Առաջին տեղում ազգային անվտանգությունն ու սահմանների հարցն է, երկրորդում՝ տնտեսական խնդիրները, իսկ հետո՝ խաղաղության բացակայությունը, աշխատավարձերը, աղքատությունը և կառավարման համակարգի արդյունավետությունը։ Տնտեսությունն ու անվտանգությունը մնում են հասարակության հիմնական մտահոգությունները։
Գիորգի Թումասյան
Իր յութուբյան տեսանյութում Գիորգի Թումասյանը վերլուծում է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջին սոցիոլոգիական հարցումները, որոնք արտացոլում են Հայաստանի հանրային տրամադրությունները նախընտրական շրջանում: Թումասյանը առանձնացնում է այն փաստը, որ քաղաքացիների մեծամասնությունը դրական է գնահատում երկրի զարգացման ուղղությունը, սակայն միաժամանակ մտահոգիչ է համարում երիտասարդության պասիվությունն ու անտարբերությունը քաղաքական գործընթացների հանդեպ։ Տվյալների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պահպանում են զգալի առավելություն, մինչդեռ ընդդիմադիր դաշտում բացակայում է հզոր այլընտրանքը, ինչը կարող է հանգեցնել խորհրդարանում ուժերի նախկին հարաբերակցության կրկնությանը։
Գիորգի Թումասյանը ներկայացրեց միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հանրային կարծիքի ուսումնասիրության տվյալները՝ նշելով, որ մինչև ընտրությունները այլ հարցում այլևս չի լինելու։ Նրա խոսքով՝ թվերը բավականին իրական են և մյուս հարցումների համեմատ ավելի չեզոք բնույթ ունեն։ Թումասյանը շեշտեց, որ փետրվարի համեմատ մայիսին զգալիորեն աճել է այն մարդկանց թիվը, որոնք կարծում են, թե Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում․ եթե փետրվարին այդպեսէր կարծում 47 տոկոսը, ապա մայիսին՝ արդեն 61 տոկոսը։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, սխալ ուղղությամբ շարժվելու մասին կարծիքը 49 տոկոսից նվազել է մինչև 28 տոկոս։

Նա նշեց, որ տարիքային խմբերի մեջ հատկապես բարձր է աջակցության մակարդակը ավագ սերնդի շրջանում։ Գիորգի Թումասյանի դիտարկմամբ՝ երիտասարդներն ավելի քիչ են ներգրավված քաղաքականության մեջ և հաճախ կարծում են, թե քաղաքականությունն իրենց հետ կապ չունի, ինչը, նրա գնահատմամբ, լուրջ խնդիր է։ Թումասյանը նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ իր ալիքը հիմնականում դիտում են ավելի բարձր տարիքի մարդիկ, ոչ թե երիտասարդները։
Քաղաքային և գյուղական բնակչության տարբերությունների մասին խոսելով՝ նա ասաց, որ Երևանում 54 տոկոսն է կարծում, թե երկիրը ճիշտ ուղղությամբ է շարժվում, այլ քաղաքներում՝ 62 տոկոսը, իսկ գյուղերում՝ 68 տոկոսը։ Նրա կարծիքով՝ դա պայմանավորված է նրանով, որ սահմանային անվտանգությունն ու ենթակառուցվածքային զարգացումները հատկապես կարևոր են գյուղաբնակների համար։
Գիորգի Թումասյանը ներկայացրեց նաև հանրության կողմից նշվող հիմնական խնդիրները։ Նրա խոսքով՝ առաջին տեղում ազգային անվտանգությունն ու սահմանների հարցն է, երկրորդում՝ տնտեսական խնդիրները, իսկ հետո՝ խաղաղության բացակայությունը, աշխատավարձերը, աղքատությունը և կառավարման համակարգի արդյունավետությունը։ Նա ընդգծեց, որ տնտեսությունն ու անվտանգությունը մնում են հասարակության հիմնական մտահոգությունները։
Անդրադառնալով քաղաքական գործիչների հանդեպ վստահությանը՝ Թումասյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին առաջին կամ երկրորդ տեղում վստահում է ընդհանուր 29 տոկոսը, Սամվել Կարապետյանին՝ 8 տոկոսը, իսկ Ռոբերտ Քոչարյանին՝ 4 տոկոսը։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, 40 տոկոսը հայտարարել է, որ ոչ մեկին չի վստահում։ Գիորգի Թումասյանը սա ցավալի երևույթ համարեց և ասաց, որ հատկապես երիտասարդների շրջանում է տարածված որևէ քաղաքական ուժի չաջակցելու մոտեցումը։

Նա դիտարկեց, որ երիտասարդների շրջանում Նիկոլ Փաշինյանի աջակցությունը զգալիորեն ցածր է, մինչդեռ տարեց բնակչության շրջանում շատ բարձր է։ Թումասյանի խոսքով՝ դա ցույց է տալիս, որ իշխանության հիմնական հենարանը ավագ սերունդն է։ Միաժամանակ նա քննադատեց երիտասարդների անտարբերությունը քաղաքականության նկատմամբ՝ ընդգծելով, որ քաղաքականությունը անմիջականորեն ազդում է մարդկանց կյանքի վրա։
Խոսելով պետական կառույցների աշխատանքի գնահատականների մասին՝ Գիորգի Թումասյանը նշեց, որ ամենաբարձր դրական գնահատականները ստացել են զինված ուժերը, մարզպետարանները և ոստիկանությունը։ Նա ընդգծեց, որ պատերազմի ավարտից հետո զինված ուժերի նկատմամբ վստահությունը կրկին աճել է։ Ոստիկանության աշխատանքի վերաբերյալ էլ, ըստ նրա, նկատվում է դրական փոփոխություն։ Երևանի քաղաքապետարանի գործունեության մասին խոսելիս Թումասյանն ասաց, որ ինքն էլ չի տեսնում բավարար արդյունավետություն և հասկանում է, թե ինչու են քաղաքացիները ցածր գնահատում այդ կառույցի աշխատանքը։
Եկեղեցու վերաբերյալ հարցման արդյունքները մեկնաբանելիս նա նկատեց, որ երիտասարդներն ավելի դրական են գնահատում եկեղեցին, քանի որ այն ընկալում են որպես կրոնական կառույց, մինչդեռ ավագ սերունդն ավելի քաղաքականացված գնահատական է տալիս՝ հաշվի առնելով կաթողիկոսի և եկեղեցական համակարգի գործունեությունը։
Իշխանության հիմնական ձեռքբերումների շարքում Գիորգի Թումասյանը առանձնացրեց առողջապահական ապահովագրությունը, խաղաղությունն ու անվտանգությունը, թոշակների բարձրացումը, կրթական բարեփոխումները և ճանապարհաշինությունը։ Միևնույն ժամանակ, նա համաձայնեց այն կարծիքների հետ, որ իշխանության հիմնական խնդիրներից մեկը կադրային քաղաքականությունն է։ Ընտրությունների վերաբերյալ հարցումների մասին խոսելիս Թումասյանը նշեց, որ քվեարկելու պատրաստակամությունը հասել է 79 տոկոսի։ Նրա խոսքով՝ կանայք ավելի ակտիվ են ընտրական գործընթացներում, քան տղամարդիկ։ Ըստ ներկայացված տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ստանում է 32 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 6 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 3 տոկոս, իսկ մյուս ուժերը դժվարությամբ կարող են հաղթահարել անցողիկ շեմը։
Գիորգի Թումասյանը կարծիք հայտնեց, որ այս պահին խորհրդարան անցնելու հիմնական հավակնորդները երեք ուժերն են՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը։ Նա նաև նշեց, որ Գուրգեն Սիմոնյանի քաղաքական ուժի շեմը հաղթահարելը դեռևս հստակ չէ։

Արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցման տվյալները ներկայացնելիս Թումասյանը նշեց, որ հանրության զգալի մասը Հայաստանին ամենամոտ դաշնակից է համարում Ֆրանսիային, ապա Ռուսաստանին և Եվրոպական միությանը։ Նրա խոսքով՝ իրեն զարմացնում է, որ Ռուսաստանը դեռևս պահպանում է համեմատաբար բարձր աջակցություն։ Միաժամանակ նա նշեց, որ գլխավոր վտանգը քաղաքացիների մեծ մասը շարունակում է համարել Ադրբեջանին, թեև այդ ցուցանիշը նախորդ շրջանի համեմատ նվազել է։
Տեղեկատվության աղբյուրների մասին խոսելիս Գիորգի Թումասյանը նշեց, որ հարցվածների մեծ մասը տեղեկություն ստանում է Facebook-ից, երկրորդ տեղում YouTube‑ն է, իսկ հեռուստատեսություններից առաջատարն է Հանրային հեռուստաընկերությունը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
