարում ձևավորված երևույթ չէ։ Դեռևս խորհրդային տարիներից կաշառքին սովոր հասարակությունը 90-ականներից ավելի ընկղմվեց դրա մեջ, ծանր սոցիալական վիճակն օգտագործելով՝ իշխանությունները տասնյակ տարիներ շարունակ հասարակությանը նվաստացրին միանվագ 10–20 հազար դրամ վճարելով ու ամրացնելով կաշառքի ինստիտուտը։ Իսկ այժմ ոչ թե մեկ անգամ 10–20 կամ նույնիսկ 40–50 հազար դրամի մասին է խոսքը, այլև ամիսներով վճարվող «աշխատավարձերի», աշխատանքի ընդունման, վենդետայի և այլն։ Սա արդեն ոչ թե ընտրակաշառք է, այլ ներքին քաղաքակրթական պատերազմ․ արդյո՞ք հասարակությունն ի վիճակի կլինի դիմադրել իր քաղցկեղին, թե՞ հիվանդացած է անհույս կերպով։
Հենց այդ պատճառով իշխանությունը չպետք է ապրի թուլացած և ինքնահանգստացած տրամաբանությամբ։ Ամենավտանգավոր պահը քաղաքականության մեջ այն է, երբ իշխանությունը սկսում է հավատալ, թե հակառակորդն այլևս անկարող է վտանգ ստեղծել։ Այդ պահին կորում է զգոնությունը, թուլանում է վերահսկողությունը, անտեսվում են ստվերային գործընթացները, իսկ ընդդիմությունը ստանում է անակնկալ հարված հասցնելու հնարավորություն։ Պետությունը պարտավոր է առավել կոշտ ու համակարգված պայքար մղել ընտրակաշառքների, ստվերային ֆինանսավորման, վարչական ցանցերի և ապակայունացման ցանկացած փորձի դեմ, որովհետև այստեղ վտանգված է ոչ միայն որևէ կուսակցության ճակատագիրը, այլ հենց պետական համակարգի կայունությունը։
Առաջիկա շաբաթները լինելու են սթափության, քաղաքական դիմադրողականության և պետական ինստիտուտների ամրության քննություն։ Ով առաջինը կորցնի իրականության զգացողությունը, ամենայն հավանականությամբ, կկորցնի նաև իրավիճակի վերահսկողությունը։
Իշխանությունը պետք է հասկանա մի բան․ սա պարզապես ընտրություն չէ ու իր աթոռի հարցը չէ։ Նրանք հիմա լավ շանս ունեն երկաթե ձեռքով արմատական հարված հասցնելու երկիրը ներսից քանդող ու քայքայող երևույթին։ Դա նրանց պարտքն ու պարտականությունն է։ Եթե իշխանությունն իրոք հավատում է իր կուսակցական անվանը՝ «քաղաքացիական պայմանագիր», ապա պետք է նաև գաղափարական ու իրավական մեծ պայքար մղի իրավ քաղաքացիական պայմանագրի թշնամի՝ ավտորիտար կաշառակերության դեմ՝ սկսելով նաև իրենից։
Մեր Ուղին
