Սի Ծինփինը հարցի լուծումը կրկին հետաձգել է։ Պատճառն, ամենայն հավանականությամբ, քաղաքական է։ Չինաստանը, հավանաբար, զգուշանում է, որ կարող է Ռուսաստանից եւ Մոնղոլիայից կախվածություն մեջ հայտնվել՝ հաշվի առնելով Եվրամիության դառը փորձը։
Վահրամ Աթանեսյան
Ռուսաստանի եւ Չինաստանի նախագահների պեկինյան բանակցությունների արդյունքներով ստորագրված համատեղ հայտարարության տեքստում փորձագետները կարեւորում են «Ռուսաստանը պատրաստ է այսուհետ եւս ապահովել Չինաստանի կայուն եւ անխափան էներգամատակարարումը» ձեւակերպումը եւ այն մեկնաբանում այնպես, որ «Պուտինը պատրաստ է Ռուսաստանը դարձնել Չինաստանի էներգետիկ կցորդ, բայց Սի Ծինփինը չի շտապում»։
Նման եզրակացության համար հիմք է ընդունվում իրողությունը, որ այցի ընթացքում թեեւ Պուտինին ուղեկցում էին պրոֆիլային փոխվարչապետ Նովակը եւ «Գազպրոմի» գլխավոր տնօրեն Միլլերը, «Սիբիրի ուժ 2» գազամուղի շուրջ վերջնական համաձայնություն այդպես էլ ձեռք չի բերվել։

Խոսքը 2600 կլիոմետր երկարությամբ խողովակաշարի մասին է, որ Արեւելյան Սիբիրից Մոնղոլիայի տարածքով պետք է հասնի Չինաստան։ Գազամուղի տարեկան թողունակությունը ծրագրվում է 50 միլիարդ խորանարդ մետրի սահմաններում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը լրագրողներին ասել է, որ գազատարի երթուղու հարցում «համաձայնություն կա», իսկ մյուս հարցերը «կոմերցիոն գաղտնիք» է անվանել։
Ուշագրավ է, որ այդ նախագծի շուրջ կողմերը քննարկումներ են անցկացնում արդեն քսան տարի, բայց այն շարունակում է մնալ «իրականանալի ցանկության» մակարդակում։ Ակնհայտ է, որ լուրջ ցանկության դեպքում Չինաստանը կարող է իր վրա վերցնել խողովակաշարի անցկացման բոլոր ծախսերը եւ փոխարենը ստանալ անվճար գազ։
Բայց, ինչպես հասկացվում է Պուտինի մամուլի քարտուղարի մեկնաբանությունից, Սի Ծինփինը հարցի լուծումը կրկին հետաձգել է։ Պատճառն, ամենայն հավանականությամբ, քաղաքական է։ Չինաստանը, հավանաբար, զգուշանում է, որ կարող է Ռուսաստանից եւ Մոնղոլիայից կախվածություն մեջ հայտնվել՝ հաշվի առնելով Եվրամիության դառը փորձը։

Իսկ Ռուսաստանը, պարզվում է, Չինաստանին առաջարկելու այլ բան, քան հումքային ռեսուրսներն են, չունի։ Այս համատեքստում ռուսաստանյան պաշտոնական լրատվամիջոցների քարոզչությունը, որ «Ռուսաստանը եւ Չինաստանը ուս-ուսի փոխում են միաբեւեռ աշխարհը», միայն ներքին սպառման համար է։ Չինաստանը, գուցե, իրոք «հեգեմոնիայի դեմ է», բայց, ինչպես հասկացվում է, Ռուսաստանին «երրորդը դարձնելու» մտադրություն չունի։
Վահրամ Աթանեսյան
