Եթե քաղաքական ուժերը հայտարարում են, թե Հայաստանը պետք է ամբողջությամբ վերադառնա ռուսական ազդեցության տիրույթ, ապա նրանք պարտավոր են բացատրել, թե ինչպես է դա տնտեսական, անվտանգային և ինստիտուցիոնալ առումով նպաստելու Հայաստանին։ Ռուսաստանն այսօր լուրջ անկման մեջ է, նրա միջազգային ազդեցությունը թուլացել է, իսկ համաշխարհային հիմնական դերակատարներն այժմ ԱՄՆ‑ն ու Չինաստանն են։
Աննա Օհանյան
1inTV‑ն զրուցել է Միացյալ Նահանգների Մասաչուսեթսի Սթոնիլ քոլեջի քաղաքագիտության պրոֆեսոր Աննա Օհանյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման կենսական անհրաժեշտությունը՝ ընդգծելով անցումը նեոկայսերական ծայրամասից դեպի ինքնիշխան սուբյեկտայնություն: Հարցազրույցի առանցքում «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP» նախագծերն են, որոնք դիտարկվում են ոչ միայն որպես ենթակառուցվածքային ծրագրեր, այլև որպես անվտանգային և տեխնոլոգիական հնարավորություններ՝ երկիրը միջազգային մատակարարման շղթաներում ինտեգրելու համար: Օհանյանը նախազգուշացնում է, որ վերադարձը ռուսական ուղեծիր կամ հունգարական ու վրացական սցենարների կրկնությունը կհանգեցնի հսկայական կորուստների: Վերջնարդյունքում, արևմտյան գործընկերների և Եվրոմիության հետ մերձեցումը ներկայացվում է որպես Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և երկարաժամկետ զարգացման միակ իրատեսական ուղին:
Աննա Օհանյանն ասաց, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները նախկին շրջանի համեմատ որակապես ամբողջովին այլ մակարդակի վրա են։ Նրա դիտարկմամբ՝ անգամ այն հարցադրումը, թե «կյանքի կկոչվի՞, թե՞ ոչ» «TRIPP» նախագիծը, ցույց է տալիս, որ որոշ ուժեր չեն դիտարկում Հայաստանի սուբյեկտայնությունը և չեն ուզում ընդունել, որ Հայաստանը ինքնուրույն դերակատար է։ Օհանյանը նշեց, որ եթե ԱՄՆ‑ի նման գերտերությունը Հայաստանի հարավը, տրանսպորտային ենթակառուցվածքները և սահմանային շրջանները դիտարկում է ռազմաքաղաքական առումով կարևոր, ապա դա արդեն նշանակում է, որ Հայաստանը բավարար տարածք ունի ինքնուրույն քաղաքական խաղ վարելու համար։
Պրոֆեսորը կարևորեց այն, որ ծրագիրը միայն ենթակառուցվածքային նախաձեռնություն չէ։ Նրա խոսքով՝ այդ համաձայնագրերը նաև ամրացնում են սահմանների անխախտելիության նորմերը և ուժի միջոցով սահմանների փոփոխության դեմ միջազգային սկզբունքները։ Աննա Օհանյանըկարծում է, որ հատկապես կարևոր է ԱՄՆ‑ի հետ համագործակցությունը արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտներում, քանի որ դա Հայաստանի պետականության համար որակապես նոր հնարավորություններ է ստեղծում և փոխում է երկրի դիրքավորումը միջազգային տնտեսության մեջ։

Օհանյանը շեշտեց, որ միջազգային համակարգում աճող անկայունության պայմաններում նույնիսկ փոքր պետությունների կարևորությունն աճում է, եթե դրանք ունեն կայուն և ամուր ինստիտուտներ։ Նրա խոսքով՝ ժողովրդավարական կառույցները Հայաստանի համար «օդի ու ջրի նման անհրաժեշտ են»։ Նա նաև նշեց, որ Հայաստանը հետխորհրդային տարածքում արդեն դարձել է արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում կարևոր խաղացող, իսկ ԱՄՆ‑ը նման համագործակցություն բոլոր երկրների հետ չի կառուցում։
Անդրադառնալով այն քննադատություններին, թե ծրագիրը «միջանցք» է և ծառայում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին, Աննա Օհանյանն ասաց, որ այնտեղ միջանցքային տրամաբանություն չի տեսնում։ Նրա գնահատմամբ՝ նախկինում քննարկվող էքստրատարածքային սցենարը վերացել է, իսկ Հայաստանի սուվերենությունը հստակ ամրագրվել է։ Նա ընդգծեց, որ նախագիծը կարող է խթան հանդիսանալ՝ տարածաշրջանի բոլոր սահմանների բացման համար։
Օհանյանը նշեց, որ այստեղ միայն ԱՄՆ‑ի կամ Ռուսաստանի հարցը չէ․ շահագրգիռ կողմերը շատեն, որովհետև բազմաթիվ երկրներ ցանկանում են ունենալ կայուն մատակարարման և տրանսպորտային շղթաներ։ Նրա խոսքով՝ Հայաստանի միջոցով անցնող ուղին Հարավային Կովկասը դարձնում է ավելի դիվերսիֆիկացված և բարձրացնում է տարածաշրջանի ռազմավարական արժեքը միջազգային համակարգում։ Նա հավելեց, որ Հայաստանի անվտանգությունն ավելի բարձր կլինի, եթե ամբողջ Հարավային Կովկասը լինի կայուն և միջազգային դերակատարների համար արժեքավոր։
Աննա Օհանյանը դիտարկեց նաև Ռուսաստանի գործոնը՝ նշելով, որ այս ծրագիրը Ռուսաստանին ավտոմատ կերպով դուրս չի մղում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է արժեք ներկայացնել Չինաստանի համար որպես տարանցիկ գոտի, իսկ Հարավային Կովկասում կայուն կոմունիկացիաների ստեղծումը նույնիսկ կարող է բարձրացնել Ռուսաստանի նշանակությունը Չինաստանի համար։ Սակայն նա ընդգծեց, որ Կրեմլը շարունակում է ամեն ինչ դիտարկել հին՝ 19–20-րդ դարերի աշխարհաքաղաքական մտածողությամբ և փորձում է ծրագիրը ներքաշել բևեռային հակադրությունների տրամաբանության մեջ, մինչդեռ իրականում այն շատ ավելի բարդ և բազմաշերտ նախաձեռնություն է։
Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ Օհանյանը նշեց, որ Հայաստանի զարգացման ուղին կառուցվածքային առումով հստակ է։ Նրա խոսքով՝ փոքր տնտեսությամբ և փակ սահմաններով պետության համար կենսական անհրաժեշտություն է բոլոր սահմանների բացումը և տնտեսական դիվերսիֆիկացիան։ Նա նույնիսկ հավանական չհամարեց, որ հնարավոր պրոռուսական ուժերը կարողանան ամբողջությամբ փոխել այդ ուղղությունը, որովհետև հասարակությունն ինքն արդեն ավելի բաց և ժողովրդավարական զարգացման ուղի է ընտրել։Եթե քաղաքական ուժերը հայտարարում են, թե Հայաստանը պետք է ամբողջությամբ վերադառնա ռուսական ազդեցության տիրույթ, ապա նրանք պարտավոր են բացատրել, թե ինչպես է դա տնտեսական, անվտանգային և ինստիտուցիոնալ առումով նպաստելու Հայաստանին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն այսօր լուրջ անկման մեջ է, նրա միջազգային ազդեցությունը թուլացել է, իսկ համաշխարհային հիմնական դերակատարներն այժմ ԱՄՆ‑ն ու Չինաստանն են։

Օհանյանը նշեց, որ աշխարհագրությունը հնարավոր չէ փոխել, և Ռուսաստանը միշտ կմնա տարածաշրջանային կարևոր դերակատար, սակայն հարցն այն է, թե ինչպես կառավարել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ոչ թե որպես կայսերական կենտրոնի, այլ որպես տարածաշրջանային պետության։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանը կրկին գնա «հունգարական» կամ «վրացական» սցենարներով և կորցնի զարգացման ևս մեկ տասնամյակ, ապա դա մեծ հարված կլինի պետականությանը։
Խոսելով Եվրամիության մասին՝ Աննա Օհանյաննասաց, որ Եվրամիության ներսում այժմ լուրջ վերանայումներ են ընթանում ընդլայնման մեխանիզմների վերաբերյալ։ Նրա դիտարկմամբ՝ նախկինում այդ գործընթացը չափազանց տեխնոկրատական էր, և թերագնահատվում էր այն փաստը, որ եվրոպական ինտեգրումը նաև խոր քաղաքական և ինստիտուցիոնալ վերափոխում է պահանջում։
Միևնույն ժամանակ նա կարևորեց այն, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում արդեն ցույց է տալիս՝ Եվրոպան ավելի լուրջ է դիտարկում Հայաստանը։ Օհանյանի խոսքով՝ Հայաստանը կարևոր է ոչ միայն որպես ժողովրդավարական երկիր, այլ նաև որպես կապող օղակ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև։ Նա ընդգծեց, որ Եվրոպան աստիճանաբար ձևավորվում է որպես ավելի ինքնուրույն քաղաքական և տնտեսական դերակատար, իսկ այդ համատեքստում Հարավային Կովկասի նշանակությունն աճում է։

Ամփոփելով՝ Աննա Օհանյանը համաձայնեց այն մոտեցման հետ, որ նույնիսկ եթե Հայաստանը երկար ժամանակ չդառնա Եվրամիության անդամ, եվրոպական ինտեգրման ճանապարհն ինքնին կարևոր է, որովհետև այն ամրացնում է պետական ինստիտուտները, ժողովրդավարությունը և երկարաժամկետ հեռանկարում ապահովում է Հայաստանի կայուն զարգացումն ու գոյատևումը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
