ՔՊ‑ի գնահատման չափանիշ պետք է լինի ոչ թե պատերազմին նրա անդամների մասնակցությունը, այլ՝ թե ինչպե՞ս է քպ-ական իշխանությունը կառավարել պատերազմը։
Վահրամ Աթանեսյան
Մեր Խոսքը՝
Պատերազմը պետության գոյության ամենակենտրոնացված, ամենակարգապահ և ամենապատասխանատու ոլորտն է։ Այն չի կարող վերածվել կուսակցական ինքնագովազդի, ջոկատային ռոմանտիզմի կամ «ֆետայական» հոգեբանական բարդույթների բեմահարթակի։ Սակայն ՀՅԴ‑ն տարիներ շարունակ բանակին ու պատերազմին նայել է ոչ թե պետականության, այլ ռազմահայրենասիրական կեղծիքների, կուսակցամոլական պատկերացումների և հերոսապատումային ինքնաներկայացման տրամաբանությամբ։ Այդ մոտեցման մեջ առաջնայինը ոչ թե համակարգված պետական պաշտպանությունն է, այլ կուսակցության «մասնակցության» ցուցադրումը։ Թիվը։ Հպարտանալու ու հետո այդ զոհերը քաղաքական առևտրում շատ թանկ գնով դիմացինին վաճառելու, նրան ամաչեցնելու ձգտումը։ Եվ որքան շատ են զոհերը, այնքան ավելի կարևոր ու թանկ դիրքավորում է ստացվում։ ՈՒ գալիս է մի պահ, որ հայրենասիրությունը արդեն հավասարվում է խելագարությանը։
Ամենացավալին այն է, որ այդ տրամաբանության մեջ հաճախ շահարկվել են շարքային, անկեղծ, հայրենասեր, բայց մարտական փորձ չունեցող երիտասարդների զգացմունքները։ Նրանց ուղարկել են առաջնագիծ՝ ստեղծելով այն տպավորությունը, թե իրենք «առաջիններից» են, թե «ընկերները զոհվեցին հանուն հայրենիքի», մինչդեռ այդ զոհողությունները հաճախ դարձել են ոչ թե ռազմական արդյունավետության, այլ քաղաքական պատմությունների նյութ։
Խնդիրը միայն դա չէ։ Նման գործողությունները հաճախ իրականացվել են ինքնագլուխ՝ առանց բանակի միասնական հրամանատարության հետ լիարժեք համակարգման, առանց հասկանալու, թե այդ մարդկային ռեսուրսը որտեղ և ինչպես կարող էր օգտագործվել առավել արդյունավետ։ Իսկ պատերազմում անկազմակերպ «օգնությունը» երբեմն ոչ թե ուժ է, այլ լրացուցիչ քաոս։
Այս ամենի հիմքում կա մեկ խորքային խնդիր՝ պետական մտածողության բացակայությունը։ Երբ կուսակցությունը պատերազմը դիտում է որպես ապագա քաղաքական դիվիդենտների աղբյուր, երբ զոհողությունը վերածվում է քարոզչական կապիտալի, պետությունն անխուսափելիորեն թուլանում է։ Պատերազմը կուսակցության հեղինակությունը բարձրացնելու միջոց չէ։ Պատերազմը պետության գոյության հարց է։ Եվ հենց այստեղ է, որ կուսակցական պատերազմները գրեթե միշտ ավարտվում են ազգային ողբերգությամբ։
Մեր Ուղին
Ներկայացնում ենք Վահրամ Աթանեսյանի անդրադարձն այդ թեմային՝
Իշխան Սաղաթելյանը պաշտպանության նախարարին հարց է ուղղել, թե քանի՞ ՔՊ-ական է մասնակցել պատերազմին։ Ինքը, օրինակ, կարող է ասել, թե քանի դաշնակցական է մասնակցել, նրանցից քանիսն են զոհվել։

Սա պատերազմի մասին նախանցյալ դարի պատկերացում է։ ՔՊ‑ի գնահատման չափանիշ պետք է լինի ոչ թե պատերազմին նրա անդամների մասնակցությունը, այլ՝ թե ինչպե՞ս է քպ-ական իշխանությունը կառավարել պատերազմը։ Այս իմաստով դաշնկացության եւ մյուս ուժերի, կամավորական ջոկատների եւ առանձին անձանց “պատերազմին մասնակցությունը” քպ-ական կառավարության լրջագույն բացթողումն էր, սխալը։ Պատերազմը բանակի եւ հաշվառված պահեստազորի գործն է։ Իսկ կուսակցական պատերազմը, ինչպես Հայաստանի հեռավոր եւ մոտ պատմությունն է վկայում, միշտ ունենում է ողբերգական ավարտ։ Պետք է գոհանալ, որ քառասունչորսօրյան քաղաքացիականի չի փոխակերպվել։ Թեեւ այդ սպառնալիքը, ցավոք, լիովին հաղթահարված չէ։
Վահրամ Աթանեսյան
