Հայաստանը երկար տարիներ կանգնած է եղել նման խնդրի առաջ, սակայն 2018 թվականի հեղափոխությունից հետո ժողովուրդը վերադարձրեց իր որոշում կայացնելու իրավունքը, ինչի արդյունքում հնարավոր դարձավ ամբողջական պատկեր տեսնել։ Այսօր էլ կան ուժեր, որոնց հիմնական նպատակը ժողովրդի ձեռքից այդ իրավունքը հետ վերցնելն է։
Ծովինար Վարդանյան
FactorTV‑ն զրուցել է ԱԺ ՔՊ պատգամավոր, պատգամավորի թեկնածու Ծովինար Վարդանյանի հետ։ Զրույցի ընթացքում Ծովինար Վարդանյանը մեկնաբանում է «The Insider»-ի բացահայտումը, ըստ որի գործարար Սամվել Կարապետյանը կապեր ունի Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հետ։ Քննարկման առանցքում են Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված սպառնալիքները և այն ուժերի գործունեությունը, որոնք, ըստ բանախոսի, ներկայացնում են օտարերկրյա շահեր և վտանգում երկրի ժողովրդավարական ապագան։ Անդրադարձ կանաև ներքաղաքական լարվածությանը, քաղաքական խոսույթում առկա կոշտ հայտարարություններին և առաջիկա ընտրությունների նշանակությանը՝ որպես պետականության պահպանման վճռորոշ հանգրվան։ Հարցազրույցի նպատակն է հանրությանը ներկայացնել իշխող թիմի դիրքորոշումը արտաքին ազդեցության գործակալների և տնտեսական հնարավոր ճնշումների վերաբերյալ։
Ծովինար Վարդանյանը անդրադարձավ «The Insider» հրապարակմանը՝ նշելով, որ այն, իր կարծիքով, պարզապես փաստաթղթային հաստատումն էր այն բանի, ինչը վաղուց ակնհայտ էր։ Վարդանյանը նշեց, որ չի պատկերացնում՝ ում են պատրաստվում դատի տալ, եթե հրապարակվածը փաստաթուղթ է, և հավելեց, որ ինքն էլ համոզված է՝ հրապարակումը պարզապես հրապարակել է այն, ինչ մինչ այդ արդեն երևում էր։ Պատգամավորը դիտարկեց, որ այժմ հստակ երևում է՝ ովքեր են կանգնած Հայաստանի պետականության ու անկախության կողքին, և ովքեր են, իր ձևակերպմամբ, «օտար շահեր պաշտպանող» ուժեր։ Նրա խոսքով՝ կարելի է այդ մարդկանց «ագենտուրա» անվանել, սակայն էականը, ըստ նրա, այն է, որ նրանք չեն ծառայում Հայաստանի շահերին։
Ծովինար Վարդանյանը, անդրադառնալով հրապարակված փաստաթղթին, ասաց, որ եթե մարդու աշխատանքի վայրը նշված է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կառույց, ապա դա փաստ է, և ինքն անձամբ հակված է այդ փաստաթղթով բավարարվել։ Նա հավելեց, որ այդ փաստաթուղթն ամբողջանում է նաև Սամվել Կարապետյանի խոսույթով ու վարքագծով, որոնք, ըստ պատգամավորի, լրացնում են նույն պատկերը։ Վարդանյանի կարծիքով՝ Հայաստանը երկար տարիներ կանգնած է եղել նման խնդրի առաջ, սակայն 2018 թվականի հեղափոխությունից հետո ժողովուրդը վերադարձրեց իր որոշում կայացնելու իրավունքը, ինչի արդյունքում, նրա խոսքով, հնարավոր դարձավ ամբողջական պատկեր տեսնել։ Նա նշեց, որ այսօր էլ կան ուժեր, որոնց հիմնական նպատակը ժողովրդի ձեռքից այդ իրավունքը հետ վերցնելն է։
Պատգամավորը քննադատեց այն պնդումները, թե «Ինսայդերի» հրապարակումը իշխանությունների ձեռքի գործն է՝ ընդգծելով, որ խոսքը ռուսական պարբերականի մասին է։ Վարդանյանը նաև կարծիք հայտնեց, որ որոշ քաղաքական ուժեր գործընկերությունը շփոթում են «ճորտության» հետ և կարծում են, թե ռազմավարական դաշնակից ունենալը ենթադրում է ենթակայություն։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի ունեցվածքի թեմային՝ Ծովինար Վարդանյանը նշեց, որ հարց է առաջանում՝ արդյոք այդ ամբողջ ունեցվածքը հենց Կարապետյանի՞նն է։ Նա հիշեցրեց Ֆրանսիայում գտնվող վիլայի պատմությունը՝ նշելով, որ հրապարակային տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայի իշխանությունները կալանք էին դրել այդ գույքի վրա՝ այն հիմնավորմամբ, թե իրական սեփականատերը «Գազպրոմն» է։ Պատգամավորը նաև ընդգծեց, որ Կարապետյանը միայն վերջերս է սկսել շեշտել իր՝ Հայաստանի քաղաքացի լինելը։
Այլ պետությունից կախված կապիտալի կրող մարդը չի կարող գալ ու ղեկավարել Հայաստանը, քանի որ, ըստ նրա, նման կախվածությունը վտանգավոր է պետականության համար։
ՔՊ-ական պատգամավորը խիստ քննադատեց ընդդիմադիր քարոզչության մեջ շրջանառվող՝ «300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցման» թեման։ Նրա խոսքով՝ արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերը, որտեղ ադրբեջանցիները մտնում են հայկական տներ, աբսուրդային են և նպատակ ունեն քաղաքացիներին մոլորեցնել։ Նա ասաց, որ նման ուժերը ազգային անվտանգության սպառնալիք են և քաղաքացիները պետք է հունիսի 7‑ին ընտրություն կատարեն՝ անկախ պետականության և կախյալության միջև։
Ծովինար Վարդանյանը նաև պատասխանեց այն մեղադրանքներին, թե իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի «գործակալներ» են։ Նրա խոսքով՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման մասին խոսելը չի նշանակում, թե իշխանությունները ցանկանում են ադրբեջանցիներ բերել Հայաստան։ Նա ընդգծեց, որ Հայաստանը պետք է ինքնուրույն կարգավորի իր հարաբերությունները՝ առանց երրորդ կողմերի միջամտության։
Անդրադառնալով Ռուսաստանի հնարավոր տնտեսական ճնշումներին՝ պատգամավորը նշեց, որ Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի հետ որևէ խնդիր չունի և պատրաստ է շարունակել տնտեսական ու քաղաքական համագործակցությունը։ Միաժամանակ նա ընդունեց, որ եթե Ռուսաստանը որոշի ագրեսիվ տնտեսական քայլերի գնալ, Հայաստանը չի կարող երաշխավորել դրա բացակայությունը, քանի որ դա կախված չէ Երևանից։
Վարդանյանը վստահեցրեց, որ պետական կառույցները մշակում են տարբեր սցենարներ՝ թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային, և գնահատում են հնարավոր ռիսկերը։ Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը վարում է բալանսավորված քաղաքականություն ինչպես Եվրամիության, այնպես էլ ԵԱՏՄ‑ի ուղղությամբ։ Պատգամավորը հայտարարեց, որ այս ընտրությունները սովորական քաղաքական պայքար չեն, այլ պայքար են Հայաստանի անկախության համար։ Նրա համոզմամբ՝ Սամվել Կարապետյանը և նրա հետ ասոցացվող ուժերը սպառնալիք են այդ անկախությանը։ Ծովինար Վարդանյանը նաև կարծիք հայտնեց, որ ռուսական կողմի հայտարարությունները նպատակ ունեն ազդել հայ ընտրողի վրա և վախի մթնոլորտ ստեղծել՝ ներկայացնելով, թե եվրոպական ուղղության դեպքում Հայաստանը «կկործանվի»։ Նրա խոսքով՝ այդ ամենը տեղեկատվական միջամտություն է։
Ժողովրդավարությունը Հայաստանի կարևորագույն ձեռքբերումներից է, և դրա շրջանակում նույնիսկ այն ուժերը, որոնց իշխանությունները համարում են «ռուսական ազդեցության գործակալներ», իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին։ Միաժամանակ նա նշեց, որ քաղաքական պայքարի միջոցով պետք է փակել նման ուժերի ճանապարհը։
Լյուստրացիայի և անցումային արդարադատության թեմային անդրադառնալով՝ պատգամավորը նշեց, որ 2018 թվականի հեղափոխությունն արդեն իսկ, իր խոսքով, «ամենամեծ լյուստրացիան» էր, քանի որ դրանից հետո բազմաթիվ շերտեր բացահայտվեցին։
Վերջում Ծովինար Վարդանյանը խոսեց նաև Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «սատկացնել» արտահայտության մասին։ Նա ասաց, որ ընդհանրապես դատապարտում է բռնության կոչերը, սակայն միաժամանակ շեշտեց, որ չի ցանկանում խոսել կոնտեքստից կտրված արտահայտությունների մասին։ Պատգամավորը հավելեց, որ այս պահին վարչապետի ուսերին դրված է Հայաստանի անկախության և պետականության պաշտպանության պատասխանատվությունը, և իշխանությունները բախվում են, իր ձևակերպմամբ, «Հայաստանի դեմ աշխատող ուժերի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
