Ռուսաստանի դեսպանատան որոշ կառույցներ զբաղվում են հետախուզական գործունեությամբ, ինչը համարեց անընդունելի Հայաստանի ինքնիշխանության տեսանկյունից։
Ռուբեն Մեհրաբյան
Լուրերը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Զրույցի ընթացքում ներկայացվում է կուսակցության նախընտրական տեսլականը, որտեղ Ռուբեն Մեհրաբյանը շեշտում է առողջ և պետականակենտրոն ընդդիմություն ձևավորելու հրամայականը՝ գործող քաղաքական դաշտը օտարերկրյա ազդեցություններից մաքրելու համար։ Կուսակցության արտաքին քաղաքական առաջնահերթությունը Հայաստանի լիարժեք եվրաինտեգրումն ու Արևմուտքի հետ ռազմավարական գործակցության խորացումն է, ինչը ենթադրում է աստիճանական հրաժարում ռուսական ռազմական և տնտեսական կախվածությունից։ Ընդգծվում է ինստիտուցիոնալ բարեփոխումների արագացման անհրաժեշտությունը, հատկապես դատաիրավական համակարգում և էներգետիկ անվտանգության ոլորտում, որտեղ առաջարկվում է դիվերսիֆիկացնել մատակարարման աղբյուրները։ Մեհրաբյանը կարևորում է պետություն-բիզնես վստահելի գործընկերությունը և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը՝ որպես տնտեսական առաջընթացի և սոցիալական բարեկեցության հիմնասյուն։
Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ նախընտրական քարոզարշավի ընդհանուր մթնոլորտը բավականին թունավորված է՝ պայմանավորված հիբրիդային ներգործություններով։ Նրա խոսքով՝ պետությունը դիմել է նաև եվրոպացի գործընկերներին՝ Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունները մեծացնելու համար։ Միևնույն ժամանակ, նա ասաց, որ իրենց քաղաքական ուժը գոհ է քարոզարշավից, քանի որ մարզերում և Երևանի տարբեր թաղամասերում ընտրողների հետ հանդիպումների ընթացքում տեսնում են դրական արձագանք իրենց ուղերձների նկատմամբ։
Մեհրաբյանի կարծիքով՝ Հայաստանում ժողովուրդը հեղափոխությունից հետո տեր է կանգնել իշխանությանը, իսկ այժմ անհրաժեշտ է, որ տեր կանգնի նաև ընդդիմությանը։ Նա դիտարկեց, որ ներկայիս ընդդիմությունը, իր գնահատմամբ, շարունակում է մնալ «հավաքական Պուտինի» ազդեցության ներքո։ Ըստ նրա՝ ընդդիմությունը չպետք է լինի պետականության հարցը կասկածի տակ դնող ուժ, այլ պետք է լինի իշխանությանը հակակշռող և ժողովրդի առաջ պատասխանատու քաղաքական ինստիտուտ։ Իրենց քաղաքական ուժը պայքարում է ոչ թե իշխանափոխության, այլ «ընդդիմափոխության» համար։ Նա ընդգծեց, որ ընդդիմադիր լինելը չի նշանակում պետության թշնամի լինել կամ արտաքին ուժերի հետ համագործակցել Հայաստանի դեմ։ Նրա խոսքով՝ իրենք համակարծիք են իշխանության հետ մի շարք ռազմավարական հարցերում՝ խաղաղության, հարևանների հետ փոխկապակցվածության, ԱՄՆ‑ի և Եվրամիության հետ համագործակցության, ժողովրդավարության և օրենքի գերակայության թեմաներում, սակայն ունեն լուրջ տարաձայնություններ այդ քաղաքականությունների իրականացման տեմպի, խորության և որակի վերաբերյալ։
Մեհրաբյանը քննադատեց դատական համակարգի բարեփոխումների ընթացքը՝ նշելով, որ վերջին ութ տարիների ընթացքում դա եղել է ամենաչհաջողված ուղղություններից մեկը։ Նա ասաց, որ միայն արձանագրելը բավարար չէ, անհրաժեշտ են կոնկրետ քայլեր։ Քաղաքական գործիչը նշեց, որ բարեվարքության չափանիշները պետք է խստացվեն ոչ միայն դատավորների, այլ նաև քննչական մարմինների, դատախազության և ամբողջ իրավական համակարգի համար։
Նրա խոսքով՝ իշխանությունը դանդաղ և անհետևողական է գործում, ինչի հետևանքով, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը կարողանում է առանց պատասխանատվության հարցազրույցներ տալ և քաղաքական հայտարարություններ անել։ Մեհրաբյանը գտնում է, որ գործող ընդդիմության բացակայության պայմաններում քաղաքական դիսկուրսը վերածվել է ցածրորակ բանավեճերի, ինչը խանգարում է պետության զարգացմանը։
Արտաքին քաղաքականության հարցում Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ իրենց ուժը կողմ է Եվրամիության հետ ինտեգրմանը և այն գործընթացներին, որոնք սկսվել են «Եվրաքվեի» նախաձեռնությունից հետո։ Նրա խոսքով՝ օրենքի ընդունումը նոր հնարավորություններ է բացել Հայաստանի համար՝ վիզաների ազատականացումից մինչև անվտանգության ոլորտում համագործակցություն։ Սակայն նա ընդգծեց, որ դա բավարար չէ, և անհրաժեշտ է հստակ ժամանակացույց ու հաջորդ քայլերի ծրագիր։
Հայաստանը պետք է աստիճանաբար դուրս գա ԵԱՏՄ-ից և նվազեցնի կախվածությունը ռուսական շուկայից։ Նա դա անվանեց դեգրադացվող շուկա և նշեց, որ անհրաժեշտ է իրական դիվերսիֆիկացիա։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է կարողանա անցնցում կերպով նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից, նույնիսկ եթե Մոսկվան փորձի խոչընդոտել այդ գործընթացը։

Քաղաքական գործիչը առաջարկեց Հայաստանում ռուսական ռազմական, ուժային և հետախուզական ներկայության լիկվիդացում՝ ներառյալ ռազմաբազայի և սահմանապահների դուրսբերումը։ Նա պնդեց, որ Ռուսաստանի դեսպանատան որոշ կառույցներ զբաղվում են հետախուզական գործունեությամբ, ինչը համարեց անընդունելի Հայաստանի ինքնիշխանության տեսանկյունից։ Գազի և էներգետիկ անվտանգության թեմայով Մեհրաբյանը նշեց, որ Հայաստանը պետք է նվազեցնի գազի սպառումը, զարգացնի էլեկտրաէներգիայի օգտագործումը և դիվերսիֆիկացնի գազամատակարարումը՝ ներգրավելով Ղազախստանը, Թուրքմենստանը, Իրանը և նույնիսկ Ադրբեջանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը չպետք է կախված լինի մեկ մատակարարից։
Ատոմային էներգետիկայի հարցում նա քննադատեց «Ռոսատոմին»՝ այն անվանելով հատուկ ծառայությունների հետ կապված կառույց։ Մեհրաբյանը նշեց, որ ամերիկյան Westinghouse‑ը կարող է ապահովել ռուսական նախագծով կառուցված ատոմակայանների սպասարկումն ու վառելիքը։ Նա նաև ասաց, որ Հայաստանը պետք է ԱՄՆ‑ի հետ համագործակցությամբ կառուցի նոր ատոմակայան։ Ռուբեն Մեհրաբյանը խոսեց նաև ցորենի մատակարարման մասին՝ նշելով, որ Հայաստանը կարող է ներկրումներ իրականացնել Ուկրաինայից և Ղազախստանից և չլինել կախված միայն Ռուսաստանից։ Նրա խոսքով՝ կախվածությունները հաճախ ստեղծվում են հենց սխալ քաղաքականության հետևանքով։
Արտաքին քաղաքական վեկտորի մասին խոսելիս Մեհրաբյանը նշեց, որ դիվերսիֆիկացիան ինքնանպատակ չէ։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը պետք է պատրաստվի ինտեգրվել ազատ եվրոպական ժողովուրդների ընտանիքին, ինչը բնականաբար տեղի կունենա Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին։
Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների թեմայով նա ասաց, որ իրենց ուժը կողմ է խաղաղության պայմանագրի հնարավորինս արագ ստորագրմանը։ Մեհրաբյանի համոզմամբ՝ տարածաշրջանային փոխկապակցվածությունը խաղաղության անշրջելիության լավագույն երաշխիքն է։ Միևնույն ժամանակ, նա նշեց, որ ռուսական ներկայությունը խոչընդոտում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և Հայաստանի բնական հարաբերություններին հարևանների հետ։
կոնֆլիկտի ավարտից հետո տարածաշրջանում սկսվելու է մրցակցության փուլ, և Հայաստանը պետք է համագործակցի Եվրամիության և ԱՄՆ‑ի հետ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանելու համար։ Որպես օրինակ նա բերեց Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները։
Նա նաև անդրադարձավ այն քննադատությանը, թե իրենց քաղաքական ուժի գաղափարները հաճախ համընկնում են իշխանության մոտեցումների հետ։ Մեհրաբյանը պատասխանեց, որ ժողովրդավարական երկրներում իշխանությունն ու ընդդիմությունը ռազմավարական հարցերում հաճախ ունեն ընդհանուր պատկերացումներ, իսկ տարաձայնությունները վերաբերում են իրականացման մեթոդներին ու քաղաքական որակին։ Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում բացակայում է առողջ քաղաքական բանավեճի մշակույթը։
Քաղաքական գործիչը նաև նշեց, որ Հայաստանում թույլ է տրվել ձևավորվել ռուսական հիբրիդային ազդեցության ենթակառուցվածքներ, որոնք թունավորում են հանրային մթնոլորտը։ Նա համոզմունք հայտնեց, որ նման երևույթները պետք է արմատախիլ արվեն այնպես, ինչպես արվում է Եվրամիության երկրներում։
Տնտեսական և սոցիալական քաղաքականության մասին խոսելիս Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ բիզնեսի և պետության միջև անհրաժեշտ է ձևավորել գործընկերային հարաբերություններ։ Նրա խոսքով՝ մինչ այժմ պահպանվում է փոխադարձ անվստահություն, ինչը խոչընդոտում է զարգացմանը։ Մարզերում անհրաժեշտ է ստեղծել մթերման, սպառման և վերամշակման կենտրոններ, որտեղ պետությունն ու բիզնեսը կհամագործակցեն։ Ըստ Մեհրաբյանի՝ ծրագրերը կարող են ֆինանսավորվել պետական միջոցներով, մասնավոր ներդրումներով և միջազգային գործընկերների աջակցությամբ։
Մեհրաբյանը նաև անդրադարձավ ջրային ռեսուրսների կառավարման խնդիրներին՝ նշելով, որ Հայաստանը, լինելով ջրառատ երկիր, այսօր բախվում է ջրի դեֆիցիտի։ Նրա խոսքով՝ ենթակառուցվածքները հնացած են, և անհրաժեշտ է ներմուծել եվրոպական փորձ ու արդիական համակարգեր։
Վերջում նա ընդգծեց, որ պետությունն ու բիզնեսը չպետք է միմյանց դիտարկեն որպես հակառակորդներ։ Մեհրաբյանի խոսքով՝ անհրաժեշտ է փոխադարձ վստահության մթնոլորտ, քանի որ և՛ պետությունը, և՛ բիզնեսը ծառայում են նույն քաղաքացիներին։
Հարցազրույց ամբողջությամբ՝
