Մոսկվան նախկինում Ադրբեջանին օգտագործել է Հայաստանի դեմ ազդեցություն պահպանելու համար, իսկ խաղաղության պայմանագիրը կարող է փակել այդ հնարավորությունը։ Այդ պատճառով այժմ փորձ է արվում Հայաստանի ներսում գործող «հինգերորդ շարասյան» միջոցով արգելակել գործընթացը։
Հովսեփ Խուրշուդյան
1inTV‑ն զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ Զրույցի ընթացքում քննարկվում է նախընտրական իրադրությունը Հայաստանում, ինչպես նաև ուշադրություն դարձվում ընտրապայքարի տրամաբանությանն ու տարբերի ուժերի մոտեցումներին։ Խուրշուդյանը վերլուծում է արդարադատության՝ համակարգային դառնալու հրամայականը՝ նշելով վեթինգի անհրաժեշտության մասին։ Ուշադրություն է դարձվում նաև ՀՀ արտաքին հարաբերություններին, ինչպես օրինակ հայ-ադրբեջանական հարաբերություններին ու դրանց նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքին։
Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորված «եռագլուխ» ուժը ինքնուրույն քաղաքական դերակատար չէ, և, նրա գնահատմամբ, այդ գործընթացների հետևում կանգնած է Կրեմլը։ Նա ասաց, որ նախընտրական շրջանում իրավիճակի սրումը, բռնության կիրառումը և խոչընդոտների ստեղծումը միտված են լարվածություն հրահրելուն, իսկ դրա հիմնական նպատակը քաղաքական գործընթացների վերահսկումն է։ Խուրշուդյանի կարծիքով՝ եթե այս տեմպը շարունակվի, այդ ուժերը տանուլ կտան ընտրապայքարը, ինչի պատճառով փորձում են դիմել այլ մեթոդների։
Հովսեփ Խուրշուդյանը դիտարկեց, որ իշխանությունների խոսույթը վերջին օրերին նկատելիորեն սրվել է։ Նրա խոսքով՝ վարչապետի հայտարարությունները ցույց են տալիս որոշակի լարվածություն, սակայն, ըստ վերլուծաբանի, իշխանությունը պետք է պահպանի ավելի հանգիստ և հավասարակշռված մթնոլորտ՝ անկախ սադրանքներից։
Ազատ քաղաքացի ՀԿ‑ի ղեկավարն անդրադարձավ նաև այն քննադատություններին, թե ութ տարվա ընթացքում նախկին համակարգի դեմ խոստացված պայքարը ամբողջությամբ չի իրականացվել։ Նա նշեց, որ հիմնական խնդիրը վեթինգի բացակայությունն է։ Խուրշուդյանի խոսքով՝ նախկին իշխանավորներն ու նրանց հետ առնչվող շրջանակները առանձին անհատներ չեն, այլ ամբողջական ցանցեր, որոնք կապված են դատաիրավական համակարգի, պետական ապարատի և անգամ եկեղեցու հետ։ Նրա գնահատմամբ՝ հենց վեթինգն էր այն գործիքը, որը պետք է բացահայտեր այդ համակարգերը։
Վերլուծաբանը շեշտեց, որ ընտրություններից ընտրություն կրկնվում են նույն խոստումները, սակայն իրական համակարգային մաքրում չի իրականացվում։ Նա ասաց, որ ապօրինի գույքի բռնագանձումը բավարար չէ, քանի որ վեթինգը ենթադրում է պատասխանատվության ենթարկել ապօրինի որոշումներ կայացրած դատավորներին, քննիչներին ու դատախազներին։ Խուրշուդյանի կարծիքով՝ դատաիրավական համակարգը հեղափոխությունից հետո էականորեն չի մաքրվել, և դրա հետևանքով հասարակ քաղաքացիները շարունակում են արդարադատության խնդիր ունենալ։
Հովսեփ Խուրշուդյանը նաև անդրադարձավ Կրեմլի հնարավոր նպատակներին՝ նշելով, որ միայն ընտրությունների ապալեգիտիմացումը վերջնական նպատակը չէ։ Նրա խոսքով՝ վտանգ կա, որ կարող են փորձեր արվել մինչև ընտրությունները խժդժություններ կամ անգամ հեղաշրջման փորձ կազմակերպելու ուղղությամբ։ Նա ասաց, որ այդ ցանցերը տարիներ շարունակ ծառայել են ոչ միայն սեփական շահերին, այլ նաև ռուսական ազդեցությանը։
Խոսելով խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներից՝ Խուրշուդյանը նշեց, որ «երաշխավորների» թեման օգտագործվում է որպես խաղաղության գործընթացը սաբոտաժի ենթարկելու գործիք։ Նրա կարծիքով՝ խաղաղության գլխավոր երաշխիքը ոչ թե պաշտոնական երաշխավորներն են, այլ այն իրավիճակը, երբ միջազգային դերակատարները սեփական շահագրգռվածությունն ունեն տարածաշրջանային կայունության մեջ։ Նա օրինակ բերեց ԱՄՆ‑ի և Ֆրանսիայի ներգրավվածությունը՝ նշելով, որ նրանց շահերը դե ֆակտո դառնում են խաղաղության պահպանման գործոն։
Վերլուծաբանը համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանը փորձում է խափանել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը։ Նրա խոսքով՝ Մոսկվան նախկինում Ադրբեջանին օգտագործել է Հայաստանի դեմ ազդեցություն պահպանելու համար, իսկ խաղաղության պայմանագիրը կարող է փակել այդ հնարավորությունը։ Այդ պատճառով, ըստ Խուրշուդյանի, այժմ փորձ է արվում Հայաստանի ներսում գործող «հինգերորդ շարասյան» միջոցով արգելակել գործընթացը։
Անդրադառնալով արտահոսած փաստաթղթերին և ռուսական ազդեցության մեխանիզմներին՝ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ բացահայտումները ցույց են տալիս՝ Ռուսաստանը համակարգված տեղեկատվական և քաղաքական գործողություններ է իրականացրել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Նա ասաց, որ այդ բացահայտումները լուրջ ազդեցություն են ունեցել հասարակական տրամադրությունների վրա, և հենց դրա պատճառով էլ, իր գնահատմամբ, իրավիճակի սրումը նաև ուշադրությունը շեղելու նպատակ ունի։Եթե ռուսամետ ուժերը հասկանան, որ ընտրություններում պարտությունը անխուսափելի է, կարող են դիմել ավելի վտանգավոր քայլերի։ Նրա խոսքով՝ պետական համակարգն ու հասարակությունը պետք է պատրաստ լինեն նման սցենարները չեզոքացնելու։
Անդրադառնալով ընտրակաշառքների թեմային՝ վերլուծաբանը նշեց, որ միայն պատժաչափերի խստացումը բավարար չէ։ Նա կրկին շեշտեց վեթինգի անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ պետք է փաստաթղթավորվեն անցած տարիների ընտրակեղծիքները և քաղաքական պատասխանատվություն սահմանվի դրանց կազմակերպիչների համար։ Խուրշուդյանի կարծիքով՝ պետք էր ոչ միայն բացահայտել ընտրակեղծիքների մեխանիզմները, այլ նաև քաղաքական գործընթացներից հեռացնել այն ուժերին, որոնք ներգրավված են եղել իշխանության զավթման մեջ։

Հովսեփ Խուրշուդյանը նաև ասաց, որ ինքը պատրաստվում է ընտրել ժողովրդավարական ընդդիմադիր ուժերից որևէ մեկին, քանի որ, իր կարծիքով, հենց այդ ուժերն են պատրաստ իրական վեթինգի և համակարգային փոփոխությունների։ Նա նշեց, որ դեռ հետևում է քարոզարշավին և վերջնական որոշում չի կայացրել, թե կոնկրետ որ ուժին է տալու իր ձայնը, սակայն հաջողություն մաղթեց եվրոպամետ քաղաքական ուժերին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
