Հաճելի է լսել, երբ պետությունը փորձում է վերադարձնել թալանվածը, սակայն, ըստ նրա, կառավարության հիմնական օրակարգը պետք է լինեն սահմանադրական և դատաիրավական բարեփոխումները, ոչ թե մշտական հակադրությունը քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների հետ։
Ազատ Արշակյան
1in TV‑ն զրուցել է Գերագույն Խորհրդի պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության պատգամավորի թեկնածու Ազատ Արշակյանի հետ։ Հարցազրույցում Ազատ Արշակյանը, քննադատում է վարչապետի հռետորաբանությունը՝ այն որակելով որպես ամբոխահաճություն, որը ստվերում է լուրջ քաղաքական ծրագրերը։ Միաժամանակ, անդրադարձ է կատարվում ռուսական հատուկ ծառայությունների հնարավոր միջամտությանը և ներքին գործակալական ցանցերի վտանգավոր ազդեցությանը։ Ընդհանուր առմամբ, հարցազրույցըներկայացնում է քաղաքական ուժերի միջև առկա խորը հակասությունները և ընտրական պայքարի կոշտ մեթոդները։
Ազատ Արշակյանը նշեց, որ վարչապետի հայտարարությունները դիտարկում է ոչ թե իրավական, այլ քաղաքական հարթության մեջ՝ որպես չկատարված խոստումների հաշվետվություն։ Նրա խոսքով՝ ութ տարի շարունակ խոսվել է մարտի 1‑ի գործով պատասխանատվության մասին, սակայն գործնական արդյունքներ չեն եղել։ Արշակյանը նկատեց, որ նման հարցերի մասին պետք է խոսեին իրավապահներն ու դատական համակարգը, ոչ թե վարչապետը հանրահավաքային ելույթներում։
Նա կարծում է, որ Հայաստանում արդեն իսկ տեղի են ունենում լուրջ իրավական խախտումներ, քանի որ, իր պնդմամբ, այլ երկրների քաղաքացիներ ներգրավված են քաղաքական գործընթացներում և մասնակցում են իշխանության ձևավորմանը։ Ազատ Արշակյանի գնահատմամբ՝ սա վտանգ է Հայաստանի պետականության, ժողովրդավարության և ինքնիշխանության համար։
Արշակյանը անդրադարձավ նաև իշխանությունների՝ ապօրինի գույքի վերադարձի մասին հայտարարություններին։ Նա ասաց, որ հաճելի է լսել, երբ պետությունը փորձում է վերադարձնել թալանվածը, սակայն, ըստ նրա, կառավարության հիմնական օրակարգը պետք է լինեն սահմանադրական և դատաիրավական բարեփոխումները, ոչ թե մշտական հակադրությունը քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների հետ։ Նրա խոսքով՝ վարչապետը քաղաքական մրցակցության փոխարեն իր հիմնական հակառակորդ է ընտրել հանցագործ աշխարհը, ինչն, ըստ Արշակյանի, որակազրկում է քաղաքական դաշտը։
Արշակյանը նշեց, որ իր քաղաքական ուժն ունի ծրագրեր՝ կապված ապակենտրոնացման, մարզերի զարգացման, աշխատատեղերի ստեղծման և ենթակառուցվածքների արդիականացման հետ։ Նա ընդգծեց, որ Երևանը գերբեռնված է, և անհրաժեշտ է զարգացնել Գյումրին, Գորիսը, Վանաձորը, Սիսիանը, Վարդենիսը և այլ քաղաքներ։
Ազատ Արշակյանը անդրադարձավ նաև ընտրարշավի լեզվին ու ոճին՝ այն բնութագրելով որպես ամբոխահաճության դրսևորում։ Նրա կարծիքով՝ ներկայիս քարոզարշավը չափազանց պոպուլիստական է և զուրկ քաղաքական բովանդակությունից։ Նա նշեց, որ քաղաքական ուժերը պետք է մրցեն ծրագրերով և գաղափարներով, ոչ թե փոխադարձ մեղադրանքներով։
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Արշակյանը պնդեց, որ Ռուսաստանը բացահայտ կերպով միջամտում է Հայաստանի ներքին գործընթացներին։ Նրա խոսքով՝ ռուսական կողմն արդեն իսկ հրապարակայնորեն մատնանշում է իր հետ կապ ունեցող գործիչներին, և դա, ըստ նրա, լուրջ խնդիր է Հայաստանի անվտանգության համար։ Նա նույնիսկ հայտարարեց, որ Ռուսաստանը տարիներ շարունակ վնասել է Հայաստանին և հայ ժողովրդին։
Արշակյանը նաև կարծիք հայտնեց, որ այն անձինք, որոնց նա կապում է օտարերկրյա ազդեցության կամ հակապետական գործունեության հետ, պետք է ենթարկվեն խիստ իրավական պատասխանատվության։ Նա համաձայնեց այն տեսակետին, որ նման անձանց նկատմամբ անհրաժեշտ են արագ գործողություններ, սակայն միաժամանակ հանդես եկավ ծայրահեղ կոշտ և վիրավորական ձևակերպումներով։
Նրա խոսքով՝ Հայաստանի գլխավոր խնդիրը պետական ինստիտուտների արդյունավետ աշխատանքի բացակայությունն է, և անհրաժեշտ է, որ իրավապահ մարմիններն ու դատարանները գործեն սառնասրտորեն ու ինստիտուցիոնալ մակարդակով, այլ ոչ թե քաղաքական հայտարարությունների ազդեցության ներքո։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
