Բայց մի՞թե նա հարգանք չունի ժողովրդի, հանրության հանդեպ, ումից վստահության քվե է ակնկալում, որպեսզի իշխանության հասնի եւ «փոխի» նրա կյանքը։
Վահրամ Աթանեսյան
Երեւի հիսուն կամ, գուցե, վաթսուն տարի առաջ Վարդգես Պետրոսյանը հրապարակախոսության համար «ստորագրության պատվի» նշաձող է սահմանել։ Հոդվածն այդպես էլ վերնագրված է՝ «Ստորագրության պատիվը»։ Նա դնում էր գրավոր խոսքի համար պատասխանատվության խնդիր։

Ի դեպ, Ղարաբաղյան Շարժումը նաեւ այդ դարաշրջանի հրապարակախոսության ծնունդն է։ Ու, թերեւս, լավագույն օրինակը արդեն ութսունականների վերջին Մեղրիի նշանակության մասին Վազգեն Սարգսյանի հայտնի հոդվածն է։
Քսանմեկերորդ դարում տպագիր մամուլը տեղը զիջել է առցանց լրատվամիջոցներին, սոցիալական հարթակներին, որտեղ բոլորը մուտք ունեն, օգտվում են ազատ խոսքի սահմանադրական իրավունքից։ Ինչ-որ տեղ դա նաեւ «պարպվելու» հնարավորություն է, մարդկանց կարելի է հասկանալ։
Անհասկանալին, արտառոցը քաղաքական եւ քաղաքագիտական կոչվող խոսույթն է, որի հեղինակները, որպես կանոն, իրենց տեսակետների համար ոչ մի պատասխանատվություն չեն զգում։
«Ուժեղ Հայաստանը» քարոզչական տեսահոլովակ է տարածել։ Պատկերվում է հայ ընտանիք, որ նստած է թեյասեղանի շուրջ։ Ու հանկարծ բնակարան են ներխուժում ադրբեջանցիներ․․․ «Ձայնդ բարձրացրու երեք հարյուր հազար ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու դեմ»,- քաղաքացուն կոչ է անում Սամվել Կարապետյանը։
Սա քարոզչությու՞ն է, թե՞ «տեղեկատվական ահաբեկչություն»,- օրենսդրական կարգավորում չկա, իրավական առումով հնարավոր չէ որոշել քաղաքական խոսույթի եւ պետական ինքնիշխանության դեմ «խարդավանքի» սահմանը։
Ստորագրության պատիվը հարգելու Վարդգես Պետրոսյանի հորդորը որքանո՞վ է նպաստել հրապարակախոսական ժանրի «բյուրեղացմանը», դժվար է գնահատել։ Հստակ չէ, թե անձամբ ինքը որքանո՞վ է հավատարիմ մնացել այդ սկզբունքին, բայց այդ տասնամյակների հայաստանյան մամուլը հանրայնորեն պահանջված եւ հիմնականում արժանահավատ էր։
Քաղաքական գործչին դժվար, գրեթե անհնար է էթիկայի եւ բարոյականության հորդոր հղել։ Բայց մի՞թե նա հարգանք չունի ժողովրդի, հանրության հանդեպ, ումից վստահության քվե է ակնկալում, որպեսզի իշխանության հասնի եւ «փոխի» նրա կյանքը։ Ընդ որում, «Ուժեղ Հայաստանը» Սամվել Կարապետյանին արդեն «նշանակել է Հայաստանի հաջորդ վարչապետ»։

Քաղաքական ուժերի առկա հարաբերակցությամբ, սահմանադրությամբ եւ օրենքով նա չի կարող Հայաստանի հաջորդ վարչապետ լինել։ Եւ եթե «Ուժեղ Հայաստանը» հակառակն է պնդում, ուրեմն պիտի ենթադրել, որ նրա առաջարկած «փոփոխությունը» Հայաստանում սահմանադրական կարգի տապալումը եւ իշխանության յուրացումն է։ Պարզ ասած՝ Հայաստանի ինքնիշխանության «փոփոխությունը»։
Վահրամ Աթանեսյան
